Կամավորներին ասել են՝ հոսանքի վարձերը կզիջենք

Կամավորներին ասել են՝ հոսանքի վարձերը կզիջենք

Դիրքեր մեկնած եւ ողջ-առողջ վերադարձած կամավորներից մեկը մեզ ասաց, որ տարածքային զինկոմիսարիատներն իրենց անունները ցուցակագրել են եւ ուղարկել էլեկտրացանցեր։ Նպատակն այն է, որ իրենց տուն-տեղն ու աշխատանքը թողած եւ առաջնագիծ մեկնած կամավորներին աջակցեն ծախսած էլեկտրաէներգիայի վարձավճարի փոխհատուցման տեսքով։ Կամավորներին ցուցակագրելիս, համենայնդեպս, այդպես են ներկայացրել, որ էլցանցերից հոսանքի վարձերի զիջման մասին է խոսքը, բայց չեն հստակեցրել, թե ինչ չափով, ինչպես։



Կոտայքի մարզի երկու՝ Չարենցավանի եւ Աբովյանի զինկոմիսարիատներից մեզ ասացին, որ նմանատիպ ցուցակ ուղարկել են էլցանց։ Աբովյանի զինկոմիսարիատից, ճիշտ է, ասացին, որ սա ռազմական կառույց է, հեռախոսով տեղեկություն չեն կարող հաղորդել, բայց ասացին, որ ցուցակ ներկայացրել են, պատասխան դեռ չի եկել։ Չարենցավանի զինկոմիսարիատից էլ զինկոմի տեղակալն ասաց, որ Չարենցավանի էլցանցի տնօրենի տեղակալն էր եկել իր մոտ, խնդրեց այդ ժամանակահատվածում առաջնագիծ մեկնած ազատամարտիկների անվանացուցակ տրամադրել։ «Ես տեղյակ չեմ՝ ինչ որոշում են կայացրել, հոսանքի վարձը պիտի վճարե՞ն, թե՞ զեղչեր պիտի անեն, դրանից տեղեկություն չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ ցուցակում եղել է 22-23 կամավորի անուն։



Խոսեցինք նաեւ Չարենցավանի էլցանցի պետի տեղակալ Սիմոն Դավթյանի հետ։ Նա ասաց. «Էդ ցուցակը կազմվել է, որ նախ հոսանքազրկումներ չարվեն, եթե մարդիկ չկարողանան վճարել, հիմնականում էդ ա եղել։ Եթե հետո ինչ-որ բան կլինի, կասեն մեզ»։ Փոխհատուցման, պարտքերը մարելու մասով էլ ասաց, որ նման բան առայժմ չկա։ Անորոշ էր նաեւ ժամկետը, թե վարձը չմարելու դեպքում որքան ժամանակով անջատում չի լինի։ Ըստ Դավթյանի՝ կամավորների ընտանիքների մեծ մասը վճարել է հոսանքի վարձը, բայց կան մի քանի հոգի, որ չեն վճարել, իրենք էլ դեռ չեն անջատել հոսանքը։



Փորձեցինք հստակ տեղեկություն ստանալ ՀԷՑ-ից։ Այստեղ, սակայն, տեղյակ չէին, թե ինչի մասին է խոսքը։ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասաց, որ ինքն այդ ցուցակներից տեղյակ չէ․ «Բայց էն, ինչ որ արել ենք, էդ մասին արդեն ասել ենք, մեր կայքում կա այդ մասին։ Իսկ եթե ինչ-որ նոր բանի մասին եք խոսում, դա պետք է հասկանամ»։ Ավելի ուշ տեղեկացրեց, որ իրենց կողմից նման հրահանգ չի եղել, իսկ թե ինչպես է ստացվել, որ մասնաճյուղերում նման ցուցակներ են խնդրել զինկոմիսարիատներից, խոստացավ իմանալ, ասել։



Նշենք, որ աջակցության վերաբերյալ ՀԷՑ կայքում հրապարակվել էր հետեւյալը, որ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 հազարական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաեւ ոչ մարտական զոհերի եւ զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ