Լեզվաբանի ամուսնու մահվանն ականատես աղջիկը չի ներկայանում քննիչին

Լեզվաբանի ամուսնու մահվանն ականատես աղջիկը չի ներկայանում քննիչին

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը գոհ է իր ամուսու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունից։ Մոտ մեկ ամիս առաջ Նուբարաշենի ավտոճանապարհին նրան ծեծելով սպանել էին կերուխումից վերադարձած մի խումբ ստահակներ։ Իսկ հունիսի վերջին Մեյթիխանյանի գործընկերները, գիտնականներ եւ դասախոսներ, բաց նամակով հավաստեցին, որ վշտի մեջ իրենց գործընկերոջ կողքին են, եւ հույս հայտնեցին, որ անաչառ քննություն կլինի, եւ մեղավորները կպատժվեն։



Փառանձեմ Մեյթիխանյանն ասում է, որ քննիչն ու դատախազն ամեն ինչ անում են մարդասպաններին կալանավորելու, նրանց մեղքն ապացուցելու համար։ «Քննիչն անում է, դատախազն անմիջապես արձագանքեց, ստեղծվեց քննչական խումբ»։ Սակայն տիկնոջը չի բավարարում հանրության արձագանքը։ «Կա Կանանց խորհուրդ, ինչո՞ւ այն չարձագանքեց էդ դեպքերին։ Քննչական մարմիններից ավելի կատարվածի մեջ մեղավոր է մեր հասարակությունը»։ Թեեւ մահացողը տղամարդ է, Փառանձեմ Մեյթիխանյանը վրդովված է այն փաստով, որ կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները չեն արտահայտվում այս դեպքի կապակցությամբ, ԱԺ պատգամավորները հայտարարություններ չեն անում։ «Այդ կին պատգամավորները հարց տվե՞լ են գլխավոր դատախազին կամ ԱԺ նախագահին։



Ամեն օր բռնություն է կատարվում։ Ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում պետք է պահել այս հարցը։ Իմ սկեսուրը գյուղում է ապրում։ Նրա այգին սահմանակից է գերեզմանին։ Նա ամեն օր կարողանում է գնալ որդու գերեզմանը տեսնելու։ Օրերս գնացել է, ճամփի կեսից ոտքերը թուլացած՝ ընկել է։ Իսկ հանրապետության լավագույն փաստաբանները փորձում են պաշտպանել այդ թափթփուկներին։ Պահը կգա, եւ ես կհրապարակեմ այն, ինչ պետք է»։ Ի դեպ, լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Արարատ Նիկողոսյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը մոտ մեկ ամիս առաջ փոխվել է։ Նիկողոսյանին պաշտպանում է հայտնի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Լրագրողների հետ Մեյթիխանյանը չի ցանկանում համագործակցել, մեծ վստահություն ունենալով դատախազության նկատմամբ։ Ի՞նչ գիտի Փառանձեմ Մեյթիխանյանը, որ չի հրապարակում։ «Ես ձեր թերթը շատ եմ հարգում, բայց ես հո տեղեկատվական բյուրո չե՞մ»,- պատասխանում է լեզվաբանը՝ հորդորելով դիմել Կանանց խորհրդին։ Ավելի վաղ, ինչպես հիշում ենք, նա բաց նամակով նախագահի ուշադրությունն էր հրավիրել ամուսնու սպանությանը, չնայած նույն նախանձախնդրությունը չի ցուցաբերել այլ սարսափելի հանցագործությունների դեպքում, օրինակ, 2008 թվականի մարտի մեկին 10 քաղաքացիների սպանության գործում։ Իսկ Եղիշե Պետրոսյանի սպանության գործով այս պահին կալանավորվածները չորսն են՝ Էրեբունու Արեշ թաղամասի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, որի կինը Չիչոյանի քույրն է, իսկ հայրը՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից։ Եվ Յուրի Հ.-ն, որը վերջինն էր ձերբակալվել։



Չորսն էլ մանկության ընկերներ են, եւ չորսին էլ մեղադրանքներ են առաջադրվել սպանության հոդվածով՝ 104-րդի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով)։ Դեպքից անմիջապես հետո գրվեց, որ հարձակվողների հետ եղել է նաեւ երիտասարդ աղջիկ, սակայն նրա անունը մինչ օրս թաքուն են պահում։ Մեր տեղեկություններով, որոնք ՀՔԾ-ից հրաժարվում են ճշտել, այդ երիտասարդ աղջիկը ծանուցագրեր է ստանում, սակայն չի ներկայանում նախաքննության մարմին՝ պատճառաբանելով, որ ինքը «վատ է»։ Ի դեպ, Էրեբունու բնակիչները Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի հարեւաններն են, եւ առաջին իսկ օրերին մտավախություն կար, որ նրանք դիմելու են վերջինիս՝ իրենց պատասխանատվությունից փրկելու խնդրանքով։ Հավանաբար, հենց այս հույսով էին տղաներն ուշ ներկայացել իրավապահներին եւ քննության առաջին օրերին հետախուզման մեջ էին։ Արարատ Նիկողոսյանը դեպքից 7 օր անց է հանձնվել։ Ըստ նրա փաստաբանի՝ նա չի իմացել, որ 58-ամյա տղամարդը մահացել է, եւ իմանալուն պես անմիջապես հանձնվել է։



Ի դեպ, ոչ Չիչոյանը, ոչ էլ Նիկողոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել։ Նիկողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտումներ է արձանագրում։ «Ոստիկանությունը, լրատվական կայքերը դեպքից անմիջապես հետո տարածեցին նրա լուսանկարները՝ որպես հանցագործի»։ Ըստ փաստաբանի, նա ներկայացել է ոչ թե այն պատճառով, որ փախած էր։ Մարդիկ ներկայանում են նաեւ այն բանի համար, որ տեսնեն, թե ինչում են իրենց մեղադրում։ Եղել է դեպքի վայրում Նիկողոսյանը, թե ոչ, Սիմոնյանը չհայտնեց։ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանին հարցրինք, թե արդյոք իր պաշտպանյալն Արեշի՞ց է եւ դիմե՞լ է արդյոք Գասպարյանի թիկնազորի պետին՝ իրեն պաշտպանելու խնդրանքով։ «Այո, Արեշի բնակիչ է, Արեշ կոչվող թաղի,- պատասխանեց նա,- ես, որպես քրեական գործով զբաղվող Չիչոյանի պաշտպան, կարող եմ ասել, որ նրա պաշտպանությամբ կարող է հանդես գալ միմիայն Փաստաբանների պալատի անդամ եւ փաստաբան հանդիսացող անձը, եւ նրա պաշտպան եմ հանդիսանում միայն ես»,- համոզված պատասխանեց Պողոսյանը։ Կուզեինք կիսել նրա այս համոզմունքը, որ իրավական երկրում ենք ապրում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ