ԱԳՆ շենքը կդառնա հյուրանոց

ԱԳՆ շենքը կդառնա հյուրանոց

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեցինք ԱԳՆ հին շենքի ճակատագրով, որը, հիշեցնենք, վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Շենքի համար վճարվել է 52 մլն. դոլար: Դրա փոխարեն քիչ ներքեւում՝ Շահումյան հրապարակի հարեւանությամբ կառավարական մասնաշենքերի նոր համալիր է ստեղծվել, որտեղ էլ տեղափոխվել է արտգործնախարարությունը: Արման Սահակյանն ասաց, որ պայմանագրով նախատեսված է, որ ԱԳՆ նախկին շենքը պետք է դառնա հինգաստղանի հյուրանոց: «Բայց եթե կլինեն այլ ծրագրեր պարոն Էռնեկյանի մոտ, ենթադրենք՝ մշակութային ինչ-որ օջախ ստեղծելու հետ կապված, ապա մենք, բնականաբար, կքննարկենք»: Ժամկետներ, սակայն, նշված չեն պայմանագրով, թե երբ պետք է այդ շենքը շահագործվի, ըստ պայմանագրով նախատեսված նշանակության:



Շենքի արտաքին տեսքի փոփոխություն, սակայն, չի թույլատրվում, քանզի այն պատմամշակութային շենք է՝ 14 հազար քմ ընդհանուր մակերեսով: Սահակյանի խոսքով՝ շենքի վաճառքից ստացված 52 մլն. դոլարով իրենք կառուցել են «ավելի քան 30 հազար քմ մակերեսով հրաշք շենք», ինչը նա համարում է կառավարության ամենահաջողված գործարքներից մեկը: Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ այդ 52 մլն. դոլարը փոխանցվում է փուլ առ փուլ, եւ դեռ 11 մլն. դոլարի չափով մնացել է, որը շուտով կփոխանցեն: «Այդ գումարներն ամբողջությամբ ուղղվել են նոր ԱԳՆ-ի եւ մյուս մասնաշենքերի շենքի կառուցմանը, մենք կարողացել ենք այդ գումարներից օգտագործել նաեւ նոր Հատուկ քննչական կոմիտեի շենքը կառուցելու վրա, եւ դեռ մի բան էլ մնացել է»,-ասաց Պետգույքի կառավարման վարչության պետը: Հիշեցնենք, որ ժամանակին ԱԳՆ շենքը հյուրանոց դարձնելու դեմ բողոքի ակցիաներ եղան, եւ լուրեր տարածվեցին, որ Էռնեկյանը խոստացել է վերանայել հյուրանոց կառուցելու ծրագիրը։ Փաստորեն, դրանք խոստումներ էլ մնացին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ