Սոցփաթեթը կկրճատվի. վարչապետը հաստատեց

Սոցփաթեթը կկրճատվի. վարչապետը հաստատեց

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ պետական աշխատակիցների եւ քաղծառայողների համար նախատեսված սոցփաթեթը կրճատվելու է: Նա հայտարարեց, որ հանգստի բաղադրիչի հետ կապված չարաշահումները շարունակվում են, այս հանգամանքը հաշվի առնելով՝ իր հանձնարարականով ուսումնասիրություններ են իրականացվել վարչապետի վերահսկողական ծառայության կողմից, այժմ Վերահսկիչ պալատն է զբաղվում այս շարունակական խնդրով:



Վարչապետը հայտարարեց, որ ֆինանսների նախարարը առաջարկել է 2017-2019թթ կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը՝ թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը, սակայն Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ կասեցումը խիստ մեթոդ է: «Կարծում եմ՝ հարկավոր է ժամանակավոր կասեցնել հանգստի բաղադրիչը՝ կրճատելով դրա հետ կապված ծախսերը: Էկոնոմիկայի, սոցապ, ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է վերամշակել սոցիալական փաթեթն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն չարաշահումները»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:



Նշենք, որ սոցիալական փաթեթի արժեքը տարեկան 132 հազար դրամ է, որից 52 հազարն աշխատողի բժշկական ապահովագրությունն է, իսկ մնացածը նա կարող է ծախսել այլ ուղղություններով՝ հիպոթեքային վարկ մարել, իր կամ երեխայի ուսման վարձը մուծել, նաեւ Հայաստանում կամ ԼՂՀ տարածքում հանգստանալ։ 80 հազարը մեծ թիվ չէ, բայց ուսուցիչների, թանգարանների աշխատողների կամ պետական ապարատի կրտսեր անձնակազմի համար էլի ինչ-որ բան է։