Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Արմավիրի մարզում հատկապես այս ամսին մարդիկ վախվորած են։ Մեծ է հավանականությունը կարկտային տեղումների, ինչի հետևանքով վնասվում է գյուղացու ողջ տարվա եկամուտն ու ոմանց համար ապրուստի միակ միջոցը։ Այս տարվա մայիս ամիսը իր «չար գործը» արեց օրեր առաջ, մասնավորապես մի շարք գյուղերում։ Մայիսի 18-ին կարկուտ է տեղացել Սարդարապատ, Նալբանդյան, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Ջանֆիդա և այլ համայնքներում։ 



Hraparak.am-ի հետ զրույցում Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանն ասաց, որ իրենց գյուղը լուրջ վնասներ չի կրել, հիմնականում խաղողի բերքն է վնասվել, մոտ 30-40 տոկոս, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում վնասն այդքան մեծ չէ, ինչպես գյուղապետն է նշում՝ դրանք վերականգնվող են։ «Ուժեղ կարկուտ ա եկել, բան չի մնացել, հիմնականում խաղողի բերքն ա ավիրել։ Գյուղացիները գնացել են մյուս գյուղերից սածիլ բերեն, որ վերականգնեն»,- ասաց Բերքաշատ գյուղի գյուղապետ Հարություն Չվչյանը։ Գյուղապետը նաև նշեց, որ փոխնախարարը, մարզպետի տեղակալը այցելել են իրենց գյուղ, ամբողջ տարածքը նայել են, ուսումնասիրություններ կատարել, որից հետո պետք է հանձնաժողով գա և վերջնական կորուստների մասին հաշվարկը ներկայացնի։



Զգալի կորուստներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքը։ Այստեղ վնասվել է 500 հեկտար հողատարածք, որոնց թվում եղել է ինչպես բանջարաբոստանային կուլտուրաներ, պտղատու ծառեր, այնպես էլ խաղողի տարածքներ, ջերմոցներ։
Hraparak.am-ի հետ զրույցում գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ իրենց գյուղ են այցելել ԱԻՆ-ից, գյուղատնտեսության նախարությունից, կատարվել է նախնական հաշվարկ, իսկ  կորուստների թվերի մասին ավելի ուշ կհայտնեն։ Մենք հետաքրքրվեցինք, թե պրակտիկան ի՞նչ է ցույց տվել՝ նման դեպքերում կառավարության կամ մեկ այլ պատկան մարմնի կողմից աջակցություն, փոխհատուցում լինում է, գյուղապետը նշեց, որ տարիների ընթացքում ունեցել են նմանատիպ դեպքեր, այդ ժամանակ կառավարության որոշմամբ` գյուղացին ազատվել է հողի և ջրի գումարները վճարելու պարտավորությունից։
Արմավիրի մարզի մի քանի համայնքների ղեկավարները նշեցին, որ կարկուտը տևել է մի քանի րոպե, բայց այդ ընթացքում հասցրել է լուրջ վնասներ։