Քաղաքացին մտել է ոստիկանապետի մոտ, ծեծել եւ կծել է նրա խորհրդականին

Քաղաքացին մտել է ոստիկանապետի մոտ, ծեծել եւ կծել է նրա խորհրդականին

Երեւանի բնակիչ Արմեն Խալոյանը դատապարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Քաղաքացին պատմում է, որ սա սուտ է, իրականում ոստիկաններն են իրեն ծեծել, իսկ իր հանցանքն ընդամենը այն է եղել, որ, հանիրավի զրկվելով բնակարանից, փորձել է դիմել պատկան մարմիններին։ Գործի հանգամանքներում չխորանանք, մանավանդ, որ Արմեն Խալոյանն արդեն ազատվել է, եւ կալանավայրում անցկացրած ժամանակը հետ չի դառնա։ Ավելի հետաքրիր է այն, որ այս պատմության գլխավոր հերոսը ոստիկանության աշխատակազմի ղեկավար, ոստիկանությունում ստվերային կարդինալի համբավ ունեցող Մերուժան Հակոբյանն է։ Գործով նա անցնում է որպես տուժող։ Մերուժան Հակոբյանը նաեւ անվանի հարազատներ ունի։ Նրա հայրը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն է, իսկ նրա քրոջ ամուսինը՝ Մարտի մեկի գործով հայտնի քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Ահա այսպես տաքուկ են տեղավորվում մեր պաշտոնյաներն ու նրանց զավակները՝ ՀՀ հարկատուների հաշվին իրենց համար դրախտային կյանք եւ լիարժեք ամենաթողություն ապահովելով։ Մեր ձեռքն ընկան սույն տուժողի ցուցմունքները Խալոյանի դեմ։ Դրանք կարդալով՝ ապշում ես, թե ինչպես է Շվարցենեգեր Խալոյանը կարողացել միայնակ մտնել ոստիկանական բաժանմունք, բոլորին հայհոյել, կոպտել, հարվածել, վերջում էլ ինքն իրեն ծեծել ու վնասվածքներով հայտնվել բանտում։
Մերուժան Հակոբյանի ցուցմունքներից հետեւում է, որ նա (2012 թվականին, երբ կատարվել է դեպքը, Մերուժան Հակոբյանը ոչ թե աշխատակազմի ղեկավար էր, այլ խորհրդական՝ Ս․Ս․) 2012թ. հոկտեմբերի 25-ին իր համար նստած է եղել իր աշխատասենյակում, մեկ էլ ընդունարանից զանգել, ասել են, որ մի քաղաքացի ուզում է իրեն տեսնել։ Իջել է ընդունարան ու տեսել է Խալոյանին, որն «ագրեսիվ էր տրամադրված» եւ պահանջում էր ընդունելություն ոստիկանության պետի մոտ։ Ոստիկանապետի խորհրդականը «կուլտուրական» ճշտում է կատարել, թե արդյոք ինչ նպատակով է քաղաքացին ընդունելություն պահանջում, «որից հետո Ա. Խալոյանն սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ ոստիկանության պետի, ոստիկանության եւ իր հասցեին»։ Խալոյանին ոչ Մերուժան Հակոբյանի մեղմ ձայնն է հանգստացրել, ոչ նրա քաղաքավարի հորդորները։ Նա ավելի ու ավելի է կատաղել, գոռացել է, սեռական հայհոյանքներ տեղացել ոստիկանի գլխին, եւ այդտեղ ներս են մտել այլ ոստիկաններ եւ «ոստիկանուհիներ», եւ բոլորը տեսել են, որ կատաղած, խելագարված քաղաքացին քաշքշում է Մերուժան Հակոբյանին, հայհոյում է, ծեծում է նրան։ Տեսնելով, որ քաղաքացին ոչ մի կերպ չի հանգստանում, Վովայի խորհրդականը փախել է դռան մոտ, «Ա. Խալոյանը քայլել է իր հետեւից եւ, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ընդունարանի աթոռների վրա։ Ընկնելու պատճառը նրա ոչ սթափ վիճակն է եղել, նրա վրայից ալկոհոլի սուր հոտ է եկել։ Օգնելու համար անմիջապես մոտեցել է Ա. Խալոյանին եւ նկատել է, որ նա վնասել է շրթունքը։ Դրանից հետո Ա. Խալոյանը հարձակվել է իր վրա, վիրավորել եւ հայհոյանքներ է տվել, հրել ու քաշքշել է իրեն, որի ընթացքում մեկ անգամ ձեռքով հարվածել է եւ կծել է իր դեմքի աջ հատվածը»։ Նորանոր ոստիկաններ են եկել՝ կատաղած, բոլորին կծող ու հայհոյող քաղաքացուն հանգստացնելու՝ Սամվել Ներսեսյանը, Մհեր Մխիթարյանը, Գոռ Դանիելյանը, բայց իզուր՝ քաղաքացին նրանց էլ է վիրավորել ու կծոտել։ Ահա այսպես, մոտ 20 րոպեով խաթարվել է մեր քաջարի ոստիկանների աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հանցագործ է այդ ընթացքում ազատություն ստացել, քանի գործ կարող էր բացահայտվել, քանի միջադեպ կարող էին կանխել, եթե չլիներ այդ խելագար, կծան Շվարցենեգեր Խալոյանը։ Զարմանալի չէ, որ հետագայում, դատաքննության ժամանակ ՍԴ աշխատակազմի ղեկավարի որդու՝ Գասպարյանի խորհրդականի ցուցմունքներից շեղումներ չեն եղել։ Դատավճռով արձանագրվել է, որ Խալոյանը «ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ․ Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տեւողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը»։ Կալանավայրում Խալոյանն անցկացրել է 5 տարի եւ օրերս դուրս է եկել այնտեղից՝ անտուն, առանց փաստաթղթերի, չարացած։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ