Վահրամ Բաղդասարյանին դուր եկավ սոխով տոլման. Կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանին դուր եկավ սոխով տոլման. Կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 21-ին, Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում անցկացվեց «Ուդուլի» տոլմայի ամենամյա փառատոնը։ Հիմնականում այստեղ իրենց պատրաստած տոլմայի տարատեսակներն էին ներկայացրել Արմավիրի մարզի համայնքները։ Տարածքում գործում էին 30 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում էր 5-6 տեսակի տոլմա։ Հիմնական գներն էլ 100-250 դրամի սահմաններում էին տատանվում։



«Պտղունք» համայնքի թիմը ներկայացնում էր մրգային, բողչային, ավանդական տոլմա, ինչպես նաև սերկևելիլով և բանջարեղենային տոլմա։ Այստեղ տարբերվողը մրգային տոլման էր՝ հատուկ պարսկական «բարբարիս» կոչվող համեմունքով պատրաստված։ Ինչպես տիկնայք են նշում՝ այս ամենը պատրաստել սկսել են երեկ առավոտից և ավարտել կեսգիշերին։ Գինն էլ բավական մատչելի էր՝ բոլոր տեսակներից յուրաքանչյուրն արժեր 100 դրամ։«Տոլմայի տոնը 6-րդ անգամ ենք նշում, և գնալով ոչ միայն տաղավարների, այլև հետաքրքրվողների թիվն է ավելանում, այսօր մասնակցում են ոչ միայն համայնքներ, այլ նաև ռեստորաններ, ՀԿ-ներ։ Այս անգամ տեղ չի եղել, դիմողնեը շատ էին»,- նշում է փառատոնի նախաձեռնող, խոհարար Սեդրակ Մամուլյանը։ Նրա խոսքերով՝ 70-ից ավելի բաղադրատոմսերով պատրաստված տոլմաներ էին ներկայացված։ Առավել ուշագրավ էր 8-րդ դարի 2 տեսակի տոլման, որը հասել է մեզ Անիի թագավորությունից։



Ժյուրիի անդամները մշակույթի ներկայացուցիչներ էին, նրանց կազմում էին երգիչներ Արսեն Գրիգոյանը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, դերասան Աշոտ Ղազարյանը, Զառա Արամյանը, Գագիկ Գինոսյանը և այլք։



Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև ինքը մասնագետ չէ, բայց կարծում է, որ յուրաքանչյուր կերակրատեսակի առողջարարության մասին պետք է առաջինը մտածել: «Ուշադրություն եմ դարձնում ոչ միան համին, նաև արտաքին տեսքին, ձևավորմանը, ի վերջո ձևավորումն էլ մշակույթ է։ Շատ հետաքրքիր տարատեսակներ կան, կարծում եմ՝ յուրաքանչյուրը իր յուրահատկությունն ունի»։



«Բայազետ» մսամթերքի արտադրամասն էլ ներկայացնում էր ծեծած քյուֆթայի մսով տոլման, որը պատրաստել էր իրենց խոհարարը։ «Մի միջոցառում, որը միտված է հայկականը պահելուն, դա շատ կարևոր է։ Քանի որ քիմքս լավ է, դրա համար ես նաև փորձում եմ առաջնորդվել ավանդական տոլմայի համային որակներով»,- նշում է երգիչ Արսեն Գրիգորյանը և ավելացնում, որ իրեն ամենից շատ դուր է եկել սմբուկով տոլման, իսկ թփով տոլման «վերջն» է։ Համտեսել է մոտ 7տեսակ, ամենահամեղը ամառային՝ բանջարեղենով տոլման էր:



Առավել հետաքրքական էր ջայլամի մսից պատրաստված տոլման, այն նորամուծություն է, արժե 100-200 դրամ։ Իսկ հուշահամալիրի բեմահարթակում ելույթ էին ունենում Արմավիրի մարզի տարբեր համայնքների մշակույթի տների սաները, ազգային երգի ու պարի համույթներ։ Այս փառատոնին ներկա էին նաև քաղաքական դեմքեր՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։



ԱԻՄ առաջնորդին, ինչպես նկատեցինք, այսօր հետաքրքրում էին քաղաքական-վերլուծական գրքերը։ Կանգնել և ուսումնասիրում էր վաճառքի դրված գրքերը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռևս չի փորձել տոլմա, բայց ընթացքում կփորձի, իրեն ավելի շուտ ընդհանուր միջոցառումն էր հետաքրքրում, որը, Հայրիկյանի գնահատմամբ, վատ չէ։



Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էլ դուր էր եկել սոխով պատրաստված տոլման, որը երբևէ չէր փորձել. «Կետերից մեկում մի տոլմա կար, որը մորս պատրաստած տոլման հիշեցրեց։ Մնացած բոլորը կարծես թե ծանոթ էին, բայց ինձ համար առանձնացավ սոխի տոլման։ Ընդհանրապես նման ազգային միջոցառումը կարևոր է, և սա պատասխանն է ան բանի, որ այս կերակրատեսակները մերն են, մեր ազգայինն են։ Մենք ունենք այսպիսի տոներ, որոնք սովորույթներ են դարձել, և ինչպես տեսնում եք, բոլորի դեմքին ժպիտ կա։ Կարծես ևս մեկ առիթ է միմյանց հետ շփվելու»։



Ընդհանրապես Վահրամ Բաղդասարյանը նախըտրում է իր մայրիկի ձեռքով պատրաստած կաղամբով, թփով տոլման։ Հետաքրքվեցինք, թե երբևէ ինքը պատրաստել է տոլմա, ասաց, որ ուսանող ժամանակ այլ բաներ պատրաստել է, բայց տոլմա՝ ոչ, մի քիչ բարդ է այն պատրաստելը։



Ներկաներին ևս դուր էր եկել այս փառատոնի գաղափարը, նրանց կարծիքով` տոլմաների գինը բավականին մատչելի էր,  փորձում էին այն, ինչը երբևէ չէին համտեսել։ Փառատոնին հիացած զբոսնում, համտեսում, լուսանկարվում էին բազում զբոսաշրջիկները։ Ի դեպ, 
այս փառատոնին «ամենաերկար տոլմա» անվանակարգում հաղթեց 23 մետր երկարությամբ տոլմա պատրաստած «Արտ լանչ» ֆիրման։