Պետք է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից

Պետք է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հունիսին նախատեսվում է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որի մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Վիեննայի հանդիպումից հետո։



Արտգործնախարարն Ազգային ժողովում անցած շաբաթ հայտարարել էր, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր, իսկ վերսկսելու համար, ըստ Նալբանդյանի, պետք է լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ՝ ստեղծվի հրադադարի խախտումների մշտադիտարկման հնարավորություն, ընդլայնվի ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը, եւ բացառվեն այնպիսի զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրուցեցինք ԼՂՀ կարգավորման հեռանկարի շուրջ։



- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հունիսին ակնկալում են հերթական հանդիպում, «որի նպատակն ստատուս-քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»։ Մինչդեռ Էդվարդ Նալբանդյանը, անցած շաբաթ խոսելով նախագահների հավանական հանդիպման մասին, հստակ պնդեց, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում, հունիսյան հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կան։



- Նախ արձանագրենք, որ կողմերից յուրաքանչյուրն իր ակնկալիքներով է գնում բանակցությունների կամ հանդիպման։ Դա ընդամենը պաշտոնական Բաքվի տեսակետն է, տարիներ շարունակ այնտեղ իշխանությունները բողոքում էին առկա իրավիճակից ու ձգտում փոփոխության հասնել։ Հայկական կողմն այս պահին խնդիր է հետապնդում թույլ չտալ, որ Ադրբեջանի ագրեսիան անհետեւանք անցնի, եւ քաղաքական մեր դիրքորոշումը փորձում է ավելի ուժեղացնել ու հստակեցնել՝ պահանջելով Ադրբեջանի նման գործողության դատապարտում։ Մինչեւ չլինեն երաշխիքներ, նույն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից մենք տեսանք, որ հրաժարվում են, բնականաբար, բանակցությունների վերսկսման հնարավորություն չի լինելու, հայկական կողմը հրաժարվելու է։ Կողմերը նպատակ են հետապնդում ավելի շատ դիվիդենտներ հավաքել ու բանակցություններից առաջ ամրապնդել իրենց դիրքերը, սակայն ակնհայտ է, որ կողմերի նման մոտեցումն էլ ավելի է խորացնում ճգնաժամային այն իրավիճակը, որի արդյունքում բանակցությունները մտել են փակուղի։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, չի եղել փոփոխություն, զարգացում, որը թույլ կտա հունիսին կայանալիք հանդիպումն արդյունավետ դարձնել, ավելին՝ հանդիպման հեռանկարն անգամ վտանգի տակ է։



Ես կարծում եմ, որ հայկական կողմը հիմա պարտավոր է խստացնել դիրքորոշումը, պահանջել, որ միջնորդները հստակ գնահատական տան Ադրբեջանի գործողություններին, կոնկրետ հասցեական հայտարարություններ անեն, ընդհանրապես հրաժարվել բանակցությունների նախկին տրամաբանությունից, Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթից, որովհետեւ տեսնում ենք, որ այդ փաստաթուղթն այն չէ, ինչ սպասելիքներ ունի հայ հասարակությունը, եւ ինչի համար պայքարել է մեր ժողովուրդն ու շարունակում է պայքարել։ Մադրիդյան փաստաթուղթը չի համապատասխանում այդ ամենի ոգուն, եւ երկրորդ՝ ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի կարող բերել խաղաղ կարգավորման։



Պետք է պահանջել նաեւ Արցախը բանակցային կողմ դարձնել եւ ոչ թե հեռավոր պլաններում, այլ կոնկրետ հիմա՝ բանակցությունների վերսկսման առաջին իսկ օրվանից։ Պետք է պահանջատիրական դիրքորոշում ունենալ, չպետք է թույլ տալ, որ ամեն ինչ նորից բերվի կոմպրոմիսային, փոխզիջումային տրամաբանության մեջ։ Մենք պատերազմ ենք ստացել, լուրջ կորուստներ ունեցել, եւ երկրորդ անգամ դա պետք է բացառել։



- Եթե Մադրիդյան սկզբունքներով հնարավոր չէ խաղաղ կարգավորման հասնել, ապա ի՞նչ ճանապարհով պետք է, ըստ Ձեզ, կոնֆլիկտը կարգավորվի։



- Երբ որ հակամարտող կողմերից մեկի, կոնկրետ դեպքում՝ Ադրբեջանի, պահանջները մաքսիմալիստական են, մյուս կողմինը պետք է համապատասխան լինեն։ Անկեղծ ասած՝ այս հակամարտության խաղաղ լուծում չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հիմա պետք է անցնել այլ խնդիրների լուծման, պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսել, վերաբնակեցնել, յուրացնել ազատագրված տարածքները, շինարարական աշխատանքներ տանել եւ այլն՝ լավ իմանալով, որ, միեւնույն է՝ քաղաքական լուծում չի լինելու, իսկ պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է լինելու։ Հետեւաբար, բոլոր ջանքերը պետք է ուղղել այդ սպառնալիքները չեզոքացնելուն, բայց զուգահեռաբար լուծել այն խնդիրները, որոնք ժամանակին դարձել են այդ հակամարտության պատճառ։



- Իսկ ապրիլյան իրադարձություններից հետո անհրաժեշտություն չե՞ք տեսնում ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսի վերանայման, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարություն կա՞։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, երեկ իր հարցազրույցում նկատել է, որ ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ։



- Չեմ կարծում, որ պետք է վերանայել մեր դիրքը, տեղը եւ կարգավիճակը հիշատակված կառույցներում, այլ կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել մեր սպասելիքներն այդ կառույցներից։ Խոսքս վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլ հասարակական սպասումներին, որովհետեւ իշխանությունների սպասելիքները միշտ հավասարակշռված են եղել։ Ակնհայտ է, որ այս կառույցներում կան բավական դրական երեւույթներ, որոնք մինչեւ վերջ չեն իրացվում մեր պետության կողմից։ Եթե խոսքը վերաբերում է Ադրբեջանի հակամարտությանը, մենք պետք է հասկանանք, որ մեր միակ դաշնակիցը մեր սեփական պոտենցիալն է, մինչդեռ եթե խոսքը վերաբերում է հակամարտությանը նախապատրաստվելուն, ապա երկու կառույցներն էլ մեզ լավ հնարավորություններ են տալիս նախապատրաստվելու, մեր կարողություններն ավելացնելու տեսակետից։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ