Կոստանյանը շարունակում է իրեն շրջապատել նվիրյալներով

Կոստանյանը շարունակում է իրեն շրջապատել նվիրյալներով

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար ուրախ օր էր։ Իրականացավ նրա վաղեմի երազանքը՝ նրա նվիրյալ եւ մտերիմ Արթուր Դավթյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրաչ Բադալյանին, որից Կոստանյանը երազում էր ազատվել։ Համակարգին մոտ կանգնած անձինք վստահեցնում են, որ նախագահականում վաղուց էին տեղյակ, որ գլխավոր դատախազը չի ուզում աշխատել իր տեղակալի հետ։ Բայց հորդորել են անհաշտ կոլեգաներին լեզու գտնել միմյանց հետ։ Լեզու գտնելու փոխարեն գլխավոր դատախազը Բադալյանին աստիճանաբար դուրս է մղել աշխատանքից, հանձնարարություններ չի տվել։ 2013 թվականին, ինչպես հայտնի է, Հրաչյա Բադալյանին նշանակեցին Կոստանյանի տեղակալ եւ ազատեցին Երեւանի դատախազի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր, կարելի է ասել, անհիշելի ժամանակներից՝ 2001 թվականից։ Ի դեպ, նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն է, նաեւ նրա հեռավոր ազգականը եւ հենց Աբրահամյանին է պարտական իր առաջխաղացման համար։



Գեւորգ Կոստանյանն ընդամենը 10 օր էր, ինչ գլխավոր դատախազ էր դարձել, եւ նրա առաջին հրամաններից մեկն Արթուր Դավթյանին Շենգավիթի դատախազի պաշտոնից հանելն ու քաղաքի դատախազ նշանակելն էր։ Օր օրի սեղմվում, նեղացվում էր Հրաչյա Բադալյանի պարտականությունների շրջանակը, նրա վրա գործեր չէին մակագրում, «աշխատում» էին նրա թիմի մարդկանց դեմ։ Իսկ նրա թիմը փոքր չէր, ոչ էլ թույլ․ նրանք համակարգում երկրորդ բեւեռն էին ստեղծել՝ ընդդեմ Կոստանյանի։ Եվ երբ Կոստանյանն զգաց, որ Բադալյանի թիմն ուժեղանում է, նախ պաշտոնից ազատեց նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանին՝ «սեփական դիմումի համաձայն», իսկ նա Հրաչյա Բադալյանի աջ թեւն էր համարվում։ Այնպես որ, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելուց առաջ Բադալյանը գրեթե անգործ էր։ Գնում-գալիս էր աշխատանքի եւ ազատման դիմում չէր գրում։ Դատախազությանը մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ որոշ ժամանակ առաջ գլխավոր դատախազ Կոստանյանը գնացել է նախագահական՝ նախագահին ասելու, որ այլեւս չի կարող աշխատել Հրաչյա Բադալյանի հետ։ Այս անգամ նախագահը համաձայնել է լուծել խնդիրը հօգուտ Կոստանյանի՝ Հրաչյա Բադալյանի համար ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը նախատեսելով։ Բադալյանի համար անգամ պատրաստ են եղել նոր «տեղ» բացել՝ իրեն հոգեհարազատ վերահսկողական գործառույթներով։ Ի վերջո, եւ ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը, եւ Հրաչյա Բադալյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեւի մարդիկ են եւ պետք է իրար հետ լավ աշխատեին։ Սակայն նոր նշանակումը չստացվեց։ Թե ինչու՝ աղբյուրները լռում են, ինքը՝ Հրաչ Բադալյանը, չի շփվում ԶԼՄ-ների հետ եւ պարզաբանումներ չի տալիս։ Տեղեկություն ունենք, որ նա, որպես դատախազության հնաբնակ, չի ցանկացել այդ պաշտոնը։ Ինչպես հայտնի է, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ էլ նա առանձնապես ջերմ հարաբերություններ չի ունեցել, ուստի Քննչական կոմիտե գնալու հնարավորությունն էլ է բացակայում։



Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, համակարգում նա «խելացի, բայց հարմարվող տղայի» համբավ ունի եւ ամենեւին համակարգի սյուներից չէ։ Հանրության տեսադաշտում նա հայտնվել է «Հարսնաքարի» գործով՝ մեղադրող դատախազն էր։ Հանրության եւ ակտիվիստների աննախադեպ ճնշման տակ այս գործը միայն մասամբ սվաղեցին։ Դատախազության աղաղակող կիքսերն այս գործով մոռանալ հնարավոր չէ։ Օրինակ, թե ինչպես էին ռեստորանի հավաքարարները մաքուր լվացել Վահե Ավետյանի սպանության վայրը, եւ տեղազննությունը նշանակվեց դեպքից միայն 10 օր անց։ Չի մոռացվել նաեւ «Հարսնաքարի» տիրոջ՝ Նեմեց Ռուբոյի ձևական հարցաքննությունը, որն անցել էր «սուրճի սեղանի շուրջ»։ Քննիչները Ռուբեն Հայրապետյանին գրեթե հարց չէին տվել։ Հարցաքննության արձանագրությունն ընդամենը մեկ էջ էր։ Նեմեցը որևէ պատասխանատվության չենթարկվեց, թեև մեղադրյալներից հինգը նրա թիկնապահներն էին։ Այն ժամանակ, դատավարությունը չավարտված, Արթուր Դավթյանին պարգեւատրեցին «Հարսնաքարի» գործով տառապանքների համար՝ նշանակելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Ի դեպ, չի բացառվում, որ նոր նշանակումը եւս յուրօրինակ պարգեւատրում է, քանի որ լավատեղյակ աղբյուրը, որը սահմանադրական հանրաքվեի ընթացքին ակտիվորեն հետեւողներից է եղել, պնդում է, որ հանրաքվեից առաջ նրան տեսել է ԿԸՀ-ից դուրս գալուց։ Գուցե նա ԿԸՀ նախագահին մասնագիտական դասե՞ր է տվել հանրաքվեից առաջ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ