Եթե Մանվել Գրիգորյանը նման բան է արել, ուրեմն տականք է. Արամ Թորգոմյան

Եթե Մանվել Գրիգորյանը նման բան է արել, ուրեմն տականք է. Արամ Թորգոմյան

Վահան Բադասյանի հայտնի հայտարարության շուրջ քննարկումներն ու վիճաբանությունները չեն դադարում: Հիշեցնենք՝ նա հայտարարել է, թե մայիսի 9-ին Հադրութում ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ճամփեզրին կանգնած զինվորներին, իսկ նրա թիկնապահներն էլ մեքենայից իջել են, սպառնացել, թե կպայթեցնեն՝ ինչու են գեներալի ճանապարհին կանգնել: ԵԿՄ-ականներն ու գեներալի համախոհները հերքեցին այս լուրերը, իսկ մի շարք ազատամարտիկներ հավատացին Վահան Բադասյանի խոսքերին` համարելով այն բացարձակ ճշմարտություն։



Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական ՀԿ-ի նախագահ Արամ Թորգոմյանը (Արամո) hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական դաշտն իրենը չէ, իրենը կռվի դաշտն է, բայց, այնուամենայնիվ, նա կարծում է, որ Մանվել Գրիգորյանը նման բան արած չի լինի. «Եթե հաստատվի, որ արել է տենց բան, ուրեմն նա տականք է, եթե ապացուցում ա, որ չի արել, ուրեմն այդ ժամանակ Բադասյանը պետք է ներողություն խնդրի»:



Իսկ կամավորների սահմանագծից ետ կանչվելու վերաբերյալ նա ասաց, որ պատերազմական իրավիճակը մարել է, բայց հավատալ ադրբեջանցուն, որ նա այլևս չի անելու հակահարձակում, սա կնշանակի, որ մենք պատմության էջերից դաս չենք քաղել, երբեք թուրքին հավատալ պետք չէ, նրան պիտի աչքիդ առաջ պահես, իսկ սուրդ` ձեռքումդ:
«Այդ պուճուր տարածքը, որ նրանց ձեռքում ա, դա չի նշանակում, որ մենք կորուստ տվեցինք: Ավելի լավ ա, մի փոքր տարածք կորցնես, բայց մի հսկայական տարածք պահես ու խաղաղ ապրես, քան թե մի փոքր տարածքի համար շատ զոհեր տաս, և անհայտ ա` կազատագրենք թե չենք ազատագրի: Ադրբեջանցուն թվում էր, որ եկավ, մի օրվա մեջ տարածքներ ա ազատագրելու, բայց եկավ ու հանդիպեց հայի բազկին: Իսկը կամավորներին ետ կանչելու ժամանակն էր: Այս ընթացքում 10-12 հազար մարդ էր գնացել, ի՞նչ իմաստ ուներ, եթե ոտնձգություն կլինի, արդեն պետական մեխանիզմում ձևավորված է, որ կան ուժերը, հաշվառման մեջ են, այդ ժամանակ կրկին կգնան»: