Հայաստանը «բագաժ տալու» ամենակարճ ճանապարհը

Հայաստանը «բագաժ տալու» ամենակարճ ճանապարհը

Հայաստանում մարդուն 350 հազար ԱՄՆ դոլարի չափով «քցելը», պարզվում է` մեկ-երկու հաշվի գործ է: Թըփ` խփում ու գցում ես տոպրակը: 350 հազարը նկատի ունեմ: Անշարժ գույքի տեսքով թե «քյաշ» փողի, արդեն էական չէ:



Ի՞նչ է հարկավոր դրա համար: Հարկավոր է մի հատ բանկ (բանկերն այսպիսի գործերում անպակաս են), մի հատ ՍՊԸ, որին փող է պետք, եւ մի հատ ՀՀ քաղաքացի, որ պատրաստ է իր անշարժ գույքը գրավադրել, որպեսզի բանկը ՍՊԸ-ին գումար տա: Իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:



Դեպքը, որի մասին կխոսենք ստորեւ, կարող է դասական օրինակ հանդիսանալ «քցումի» մեջ խորացողների համար, եթե, իհարկե, նրանք արդեն լավ ուսումնասիրել են Հայաստանի դատական համակարգը եւ քաջ տիրապետում են մեր օրենքների եւ դատարանների թույլ, կասեինք` սրտաճմլիկ կողմերին:



Երեւի շատերն են հիշում գործարար Փայլակ Հայրապետյանին «քցելու» պատմությունը: Այդ գործում էլ կար մի հատ բանկ, մի հատ ընկերություն, որին փող էր պետք, եւ մի հատ ՀՀ քաղաքացի, որ պատրաստ էր իր գույքը գրավադրել հանուն այդ ընկերության բարգավաճման: Մեր նկարագրելիք դեպքը սրա ճիշտ կրկնությունն է` աննշան տարբերություններով: Նախ` այս գործին վարչապետ ու թեմի առաջնորդ խառնված չեն եւ, ապա` աշխարհագրորեն փոխված են գրավատուի (ՀՀ միամիտ քաղաքացու) եւ վարկառուի (շուստրի ընկերության) տեղերը: Մեր դեպքում «քցելու» մասնակից ընկերությունը Հայաստանում է, իսկ գրավատուն բացակայում է Հայաստանից: Կարողացա՞ բացատրել:



Ուզում եմ ասել` սա նույնն է, թե Փայլակ Հայրապետյանը գնացած լիներ Աֆրիկա, իսկ ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունը մնացած լիներ Հայաստանում:
Իսկ հիմա` ըստ էության: ՀՀ քաղաքացի Արմեն Շահնազարյանի մտքով չէր էլ կարող անցնել, որ մի օր, առանց իր համաձայնության, իր գույքը կհանեն վաճառքի: Բայց սա, ինչպես ասում են, Հայաստանն է: 2015 թվականին, երբ Արմեն Շահնազարյանը վերադարձել է Հայաստան եւ փորձել տիրապետել իր գույքը, պարզվել է, որ այն «օրենքով, ադաթով-բանով» բարեհաջող կերպով վաճառել են:



Արմեն Շահնազարյանը 2010 թվականին համաձայնել էր սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (մոտավորապես 350 հազար դոլար ընդհանուր արժողությամբ) գրավադրել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում, որպեսզի վերջինս 42 մլն. ՀՀ դրամի չափով վարկ հատկացներ պայմանագրում նշված «Էյ Էյ Էլ Էլ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ին` գործունեություն ծավալելու եւ բիզնեսը զարգացնելու նպատակով: Սակայն պայմանագիրը կնքելուց 4 տարի անց ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Պետրոսյանը եւ սեփականատեր Էսֆիրա Գեւորգյանը, ընկերության կողմից հարկերը վճարելուց խուսափելու, ընկերությանը պատկանող եւ ընկերության պարտավորությունների համար գրավադրված գումարը յուրացնելու նպատակով, նախնական համաձայնության գալով քաղաքացի Միհրան Հարությունյանի հետ, առանց փոխառության գումարն ընկերության հաշվին փոխանցելու, 2014 թվականին կազմում են հետին թվով (01.12.2012) կեղծ փաստաթուղթ, ըստ որի, Միհրան Հարությունյանը, իբր, առողջացման նպատակով 70 հազար ԱՄՆ դոլարի չափով ՀՀ դրամ գումար է հատկացրել ընկերությանը: Ավելի ուշ նույն Միհրան Հարությունյանն արդեն դիմել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա շրջանների առաջին ատյանի դատարան` «Էյ Էյ Էլ Էլ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու հայցով (գործ թիվ` ԹԻՎ ԵՄԴ/0032/04/14), ինչն էլ բավարարվել է, իսկ ընկերության գույքը, այդ թվում եւ Արմեն Շահնազարյանի կողմից գրավադրվածը (կրկնենք` 350 հազար դոլար արժողությամբ), առանց վերջինիս տեղյակ պահելու, վաճառվել է մոտ 20 միլիոն ՀՀ դրամով` վարկը մարելու համար:



Ինչպես արդեն ասացինք, Հայաստանում տեղեկանալով այս մասին՝ Արմեն Շահնազարյանը դիմել է Երեւանի դատախազ Ա. Դավթյանին` վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ իր սեփականության անօրինական վաճառքը կասցնելու նպատակով: Նա նույնիսկ պատրաստակամություն է հայտնել փակել վարկի գումարը (42 մլն. ՀՀ դրամ), սակայն դա էլ գործին չի օգնել: Արմեն Շահնազարյանի բողոքները մերժել եւ Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանի` ընկերությանը սնանկ ճանաչելու եւ նրա գույքը վաճառքի հանելու մասին որոշումն ուժի մեջ են թողել նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները` որոշելով, որ այն բեկանելու համար անհրաժեշտ հիմքեր չկան: Մինչդեռ հիմքեր ինչքան ասեք կան: Վերաքննիչին եւ վճռաբեկին ուղղված Արմեն Շահնազարյանի (ներկայացուցչի) բողոքներում դրանք նկարագրված ու նշված են ամենայն մանրամասնությամբ: Այլ հարց է, որ չկա ցանկություն` քաղաքացուն հասկանալու: Հավատացեք` իսկական զավեշտ է, երբ վերաքննիչն ու վճռաբեկը գրավադրված գույքի սեփականատեր Արմեն Շահնազարյանին իրենց երկարաշունչ ճառերում հիշատակում են որպես «գործին մասնակից չդարձված անձ»:



Այսինքն` Արմեն Շահնազարյան, դու համաձայնել ես գրավադրել գույքդ եւ դրանով իսկ հրաժարվել ես քո գույքից: Տրամաբանակա՞ն է: Իհարկե` ոչ: Իսկ ո՞ւր մնաց Արմեն Շահնազարյանի սեփականության իրավունքը, եթե չխոսենք մարդու իրավունքների մասին, որոնք ուղղակի արհամարհվել են մեր դատարանների կողմից:



Զարմանալի է, որ ուշադրություն չի դարձվել նաեւ այն հանգամանքին, որ Արմեն Շահնազարյանը պատրաստակամություն է հայտնել մարել բանկի տված վարկի մնացորդը՝ մոտ 25 միլիոնի չափով, այսինքն՝ կատարել երաշխավորի իր դերը: Եվ, ուրեմն, ինչպե՞ս չմտածես, որ որոշ մարդիկ, օրինակ` սնանկացման գործընթացի կառավարիչ նշանակված Հայկ Կոշեցյանը, լուրջ գումարներ է վատնել: Արմեն Շահնազարյանն այս մասին Երեւանի դատախազին գրած դիմումում ուղղակի մերկացրել է Կոշեցյանին` գրելով. «Կառավարիչ Կոշեցյանը կանխամտածված դիտավորությամբ սնանկ ճանաչված կազմակերպության միջոցները փոշիացրել է եւ չի կատարել առաջին հերթին եւ առաջնահերթությամբ հաստատված բանկին վճարումները եւ արհեստականորեն ստեղծել է գրավադրված գույքս վաճառելու անհրաժեշտություն։ Կոշեցյանը վաճառել է վարկառուի եւ երաշխավորների գույքերը, գումարներ է ստացել, բայց ոչ մի վճարում չի կատարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ բանկին, հետագայում էլ, իբր թե աճուրդներ չեն կայանում, արժեզրկել է գույքս եւ ապօրինի կերպով վաճառել շուկայական արժեքի 10 տոկոսից էլ ցածր գնով` հետապնդելով գույքի յուրացում եւ անհիմն հարստացում, պատճառելով ինձ 320 քառ․մ անշարժ գույքի նյութական վնաս, գումարած գույքս իմ հայեցողությամբ տիրապետելուց զրկված լինելու հետեւանքով վնասներ։ Տարածքիս լիկվիդացիոն արժեքը 120 մլն․-ից պակաս ոչ մի գնահատող չէր գնահատի, չհաշված ներսում եղած շարժական գույքերի արժեքը»:



Եթե այս ամենից հետո Հայաստանում որեւէ իրավասու ատյանում ցանկություն ծնվի մատը մատին տալու, պատրաստ ենք ներկայացնել ողջ թղթածրարը` հերթական «քցոցին» կանխելու եւ ՀՀ քաղաքացուն բանկի եւ վայ գործարարների ճանկերից փրկելու համար:



Այլապես, որքանով մենք ենք հասկանում, Արմեն Շահնազարյանին այլ ելք չի մնում, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, մի փոքր այլ մտածողությամբ մարդիկ են նստած: Իսկ ամենացավալին էլ այն է, որ ՄԻԵԴ-ի արդեն սովորական դարձած Հայաստանի դեմ կայացվող որոշումներից տուժում են ոչ թե բուն մեղավորները, այլ մենք` հարկատուներս:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ