Թե ովքեր են Արմեն Մուրադյանին խորհուրդներ տալիս

Թե ովքեր են Արմեն Մուրադյանին խորհուրդներ տալիս

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի «չարաբաստիկ» հայտարարությունը՝ կառավարության օպտիմալացման և հաստիքների կրճատման մասին, դեռ տեսանելի արդյունքներ չի տվել: Չնայած, որ նախարարությունների և կառավարական այլ կառույցների շարքային աշխատակիցները վախները սրտերում սպասում են «ապոկալիպսիսին»:



Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել մեր նախարարների խորհրդականներին, իհարկե ոչ այն մտավախությամբ, որ հնարավոր է հանկարծ «օպտիմալացնեն» նախարարների «խրատ տվողներին»: Այսօր ներկայացնում ենք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներին: Մեր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արմեն Մուրադյանն այս պահին ունի 5 խորհրդական: Մենք խնդրել էինք նաև տրամադրել նրանց կենսագրականները, հետաքրքրվել էինք նաև, թե ինչ գործառույթներ են իրականացնում նրանցից յուրաքանչյուրը:



Ի դեպ, նախարարի խորհրդականներիրց 4-ն ունեն աշխատասենյակ, բացառությամբ հասարակական հիմունքներով գործող խորհրդականից: Զարմանալիորեն մեքենա քարտուղարուհի և վարորդ ոչ ոք չունի: Ինչն է հետաքրքիր, Արմեն Մուրադյանն առողջապահության նախարար է նշանակվել 2014 թվականին, մինչդեռ նրա խորհրդականների մեծ մասն աշխատել են մինչմուրադյանական էպոխան:



Այսպիսով, նախարարն ունի 5 խորհրդական ՝ 3 հաստիքային, 1 պայմանագրային, 1 արտահաստիքային: Զարմանքը մեծ չէր, երբ նախարարի խորհրդականների ցուցակում հանդիպեցինք Պնախարար Սեյրան Օհանյանի տիկնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին: Նախարարի խորհրդականի կարգավիճակ է ձեռք բերել 2012 թվականի դեկտեմբերից, կրթությունը՝ բարձրագույն բժշկական: Պարզվում է Ռուզաննա Խաչատրյանը ժամանակին նաև բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական է եղել: Նախարարին խորհրդատվություն է մատուցում առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: 



Արման Մելքոնյանը առողջապահության նախարարի խորհրդական է աշխատում դեռևս 2005 թվականի հուլիսից, կրթությունը՝ բարձրագույն իրավաբանական, բարձրագույն ճարտարագիտական: Նա խորհրդատվություն է մատուցում օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական ծառայությունների իրականացման բնագավառներում՝ ապահովելով նախարարության աշխատակազմի առողջապահականպետական տեսչության աշխատանքների համակարգման և կազմակերպման, տեսչական գործառույթների իրականացման գործառույթը, ինչպես նաև խորհրդատվություն է մատուցում նախարարի կողմից մատնանշված այլ բնագավառներում: 



Ղուկաս Ուլիխանյանը՝ նախարարի խորհրդական է նշանակվել 2012 թվականից, կրթությունը՝ բարձրագույն բժշկական: Ի դեպ, Ղուկաս Ուլիխանյանը ժամանակին Ազգային ժողովի պատգամավոր է եղել՝1999-2003 թվականներին: Նախկին պատգամավորը նախարարին խորհրդատվություն է մատուցում դեղորայքային և բժշկական տեխնոլոգիաների քաղաքականության, ստացվող մարդասիրական օգնության համակարգման և կազմակերպման ոլորտում՝ ապահովելով աշխատակազմի դեղորայքային քաղաքականության վարչության կողմից քաղաքականության մշակման և ներդրման աշխատանքների կազմակերպման գործընթացը:



Վարազդատ Դանիելյանն արդեն Արմեն Մուրադյանի կադրերից է, աշխատում է հասարակական հիմունքներով 2014 թվականի մայիսից: Ի դեպ առողջապահության ոլորտ է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Իրականացնում է ՀՀ աշխատանքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության այդ ոլորտի այլ նորմատիվ ակտերի պահանջների, դրանց կիրարկման կարգի, դրանց վերաբերյալ ուղեցույցների, մեթոդական ձեռնարկների մշակման աշխատանքներ:



Էդուարդ Բարսեղյանը նույնպես Արմեն Մուրադյանի կադրերից է, աշխատում է հասարակական հիմունքներով 2014 թվականի մայիսից, կրթությունը՝ բարձրագույն բժշկական: Խորհրդատվություն է մատուցում ընդհանուր բնույթի առողջապահական հարցերի շուրջ: