Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Զարուհի Փոստանջյան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Զարուհի Փոստանջյան

Hraparak.am-ի «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի այսօրվա «զոհը» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է։ Վերլուծել ենք նրա իմիջը։ Մեր ոճաբան-դիզայներ Նիակրիսին նախապես տրամադրել ենք պատգամավորի տարբեր տարիներին արված 20-ից ավելի լուսանկար։



Չնայած գեղեցիկ արտաքինին՝ սխալ է ընտրում կոստյումները



Զարուհի Փոստանջյանն այն երջանիկ կանանցից է, ում անգամ եթե կարտոֆիլի պարկ հագցնես, միևնույն է` գեղեցիկ կլինի։ Գեղեցիկ կնոջը, իհարկե, շատ բան է թույլատրված, բայց, այնուամենայնիվ, կան մի շարք սխալներ, որոնք անընդունելի են։ Երբ Զարուհին ընտրում է միագույն կոստյումներ, նրա տեսքը գրեթե անթերի է, հակառակ պատկերն է լինում, երբ տիկին Փոստանջյանը փորձում է համադրել տարբեր ոճերի հագուստը մեկ կոմպլեկտում։ Հաճախ ջինսերից, շարֆերից, տարբեր գույների բլուզներից կառուցված անսամբլներն անփույթ և թափթփված տպավորություն են թողնում։ Փայլուն կտորները գիրացնում են ցանկացած կնոջ, այդ թվում նաև բարեկազմ Զարուհուն։ Մի խոսքով, եթե տիկին Փոստանջյանը ցանկանում է առանց պրոֆեսիոնալ միջամտության կառուցել իր ոճը, ամենահեշտ ճանապարհը մեկ գույնի, կամ մոտիկ երանգների մեջ համադրություն կատարելն է։ 















 Սխալ ընտրված կոշիկներ



Հետաքրքիր է, որ տիկինը ամենաշատ սխալները թույլ է տալիս կոշիկների ընտրության հարցում։ Դրանք հաճախ ոչ միայն չեն համապատասխանում հագուստին, այլ նաև «վուլգար» են՝ չափից ավելի բարձր կրունկով և դեկորով։











Գեղեցիկ մազերը՝ ոչ ճիշտ ընտրված երանգով



Ինչ վերաբերում է սանրվածքին, կարծում եմ, որ գեղեցիկ, երկար մազերը տիկին Փոստանջյանի այցեքարտն են, պարզապես ապագայում նման երկարությունը կարող է անտեղի լինել, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Զարուհին փորձում է երիտասարդանալ։ Գույնի, երանգի մասին, ինչպես միշտ, ավելի նախընտրելի են բնական գույնին մաքսիմալ մոտ տարբերակները։









Առօրյայում սխալ ընտրված շրթներկ



Պաշտոնական քարոզչության համար նկարներում Զարուհին օգտվում է պրոֆեսիոնալ դիմահարդարի ծառայություններից։ Առօրյայում Զարուհին ինքն է կատարում է իր դիմահարդարումը և հաճախ նույն անընդունելի սխալն է անում՝ ընտրում է շատ փայլով, նույնիսկ «պերլամուտրով» շրթներկ` տարօրինակ և անբնական մանուշակագույն երանգով։ Տիկին Փոստանջյանին խորհուրդ եմ տալիս ընտրել կամ կարմիր-վարդագույն կամ շրթունքների բնական գույնի շրթներկ։









 



Ոճը էվոլուցիա է ապրել



Ուզում եմ նշել, որ Զարուհու ոճը տարիների ընթացքում դրական առաջխաղացում է ունեցել, դարձել է ավելի զուսպ և տիկնոջ գեղեցկությունը ընդգծող։ Եվ ինձ պարզապես հիացնում է, որ 4 երեխաների մայր, հայտնի քաղաքական գործիչ Զարուհին չի կորցրել կանացիությունը, հմայքը և գեղեցկությունը։









Շարքի նախորդ նյութերում անդրադարձել էինք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին,  ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանին, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին,  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին