Եթե չլիներ ԵՏՄ-ն, Հայաստանի վիճակը կլիներ ավելի վատ. փոխվարչապետ

Եթե չլիներ ԵՏՄ-ն, Հայաստանի վիճակը կլիներ ավելի վատ. փոխվարչապետ

Թեպետ մրցանակաբաշխությունը կրում է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» անվանումը, սակայն Հովիկ Աբրահամյանն արդեն երկրորդ տարին է, որ մասնակցություն չի ունենում միջոցառմանը, գեղեցիկ սեռի իր կոլեգաներին մրցանակները շնորհում են Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչները:



Անցյալ տարի վարչապետին ներկայացնում էր դեռ նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս տարի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով մինչ միջոցառումը մի փոքրիկ զրույց ունեցավ լրագրողների հետ, հավաստիացրեց, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը չլիներ, Հայաստանի վիճակը կլիներ ավելի վատ. «Բարձր սպասելիքները կապված են տնտեսական իրողության հետ, և ԵՏՄ-ի անդամակցությունը մեղմացրել է այն հարվածը, որը մենք ստացել ենք: Ազդեցությունն ու տնտեսական գործոնը, որ ունի ԵՏՄ-ն, մասնավորապես՝ էներգակիրների գների նվազումը, դրա հետ կապված բնակչության եկամուտներն ամբողջ տարածքում և ԵՏՄ սպառման նվազումը, և մեր ներքին սպառման նվազման գործոնները, ինչպես նաև դրա հետ կապված փոխանցումների նվազումը, անկախ դրանից՝ մենք լինենք ԵՏՄ-ի մեջ կամ չլինեինք, միևնույնն է՝ դա ազդելու էր ՀՀ-ի վրա»,-ասաց փոխնախարարը:



Փոխնախարարին դահլիճ ուղեկցեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով հրաժարվեց խոսել լրագրողների հետ: «Վարչապետի անունից ջերմորեն ողջունում եմ բոլորին «Լավագույն կին գործարար 2016» մրցանակաբաշխության կապակցությամբ: ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական քայլեր, որոնք ուղղված են երկրի սոցիալ-տնտեսական գործում կանանց դերի մեծացմանը, խտրականության վերացմանը, տարբեր գործընթացներում կանանց ներգրավվածությանը».- իր ելույթում նշեց Վաչե Գաբրելյանն ու անցավ «պատասխանատու» աշխատանքին՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհելով իրենց մրցանակները:



Այսպիսով տարվա լավագույն կին գործատու ճանաչվեց Երևանում Աննա Արուտչյանը, ում ջանքերով գործում է նախադպրոցական ուսումնական հաստատություն, իսկ Գյումրիից՝ Անահիտ Մուրադյանը, ով զբաղվում է խմորեղենի արտադրությամբ:



Լավագույն կին նորարար. Երևան, Հասմիկ Սահակյան, խորհրդատվական ծառայություն:
Գորիս, Արմենուհի Հայրապետյան, հյուրանոցառեստորանային համալիր:



Կին գործարարի լավագույն ապրանքանիշ. Երևան, Սաթիկ Աչիկյան, հրուշակեղենի արտադրություն:



Ստեփանավան. Թամարա Մատինյան, մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրություն:



Լավագույն երիտասարդ կին գործարար. Երևան, Քրիստինե Գրիգորյան, հագուստի մոդելավորում:



Գետափ համայնք. Հայարփի Սարդարյան, ջերմոցային տնտեսություն՝ հոլանդական վարդերի և կակաչներ:



Լավագույնսկսնակ կին գործարար. Երևան. Տաթևիկ Հարությունյան, աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն:



Քաղաք Ճամբարակ. Լյուդա Բալյան, պանրի արտադրություն:



Լավագույն արտահանող կին գործարար. Երևան, Անահիտ Մարկոսյան, բնական կոսմետիկ միջոցներ:



Համայնք Աղձք. Գայանե Ղազարյան չրերի արտադրություն: