Ռեստորաններում ավարտական երեկոների համար դեռ ամրագրումներ չեն արել

Ռեստորաններում ավարտական երեկոների համար դեռ ամրագրումներ չեն արել

Այս տարի «Վերջին զանգը» հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է մայիսի 27-ին։ 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Այս օրերին ամենուր կարելի է հանդիպել ոգևորված աշակերտների, «խառնված» դասղեկների ու ուսուցիչների, ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնել ցանկացող ծնողների։ 



Վերջին զանգի մի մասն է կազմում ավարտական երեկոն, որին շրջանավարտները հատուկ են պատրաստվում: Այն հիմնականում նշում են ռեստորանային համալիրներում, ու եթե նախորդ տարիներին ռեստորաններում պետք էր ամիսներ առաջ տեղեր ամրագրել, ապա այս տարի դեռ շարժ չկա ռեստորաններում: Թեեւ Վերջին զանգին 3 օր է մնացել, սակայն ռեստորաններում դեռ կարող ես ազատ տեղեր գտնել: 



Hraparak.am-ի հետ զրույցում մի շարք հայտնի ռեստորանային համալիրներից, այդ թվում՝ «Փարվանա», «Օջախ», «Դղյակ», «Դոլմամա», «Ոսկե համբույր» վստահեցրին, որ շրջանավարտները ավարտական երեկույթ անցկացնելու համար դեռ իրենց չեն դիմել։ Միայն «Հարսնաքար» ռեստորանից ասացին, որ մայիսի 27-ի համար արդեն տեղեր ամրագրել են։ Իսկ մի շարք հիմնական դպրոցներից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ Վերջին զանգ որպես այդպիսին չկա, այլ «վերջին դաս» են անցկացնելու, պատճառն էլ այն է, որ այստեղ ավարտական դասարանը 9-րդ դասարանցիներն են։



Երևանի մի շարք ավագ դպրոցներից տեղեկացանք, որ վերջին զանգի բեմական միջոցառում նախատեսված է, արդեն պատրաստ է գրեթե ամեն ինչ, իսկ ինչ վերաբերում է երեկույթին, դպրոցը դրանով չի զբաղվում, այն լինում է աշակերտների ցանկությամբ, իսկ դպրոցի տնօրենները դեռ չգիտեն՝ երեխաները վերջին զանգից հետո ինչ կանեն:



Ինչ վերաբերում է շրջանավարտների համար կազմակերպված միջոցառումներին, ապա դեռ տարվա վերջին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նշել էր, որ վերջինզանգյա միջոցառումները հնարավորինս պետք է զուսպ իրականացնել. «Հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչպիսի միջոցառումներ կլինեն, բայց ամեն դեպքում Ազատության հրապարակում ինչ-որ բան կլինի, կպահպանենք դպրոցականներին նոր կյանք ճանապարհելու ավանդույթը»։