Հանքավանի արգելոցում անասնագոմեր են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանքավանի արգելոցում անասնագոմեր են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանքավանը, ինչպես հայտնի է, հարուստ է հրաշալի, բուժիչ ջրերով եւ տաք աղբյուրներով։ Տեղացիները պատմում են, որ այդ ջրերը հիվանդին ոտքի են հանում, ահելին ջահելացնում։ Խորհրդային շրջանից, դեռ 1970-ականներից, այս տարածքը ճանաչվել է որպես ջրաբանական արգելոց, հատուկ պահպանվող տարածք եւ գտնվում էր պետության հսկողության տակ։ Սրան դժվար է հավատալ, երբ մաքուր աղբյուրների կողքին արածող կովեր եւ ոչխարների հոտեր ես տեսնում։ Այստեղ, Հանքավան գյուղի մոտակայքում, առողջարանի հարեւանությամբ «յայլա» է։ Հովիվներն անասունը քշում-բերում են ու պահում են ամիսներ շարունակ։ Այստեղ եզդիները նույնիսկ ինչ-որ բետոնե շինություններ են կառուցել, անասնագոմեր կամ գուցե նաեւ բնակելի տարածք սարվորների համար։ Մինչդեռ արգելոցում հողահատկացումներ կատարելը կամ տարածքներ վարձակալությամբ հանձնելն օրենքով արգելված է։ Մենք պարզաբանում խնդրեցինք բնապահպանության նախարարությունից։



«Հանքավան ջրաբանական արգելանոցն իրոք նախարարության ենթակայության ներքո պահպանման տարածք է։ Ահազանգը փոխանցել ենք բնապահպանական տեսչությանը, աշխատակիցները գնացել են ձեր ահազանգի հետքով, ավելի ուշ կհայտնենք արդյունքի մասին»,- պատասխանեցին այնտեղից։ Քիչ ուշ նախարարի խոսնակը հայտնեց, որ աշխատակիցները պարզել են, որ Հանքավանի առողջարանից դեպի գյուղ տանող ճանապարհին գտնվող տարածքը, որտեղ եզդիների վրաններն են, ջրաբանական արգելոցի սահմաններից դուրս է։ «Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրն սկսվում է Հանքավան եւ Արտավազ համայնքների բաժանման հատվածից դեպի հյուսիս-արեւմուտք՝ ընդգրկելով շուրջ 5203 հա՝ զբաղեցնելով Մարմարիկ գետի ձախակողմյան հատվածը: Ձեր կողմից նշված տարածքը գտնվում է Մարմարիկ գետի աջակողմյան հատվածում եւ դուրս է արգելավայրի տարածքից»,- պատասխանեց նախարարի մամուլի քարտուղարը։



Հասկանալի չէ, թե ինչով են տարբերվում Մարմարիկի աջակողմյան ջրերը ձախակողմյան ջրերից։ Ինչո՞ւ են առաջինները կենարար համարվում, մյուսները՝ ոչ։ Տեղացիները պատմում են, որ հովիվների վրաններն ու անասնագոմերն այստեղ եղել են դեռեւս նախկին մարզպետ, ներկայում վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի ժամանակներից։ Արգելոցի տարածքն ապօրինաբար կրճատել են՝ օգտագործելով տնտեսական նպատակներով։



Պարզաբանումների համար զանգահարեցինք Կովալենկո Շահգալդյանին։ Նա, պարզվեց, առաջին անգամ էր լսում «ջրաբանական արգելոց» բառակապակցությունը։ «Այդպիսի բան կա՞,- հարցրեց վարչապետի խորհրդականը,- այո, այնտեղ կան հատուկ պահպանության տակ գտնվող տարածքներ, եւ, իհարկե, այդ տարածքները չի կարելի օգտագործել անասնապահական նպատակով կամ ժամանակավոր շինություններ այնտեղ կառուցել։ Իմ պաշտոնավարման ընթացքում այնտեղ եզդիների կամ հայերի վրաններ չեն եղել, չգիտեմ, գուցե հետո են դրվել»։ Նա հիշեց, որ այդտեղ կան արոտատեղեր, Մարմարիկի ջրամբարից էլ այն կողմ, եւ այդ արոտավայրերը մրցութային կարգով եւ հատուկ պայմաններով տրվում են վարձակալության։ «Գուցե խոսքն ա՞յդ հողերի մասին է»,- ասաց մարզպետը։ Այսօրվա մարզպետ Կարո Գուլոյանը, որը հեռախոսին պատասխանելու սովորույթ չունի, անհաղորդ էր նաեւ այս անգամ։ Իսկ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն անմիջապես արձագանքեց մեր զանգին։



- Մենք ունենք երկու ջրաբանական պետական արգելավայր։ Մեկը Ջերմուկինն է, մեկը՝ Հանքավանինը։ Ժամանակին այդ ջրաբանական տարածքները շատ մեծ էին եւ ներառում են նաեւ գյուղեր։ Այդ արգելոցի մոտավորապես 45 տոկոսը վերջին 10 տարիներին կրճատվել է։ Մոտ 9 հազար հեկտարից դարձել է մոտ 5 հազար, քանի որ այդտեղ կան հանքերեւակումներ՝ կոմերցիոն մեծ արժեք ներկայացնող։ Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցների թեթեւ ձեռքով արգելոցի տարածքը կրճատվեց։



- Այստեղ կարելի՞ է անասուն պահել։



- Իհարկե, բնակիչները հաճախ անասուն են պահում այդ տեղերում, բայց օրենքը պահանջում է, որ աղբյուրների հատվածներում սանիտարական գոտիներ նշված լինեն։ Արգելավայրը, որտեղ կան ունիկալ ջրագոյացումներ, ունի իր կանոնադրությունը, եւ այդ գոտիներն այնտեղ պետք է նշված լինեն։



- Ուզում եմ, ի վերջո, որպես մասնագետ նշեք, թե ինչով են վտանգավոր անասունները ջրառատ, ստորգետնյա եւ վերգետնյա աղբյուրներով ու ելքերով հարուստ տարածքի համար։



- Անասունները փչացնում են ստորգետնյա ջրերի որակը։ Ազոտային նյութերն աղտոտում են ջրերը, եւ դրանց բուժիչ հատկությունները կորում են։ Վրաններ խփելու համար այստեղ հատուկ թույլտվություն է պետք եւ ոչ թե մարզպետի, այլ պետության, բնապահպանության նախարարության։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ