«Շշկրված» Գագիկ Սուրենյանն ու ուժեղ քամու հետեւանքները ֆեյսբուքում

«Շշկրված» Գագիկ Սուրենյանն ու ուժեղ քամու հետեւանքները ֆեյսբուքում

Ուժգին քամին այսօր թիվ մեկ թեման էր ֆեյսբուքում։ ամենուր կարելի էր հանդիպել թե հումորային, թե քաղաքական ենթատեքստ պարունակող, թե ծաղրական գրառումներ։ ՖԲ-ի ակտիվ օգտատերերը կատակում են՝ «արա հանդարտվի ՀՀ-ում քամի մենակ մենք ենք անում... ©հհկ» , «Պետք ա ուշադիր լինել, որ փոթորիկի հետևանքով տապալված ծառերի տեղը սիթիներ, կաֆեներ կամ շենքեր չսարքեն. սրանք ամայի տարածքները կամ հանձնում են, կամ սարքում են օբյեկտներ», «Երևանում գրանցվել է լվացքը հավաքելու արագության նոր ռեկորդ», «Ուժեղ քամուց կողաշրջվել է Շմայսը, բարեբախտաբար այդ պահին կանգառում մարդ չի եղել»: Հումորային ստատուսներից անմասն չէր մնացել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։



«Կեպիս ու ակնոցներս դնեմ, նստեմ մեքենաս ու հայդաաաաաա տուն, ազգս զայրացած ու վախեցածա, աչքներին չերևամ», «Այ ժողովուրդ, մտա ՖԲ շշկրվեցի, ում էջին նայում եմ, իմ անունա, էս ինչ եք անում»,-իր Ֆեյսբուքյան էջում գրում է նա։ Իսկ Սուրենյանի անձի շուրջ նման ուշադրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս դեռ օրեր առաջ կանխատեսել էր եղանակը, իսկ ահա սաստիկ քամու ժամերին չէր մտել ֆեյսբուք, օգտատերերն էլ անհանգստացել էին. «Այդ ամեն ինչը, ինչ որ եղավ կանխատեսված էր, որ մայիսի 23-ին հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն, որը կուղեկցվի ուժեղ քամիներով, կարկտահարությամբ։ Այդ ամեն ինչը նշված է եղել։ Քանի որ ամբողջ ազգը կատակում էր ՖԲ-ում, ես էլ փորձեցի ինքս կատակել, այդքան բան»,- ծիծաղելով նշում է Գագիկ Սուրենյանը։



Իսկ իր մյուս՝ «Ֆբ-ում շշկրվելու» գրառման վերաբերյալ ասաց, որ երբ քամին բարձացել է, ինքը զբաղված է եղել, ազատվելուն պես մտնելով ֆբ, տեսել է` հազարավոր մարդկանց էջերին նշված է եղել իր անունը, մի պահ «շշկրվել» է, չի իմացել՝ ում պատասխանի։ Իր իսկ նկարով մեկնաբանություններն էլ տեսել է, հումորով է վերաբերում։



Արդեն հումորից դուրս Գագիկ Սուրենյանը ասաց, որ նման ուժգնությամբ քամի չի կրկնվի, բայց ամեն օր` մինչև մայիսի 28-ը ներառյալ, անկայուն եղանակ է լինելու, հատկապես` երեկոյան ժամերին։ Այդ օրերին, բացառությամբ մայիսի 25-ի, կարկուտ, տեղատարափ անձրև, ուժեղ քամի է սպասվում, քանի որ հանրապետությունը գտնվում է բավականին լուրջ, մեծ էներգետիկ դաշտ ունեցող Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Իսկ ամռան կանխատեսումներ դեռ չկան։ Դե, ինչ մեզ այժմ մնում է հուսալ, որ նման «խելագար» եղանակային պոռթկումի ականատես չենք լինի և կվայելենք իսկական ամառ։