Կամավորականներին դուր չի եկել վերադառնալու հրահանգը

Կամավորականներին դուր չի եկել վերադառնալու հրահանգը

Արցախում գտնվող կամավորական ջոկատներն արդեն վերադառնում են դիրքերից, չնայած նրանց մեջ դժգոհողներ կան հետվերադարձի հետ կապված, սակայն հրամանը մնում է հրաման: Hraparak.am-ը զրուցեց մի քանի ազատամարտիկների հետ, նրանց մի մասն արդեն ճանապարհին էր, մի մասն էլ զայրութից չցանկացան խոսել այդ թեմայով: Չէ՞ որ նրանցից շատերը կարծում էին, որ հետ կշպրտեն թշնամու գրանցած առաջխաղացումը:



«Ոչ, ճիշտ չեմ համարում այդ որոշումը, որովհետև թշնամուն հավատալ չի կարելի, բանակություններին էլ հավատալ չի կարելի: Էլի բանակցություններ կար, բա ինչո՞ւ հարձակվեցին»- նշում է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն ու իր խոսքերը պատկերավոր բացատրելու համար օրինակ է բերում շակալներին, որոնք մութն ընկնելուն պես հարձակվում են. «Իրանք այդ են, իրենց ո՞նց կարելի է վստահել, վստահել էինք, որ մեր երեխեքի արյունը թափվեց այնտեղ: Ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ, որովհետև այդ երեխաների հետ այնպես միս ու արյուն ենք դարձել, որ ոչ մեկ էլ չի ուզում վերադառնալ այնտեղից»:



Տեղեկացնենք, որ ապրիլյան 4-օրյա թեժ մարտերի ժամանակ Արցախ էին մեկնել մոտ 4 հազար 400 կամավորականներ: Առաջին հերթափոխին մեկնել է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի է ունենում զենքի հանձնում-ընդունում:



ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը նույնպես Արցախ էր մեկնել, hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 10 օր առաջ է վերադարձել և թեպետ ադրբեջանցիներին չի հավատում, այնուամենայնիվ վտանգավոր էլ չի համարում կամավորական ջոկատների հետվերադարձը. «Ճիշտը որ ասեմ, եթե կանչում են, ուրեմն դա համարում եմ շատ կարևոր, բոլորն էլ պետք է հանգստանան: Բանակցությունները երբեք պիկին չեն հասնում, բանակցությունները դրանք ժամանակավոր երևույթ են, որովհետև մենք երբեք թուրքին չենք հավատացել և չենք էլ հավատալու և միշտ պատրաստ են: Տղաները եթե հետ են գալիս, ընդամենն ուզում եմ, որ պատրաստ լինեն ամեն դեպքում: Վտանգավոր չէ, որովհետև մեր երիտասարդները, հայ զինվորներն պատրաստակամ են»:



Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերադարձից հետո հրահանգ է եղել, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Hraparak.am-ն այսօր գրել էր, որ մեր աղբյուրների փոխանցմամբ` ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին է, որովհետեւ Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն էր առաջանում ԵԿՄ-ական եւ ղարաբաղյան ջոկատների միջեւ: