Կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար՝ 2-5 տարի ազատազրկում

Կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար՝ 2-5 տարի ազատազրկում

Կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ արդարադատության նախարարը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի օրենսդրական այն փաթեթը, որը մշակվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ավելի կոնկրետ՝ բիզնեսն իշխանությունից տարանջատելու նպատակով։ Դեռեւս փետրվարին ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրով կողմերը խոստանում էին այդ պայքարի շրջանակներում մեծացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի պայքարել այն պաշտոնյաների դեմ, որոնք թաքցնում են իրենց ունեցվածքը։ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է սահմանվելու կեղծ հայտարարագրեր ներկայացնողների նկատմամբ։



«Կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը` որպես սանկցիա նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Ընդ որում` քննարկվող հանցակազմում նախատեսվել է ծանրացնող հանգամանք, այն է` նույն արարքն առանձնապես խոշոր չափերով կատարելը: Այս դեպքում առաջարկվող սանկցիան հետեւյալն է․ ազատազրկում երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են արդարադատության նախարարության լրատվական վարչությունից։



Սակայն, եթե պարզվի, որ հայտարարագրեր ներկայացնողները ոչ թե միտումնավոր կեղծում, այլ «անզգուշությամբ ներկայացնում են սխալ կամ ոչ ամբողջական տվյալ», ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Արդյունքում` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նշանակում է վարչական տույժ, այն է` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, որը սահմանվում է մեկ այլ՝ Վարչական իրավախախտումներում կատարված փոփոխության համաձայն։ Այսինքն՝ հանձնաժողովը կստուգի հայտարարագրերը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում կնշանակի վարչական տույժեր, իսկ եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ գան հանցագործության հատկանիշներ, ապա բոլոր նյութերը կներկայացնի Գլխավոր դատախազություն: Այստեղ է, որ մեծ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պարզվելու՝ տվյալ պաշտոնյան միտումնավո՞ր է կեղծել հայտարարագրի տվյալները, թե՞ դա եղել է անզգուշության հետեւանք։ Բնականաբար, ոչ մի պաշտոնյա չի խոստովանի, որ ինքը դա արել է միտումնավոր, թե հանձնաժողովն ինչ գործիքակազմով, ինչ չափորոշիչներով է այս ամենը որոշելու, պարզ չէ։ Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ վարչական պատասխանատվություն սահմանելու։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ