Ընտրողին ասելու եմ․ ինքս՝ Բոստանջյան Վարդանս, այսպիսին եմ, ձեր ափի մեջ, ուզում եք՝ ձայն տվեք

Ընտրողին ասելու եմ․ ինքս՝ Բոստանջյան Վարդանս, այսպիսին եմ, ձեր ափի մեջ, ուզում եք՝ ձայն տվեք

2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնհայտ լարվածություն է նկատվում ընդդիմադիր դաշտում, Նիկոլ Փաշինյանը շարունակում է վիճարկել միակ ընդդիմության պաշտոնը, մյուսներն էլ հակահարձակման են նետվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչին մեղադրելով իշխանական «խաղերի» մեջ լինելու հարցում։



Կիրակի օրը «Ռ-Էվոլյուցիա» հեղինակային հաղորդման ժամանակ հարցը կրկին ակտուալ էր, Փաշինյանի գրոհն էլ՝ հուժկու։ «Մեկն էլ ԱԺ ամբիոնից էր քննադատում, ասում էր, թե մենք գիտենք ձեր չափը, պայմանավորվածությունները, ձեզ կբամփեն, ձեզ սենց կանեն, նենց կանեն։ Նույն անձը 2 ժամ հետո զանգում է լրատվամիջոցների ղեկավարներին՝ ձեռքերը դողալով, ու խնդրում է չտարածել ելույթը, որովհետեւ կառավարությունը, կառավարության ղեկավարը, որի անձնական օգտագործման կուսակցության ղեկավարն է ինքը, զանգել է ու ոչ թե հրահանգել, այլեւ ամենավերջին հայհոյանքներով ասել ա՝ դու քո գիծը մի քանի կիլոմետր անցել ես։ Է՞դ մարդիկ ինձ պիտի մեղադրեն»,- հռետորական հարց էր հնչեցնում ՀԱԿ խմբակցության պատգամավորը՝ հիշելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն ու դրան հաջորդած իրադարձությունները, բայց, չգիտես ինչու, անունը չնշելով։ ԲՀԿ-ից հակագրոհը չուշացավ՝ «փիս» նյութերի տեսքով, որոնք երեկվանից հայտնվեցին կուսակցության կողմից կառավարվող լրատվակայքերում, իսկ ՕԵԿ-ական կայքում էլ Վահե Էնֆիաջյանը «հակահարված» տվեց։ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ զրուցեցինք ԲՀԿ-ի՝ որպես կուսակցության, կարգավիճակի, շանսերի եւ այլնի մասին։



- Պարոն Բոստանջյան, 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ի՞նչ շանսեր ունի ԲՀԿ-ն, այս տարիներին կրած փոփոխություններից հետո կարծում եք, որ կուսակցությունն անելիք ունի՞ քաղաքական ասպարեզում եւ հատկապես ընդդիմության դաշտում։



- Ես կարծում եմ, որ բոլոր ուժերին էլ, որոնք քաղաքական նկրտումներով են հանդես գալիս, ընձեռված չէ մեծ հնարավորություն։ Անկախ այն հանգամանքից, որ այդ ուժերն իսկապես կուզենան դրական բարեփոխումներ իրականացնել, բայց շատ դեպքերում չունեն այն հնարավորությունները, որ կարողանան կենսագործել այդ գաղափարները։ Կարող եք չկասկածել, որ «Բարգավաճում» էլ, թե նախկինում, թե հիմա, կան մարդիկ, որոնք հնարավորության պարագայում կներդրվեն դրական, բարի գործերի համար։ Ինչ վերաբերում է 2017-ին ընդառաջ հեռանկարին, ապա այդ հեռանկարն այնքան մշուշոտ է բոլոր ուժերի համար։



- Ինչո՞ւ։



- Պատճառը հասկանալի է. քաղաքական մենաշնորհը շնչահեղձ է անում մնացած կուսակցություններին, ավելի քաղաքակրթված հարաբերությունների պայմաններում ոչ թե քեզ ճնշման տակ են գցում, այլ՝ ընդհակառակը, քեզ տալիս են հնարավորություն, որպեսզի դրսեւորվես։ Մեզ մոտ լրիվ հակառակ պրոցեսն է, որի պարագայում քաղաքական ուժերն էլ չեն կարողանում տեսանելի հաջողություններ գրանցել։



- Նշանակում է՝ պետք է ընդդիմությունը «տո/ւն գնա»։ 2012-ին նույն ԲՀԿ-ի քաղաքական գիծն ավելի հստակ էր, իսկ վերջին տարիներին մի քանի անգամ կերպարանափոխվեց...



- Իմ կողմից հայտնագործություն չի լինի, եթե ասեմ, որ 2012 թվականից հետո շատ բան է փոխվել, 2012-ին ԲՀԿ-ն ղեկավարում էր Գագիկ Ծառուկյանը, որը բոլոր առումներով՝ եւ հասարակական, եւ քաղաքական գործունեության առումով, շատ հզոր մարդ էր ընդհանրապես մեր երկրի, պետության համար։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչ որ մենք տեսանք։ Այս ամենի հանրագումարում նկատելիորեն ու էականորեն այս քաղաքական ուժը մի փոքր կանգառ տվեց։ Բայց ես կուզենայի, որ ԲՀԿ-ն նորից ուժեղանար, համակարգում երանգ ստեղծեր։ Երբեւիցե պեսիմիստ պետք չէ լինել, մինչեւ անգամ ամենադատարկ տեղը հնարավոր է լցնել, իսկ ԲՀԿ-ն, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետությունում եզակի քաղաքական ուժ է եղել, որը հենց այնպես չէր կոչվում երկրորդ քաղաքական ուժ, այդտեղ հզոր մարդիկ էին գտնվում, որոնք, եթե պրոցեսը շարունակական լինի, իրենք հարյուր տոկոսով կդրսեւորվեն։



- Երբեմնի հզոր ուժից այսօր բան չի մնացել, գործարար հատվածը, որը ԲՀԿ-ի «շարժիչ ուժն» էր, Ծառուկյանի հետ դուրս եկավ, մի քանի արդեն նախկին ԲՀԿ-ական էլ առանձին կուսակցություն են ստեղծել, նախկինում ընդդիմադիր ԲՀԿ-ն, որը դեմ էր բարեփոխումներին ու այլ գործընթացների, հիմա կողմ է, ի՞նչ է մնացել ԲՀԿ-ում, որ ինչ-որ գործընթաց էլ սկսեն։



- Պետք է շիտակ խոսենք, եթե ճնշող, դոմինանտ ուժը քեզ շանսեր չի թողնում, ապա դու կարող ես տարբեր դրսեւորումներ ունենալ՝ ճամբարափոխություն, խառը փոփոխություններ։ Ես ինչ-որ տեղ չեմ մեղադրում այդ վիճակին։ Գուցե զուգահեռը սխալ է, բայց, օրինակ, եթե ընտանիքի հայրը, մայրը երեխաների նկատմամբ ճնշումներ գործադրեն, նրանք դուրս կգան ընտանիքից։ Այնպես որ, շատ հաճախ քաղաքական ուժերին դեգերումների մեջ ենք տեսնում։ Տեսեք՝ «Ժառանգությունը» պարտադրված ու ստիպված իր ամբողջ շարքերը քանդեց հանուն նրա, որ մի հինգ հոգի մարդ գնա... Մարդիկ կան, որոնք տրանսի վիճակում են ու արդեն ուզում են էն շենքում գտնվեն, մարդիկ կան, որոնք ֆոտոսեսիաների ժամանակ չէին համբերում բարեւ տալ, միաժամանակ հազար հոգով մի հոգու ձեռք էին ուզում բռնել, բարեւել։ Մարդկային այս թուլությունները եղել են Քրիստոսից առաջ, ու մենք չենք կարող հպարտ կանգնենք մի կողմում ու ասենք՝ ինչո՞ւ է այսպես։



- Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չի սխալվում, երբ ասում է, որ ընդդիմադիրների շվեյցարական պանրի չափ տեսակներ ունի, եւ հարկավոր է ամրագրել միակ ու իրական ընդդիմությանը, իսկ ԲՀԿ-ն, ըստ Փաշինյանի, կառավարության ղեկավարի «անձնական օգտագործման» կուսակցությունն է դարձել եւ չի կարող ընդդիմության դիրքից հանդես գալ։



- Ես չեմ կիսում այդ մոտեցումը։ Նիկոլ Փաշինյանին համարում եմ մակարդակ անձնավորություն, բազմաթիվ առումներով, բայց զարմանում եմ, որ ինքը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել։ Դա էթիկայի ոչ մի կանոնի մեջ չի մտնում։ Ինչ է, ինքն անձամբ, թե հարեւանցի, անմիջական ձեւով տեսե՞լ է այդ, շփվե՞լ է։ Եթե դու ինքդ չես գտնվում այդ տիրույթում, չես հանգրվանել նման հարաբերությունների մեջ, ուրեմն այդ մասին բարձրաձայնելը ցանկացած մարդու սազական չէ, առավել եւս՝ Փաշինյանի նման մակարդակ անձնավորությանը։



- Պարոն Բոստանջյան, բայց եթե ընդդիմադիր կոչվող կուսակցության՝ ԲՀԿ-ի ղեկավարը պետք է ամբիոնից մի բան հայտարարի, հետո խնդրի, որ լրատվամիջոցները դրա մասին չգրեն, քանի որ ինքը պրոբլեմներ կունենա... Փաշինյանն այդ մասին էր ասում, որ նման մարդիկ չեն կարող...



- Գիտեք, զգացմունքային, լարված պահերին հնարավոր է, որ մարդ դուրս գա ուղեծրից։ Ու երբ ասում ենք, որ մեզ մոտ քաղաքական համակարգը կայացած չէ, դա պայմանավորված է նաեւ այն գործոններով, որ մենք մեզ չենք կարողանում զսպել, գնահատել իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այս բոլոր խոցելիությունը գալիս է համակարգի չկայացվածությունից։
Ես կարծում եմ, որ մենք բոլորս մեր փեշերը պետք է թափ տանք, աշխատենք ՀՀ-ում քաղաքակիրթ քաղաքական համակարգ ձեւավորենք։ Դրա համար մեզ նոր հայտնագործություններ պետք չեն։ Մենք ունենք ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ այլն, նաեւ «Վերածնունդը»։ Պետք է ասենք՝ հերիք է իրար վատաբանենք, պետք է մտածել, թե ինչպես կարելի է կոորդինացնել, պայքարն ուղղել ոչ թե մեկ անձի, այլ երկրի շահերի համար։ Օրինակ, Ռուսաստանի բազմաթիվ քաղաքական ուժեր, իրար հակառակ դիրքորոշումներ ունենալով հանդերձ, Ռուսաստանի շահի համար դառնում են միասնական։ Ես կուզենայի, որ 2017-ի ընտրություններին մենք այդ ոգով գնայինք։



- Իշխանության հետ գործարքի չգնացած ուժեր կան, որոնք անվստահություն ունեն նույն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, մյուսների նկատմամբ՝ իբրեւ ընդդիմադիրների, որոնք մի քանի անգամ ընդդիմությունից իշխանություն են դարձել եւ հակառակը, ու դրա համար չեն ուզում նրանց հետ ճանապարհ անցնել։



- Չեն կարող դրանք չլինել, դրանք կմաղվեն, եթե մենք ճիշտ վեկտոր դնենք, դա կմաղի, այսպես կոչված, մարդ-կուսակցությունները, չհամակերպվողներին, առանձին ամբիցիաներ հետապնդողներին, լրագրական տիրույթներին «գործ տվողներին»։



- Այսինքն, Դուք վստահ եք, որ ԲՀԿ-ն, անկախ ամեն ինչից, դեռ պահանջվա՞ծ է հասարակության կողմից, եւ ինչպե՞ս պետք է այս ընտրություններում արժանանաք ընտրողի վստահության քվեին։



- Ես կյանքս չեմ բարդացնելու, ընտրողին ասելու եմ, որ ինքս՝ Բոստանջյան Վարդանս, այսպիսին եմ, ձեր ափի մեջ նայեք, տեսեք, ուզում եք՝ ձայն տվեք, ուզում եք՝ մի տվեք։ Այդպիսին կլինեն ԲՀԿ-ում եթե ոչ բոլորը, ապա բազմաթիվ իմ ընկերները։



- Խոսքն անձերի մասին չէ, այլ կուսակցության, ԲՀԿ-ին, կարծում եք, կհավատա՞ն։



- Հավատքն էնպիսի բան է, որ պետք է չկորի։ Կրկնում եմ՝ հայտնի իրադարձություններից հետո հասարակության մեջ հիասթափության նոտաներ առաջացան, բայց, ինձ թվում է, ենթագիտակցորեն պահպանվում է այն ամեն ինչը, որ հասարակությունը կարող է նորից ԲՀԿ-ի նկատմամբ իր դիրքորոշումն ուժեղացնել։ Դրա վառ ապացույցները բազմաթիվ են, մասնավորապես մեկն էլ այն է, որ երբ Վիտալի Բալասանյանը Գագիկ Ծառուկյանից խնդրել էր, որ խաղատան դիմացից լուսարձակները հանեն, մի վայրկյանում դա տեղի է ունեցել։ Այսինքն, եթե Դուք այդ լուրի արձագանքները նայեք, կտեսնեք, որ հասարակությունը մնում է ԲՀԿ-ին սիրող։



- Բայց Գագիկ Ծառուկյանն այլեւս ԲՀԿ-ում չէ։



- Չկա՝ կլինի, ի՞նչ է պատահել։



- Հաստա՞տ։



- Չէ՜, ենթադրում եմ (ծիծաղում է)։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ