Բացառություն Շավարշ Քոչարյանի համար

Բացառություն Շավարշ Քոչարյանի համար

Այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում ամենալուսավոր մտքերը հայերի գլուխներում են ծագում: Օրինակ, ո՞ր ազգի մտքով կանցներ իր փոխարտգործնախարարին գործից կտրել եւ ուղարկել մարզեր` Հայաստանի արտաքին քաղաքականության խազերը մարզային ազգաբնակչությանը մանրամասնությամբ բացատրելու: Հա, ի դեպ, այսպիսի այցերը շարունակական բնույթ են կրում: Արագածոտնի մարզը լուսավորել են, հերթը, հավանաբար, Լոռու մարզինն է կամ Շիրակինը: Պատրաստվեք, որ Շավարշ Քոչարյանը հիմա պիտի գա լիկբեզ անելու:



Երբ ՀՀ ԱԳՆ կայքում կարդացի այս մասին տեղեկատվությունը, ինձ թվաց` Շավարշ Քոչարյանի պաշտոնի իջեցում են արել, եւ նա մարզ է մեկնել որպես հրահանգիչ կամ մի ուրիշ բան, որին հանձնարարել են զրույցներ վարել ՀՀ արտաքին քաղաքականության մասին: Բայց, չէ, ահա, սեւով սպիտակի վրա գրել են. «ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հունիսի 10-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային այցն Աշտարակ եւ հանդիպումը քաղաքի բնակչության հետ»: Կրակ են սրանք: Այ ձեր ցավը տանեմ, Շավարշ Քոչարյանը հո գյուղնախարար կամ տարածքային կառավարման նախարար չէ՞, որ մարզեր գնա, կթվորուհիների հետ հանդիպի, հողագործների եւ անասնապահների: Շավարշ Քոչարյանի գործը, ախր, մի քիչ ուրիշ է:



Օրինակ` ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամբողջ օրը դիվանագիտական գործերի մեջ է` մեկ Քերրիի հետ է դիվանագիտություն անում, մեկ` Օբամայի, Պորոշենկոյի մասին էլ չեմ ասում, որին ամեն օր է դիվանագիտություն անում: Ուրեմն այս Մարիա Զախարովան վերջերս դիվանագիտություն արեց նաեւ Նժդեհի արձանի կապակցությամբ, բայց նրա բախտը չբերեց այնքանով, որ ՀՀ արտգործնախարարության տանը մարդ չկար, որ Զախարովայի հետ դիվանագիտություն աներ: Նալբանդյանը, ինչպես միշտ, այդ վճռական ժամին Բրյուսելում էր, իսկ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը, ինչպես արդեն ասացինք, գնացել էր Արագածոտն` ծաղիկ-մաղիկ ջրելու: Ի դեպ՝ Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում:



Արագածոտնում տեղի ունեցած այդ հանդիպումը, բնականաբար, անցկացվել է մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մասնակցությամբ, ներկա են եղել մարզի առանձին ոլորտների ղեկավար-դիվանագետներ, ՀՀ արտաքին քաղաքականությամբ խիստ հետաքրքրված հասարակության ներկայացուցիչներ: Այդ օրը Արագածոտնի մարզը, կարելի է ասել, ապրում էր դիվանագիտությամբ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները եւ խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարեւանների, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության հետ: Եվ այդ օրը Արագածոտնի մարզում բոլորն իմացան, թե որն է լինելու մեր պատասխանը Չեմբերլենին… Շավարշ Քոչարյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիային եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:



Շավարշ Քոչարյանի այսպիսի այցելությունները, ինչպես ասացինք, շարունակական բնույթ են կրելու: Ի՞նչ կարող է սա նշանակել: Սա առաջին հերթին նշանակում է, որ մեր մարզպետները բեխաբար մարդիկ են, մարզպետարանների համապատասխան բաժինների ղեկավարներն էլ՝ դեբիլներ, որոնք ուղղակի անկարող են ժողովրդի լուսավորման գործը կազմակերպել սեփական ուժերով: Մյուս կողմից էլ սա նշանակում է, որ Շավարշ Քոչարյանին կարելի է ԱԳՆ-ում նշանակել ազատ ունկնդիր, որ հետեւի անցուդարձին, լսի` ինչ են խոսում, ու գնա գյուղերում պատմի: Իսկ գյուղերում, հասկանում ես, հենց քաղաքից մարդ է գալիս, տանում են կարկուտի ծեծած այգիներն են ցույց տալիս, քամու տարած տանիքները: Ու եթե Շավարշ Քոչարյանը նաեւ այս կարգի կարեւոր տեղեկություններ բերի Երեւան եւ զեկուցի վարչապետին, գյուղացին բավականին կշահի: Մնում է, որ գյուղնախարարությունից կամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից չխանդեն ՀՀ ԱԳՆ-ի այս նախաձեռնությունը:



Իսկ ինչ վերաբերում է Զախարովայի` Նժդեհի արձանի կապակցությամբ դիվանագիտությանը դիվանագիտությամբ պատասխանելուն, ապա դա, թերեւս, կարելի էր անել նաեւ Արագածոտնի մարզից: Լավ դիվանագետը նա չէ, որ ժամերով ճառում է անցած-գնացած բաների մասին, այլ նա, ով կարողանում է կենդանի իրավիճակներում, թեկուզ կով կթելիս, կենդանի պատասխան տալ ընդդիմախոսին:



Մի խոսքով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` մարզեր գնալու հանձնարարականում երեւի պետք է բացառություն անել արտգործնախարարության եւ հատկապես փոխարտգործնախարարի համար: ՀՀ արտաքին քաղաքականությունը մարզային բնակչությանը բացատրելու համար շատ ուրիշ մարդիկ կան, իսկ Շավարշ Քոչարյանը պարտավոր է դիվանագիտությամբ զբաղվել: Դա է նրա գործը, կարծեմ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ