Սրբազանի հեղինակությունը եւ քաղաքական խմորումները

Սրբազանի հեղինակությունը եւ քաղաքական խմորումները

Արդեն 15 տարի է՝ Շիրակի թեմի առաջնորդն է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պետք է նշենք, որ Շիրակի մարզում, հատկապես՝ Գյումրիում մեծ է Սրբազանի նկատմամբ հարգանքն ու հեղինակությունը: Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հեղինակությունը կտրուկ բարձրացավ, երբ համարձակորեն սկսեց պարսավել եւ քննադատել քաղաքային իշխանություններին ու նրանց գործունեությունը:



Գյումրեցի զրուցակիցս, ով չցանկացավ ներկայանալ, պատմում է, որ մեկն էր այն թասիբով գյումրեցիներից, ովքեր տարիներ առաջ հավաքվեցին, այցելեցին Շիրակի թեմի առաջնորդարան եւ իրենց զորակցությունը հայտնեցին Սրբազանին, քանի որ վերջինիս դեմ անողոք պայքար էր ծավալել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Շատերի կարծիքով հենց այդ ընթացքում քաղաքականությամբ զբաղվելու եւ նման հեղինակություն վայելելու համար Միքայել եպիսկոպոս Աջապահյանին սաստելու եւ ինչ-որ առումով պատժելու նպատակով Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2012թ-ին Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացրեց Շիրակի թեմից և հռչակեց իբրև մի նոր՝ Արթիկի թեմ :Սակայն պետք է նշենք, որ չնայած թեմի՝ առաջնորդական տեղապահ ունենալուն, համայնքի կարևոր միջոցառումներին մինչ օրս շարունակում է իր գլխավոր դերակատարումն ունենալ Շիրակի թեմի առաջնորդը:



Նկատենք նաև, որ 2015թ-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների դեպքի հետ կապված մեծ իրարանցում էր քաղաքում: Երբ Գյումրի ժամանեց երկրի գլխավոր դատախազը, գյումրեցիներին ոչ մի կերպ հանգստացնել չէր լինում: Դատախազ Գևորգ Կոստանյանից արդարություն պահանջող եւ նրա ուղղությամբ քարեր նետող գյումրեցիների զայրույթը հաջողվեց հանդարտեցնել միայն եպիսկոպոսին: «Թող էրթա ղուրբան էղնի մեր Աջապահյանին, որ էստեղից սաղ պրծավ»,- ամբոխի միջից հնչեցին անգամ նման արտահայտություններ:



Շիրակի թեմի առաջնորդը, սակայն, իր գործունեությունը չի քաղաքականացնում: «Ես գործում եմ պարզ ու բացահայտ, ի շահ իմ ազգաբնակչության»,-ասում է նա: Իսկ, թե ում կամ ինչու այդքան էլ ձեռնտու չէ հովվապետի պահվածքը, իր՝ Սրբազանի համար էլ անհասկանալի է:  Սրբազանը ընդգծում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը երբեք չի խոչընդոտել իր գործունեությանը: Ավելին՝ Կաթողիկոսն իմանալով, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից հիմնադրած «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, գոհունակությամբ արձանագրել է, որ Միքայել Սրբազանի մասնակցությունը մարզի բնակչության խնդիրների կարգավորմանն ուղղված սոցիալական ծրագրերին և իբրև «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ` իր աջակցությունն է բերելու Գյումրու կարիքավոր ընտանիքներին:



Ի դեպ, քաղաքական ուժերից ոմանց կարծիքով՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Սրբազանին պատահական չի ընտրել: Միքայել Աջապահյանի հեղինակությունը նախընտրական շրջանում նրան կարող է օգնել: Սակայն Սրբազանն այս կարծիքի հետ էլ համաձայն չէ: «Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ինձ ընտրեցին խորհրդի անդամները, որից ես սիրով կհրաժարվեի, եթե այլ թեկնածու լիներ, իսկ քաղաքապետ միանշանակ ընտրելու է ժողովուրդը»,-ընդգծեց նա:



Արևիկ Հակոբյան, Գյումրի