Աշոտյանի մասով չեմ ուզում ասել, իմ մասով ասեմ

Աշոտյանի մասով չեմ ուզում ասել, իմ մասով ասեմ

Հարցազրույց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ



- Պարոն Մկրտչյան, վարչապետը երեկ քննադատում էր կրթության ոլորտը, բայց նախկին նախարարը՝ Արմեն Աշոտյանը, ամենաակտիվ նախարարներից էր, երբ նա ելույթ էր ունենում, թվում էր, թե շատ բան է արվում։ Հիմա ինչ, փաստորեն, ամեն ինչ վա՞տ է եղել։



- Իհարկե, ոչ։ Այսօր կրթության ոլորտը սերտորեն առնչված է մեր երկրի, աշխատաշուկայի կայացման հետ, տնտեսական առաջընթացի։ Եթե այնպիսի լավագույն մասնագիտությունը, ինչպիսին է ֆիզիկան, գտնվում է բավականին բարդ վիճակի մեջ, հետեւապես, հիմնական պատճառը նաեւ աշխատաշուկայի հիմնախնդիրն է։ Եվ այս ընթացքում երկրի բյուջետային հնարավորությունները հանգեցրել են բավականին ցածր աշխատավարձերի։ Ոլորտում կուտակված խնդիրներն աստիճանաբար պետք է լուծվեն։ Ես ինքս այդ խնդիրների մեջ եմ եղել ասպիրանտուրան ավարտելուց հետո եւ կողմնակից եմ եղել, որ այդ թեմաների մասին խոսենք։ Հավանական է, որ մենք էլ չկարողանանք այս հարցերին շատ արագ լուծում տալ։



- Այսինքն՝ Ձեր նախարար աշխատելու ընթացքո՞ւմ էլ կրթության ոլորտի խնդիրները չեք լուծելու։



- Բայց որ արմատական որոշակի հարցեր կարող ենք շատ արագ լուծել, սա էլ է միանշանակ։ Ես չեմ ուզում պարոն Աշոտյանի մասով ասել, իմ մասով ասեմ։ Նույն այդ ուսուցիչների ատեստավորման գաղափարը եվրոպական գաղափար էր, ու մեզ թվում էր, որ մեզ մոտ էլ կաշխատի, եւ բավականին կուժեղացվի դպրոցը։ Բայց տարիները ցույց տվեցին, որ ունենք որոշակի դժգոհություն, եւ այդ համակարգը չի աշխատում։ Ավելի լավ չէ՞ դրա մասին խոսենք ու փորձենք մեր այսօրվա պայմաններին համարժեք փոխել։



- Բայց Աշոտյանն էլ էր կրթության որակի բարելավման, չափորոշիչների՝ այդ նույն բաների մասին անընդհատ խոսում։ Հիմա Դուք վատը չեք ասում նրա մասին, որովհետեւ կոալիցիայի անդա՞մ է ձեր կուսակցությունը։



- Չէ, ես կատարում եմ իմ աշխատանքը։ Պատասխանատվություն ունեմ, տեսնում եմ, որ այս խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի որակի Ձեր ասած խնդիրները կարգավորվեն։



- Մի հարց էլ, որին անդրադարձել ենք։ Նախարարությունում վարկային ծրագրեր իրականացնող ԾԻԳ-ի տնօրեն փոխվեց։ Հասմիկ Ղազարյանին հրաժեշտ տվեցիք, եկավ բնապահպանության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը։ Ինչո՞վ էր պայմանավորված այս ընտրությունը։



- Հասմիկ Ղազարյանն առաջ աշխատում էր «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի տնօրենի տեղակալ, հետո, երբ տնօրեն Կարինե Հարությունյանը գնաց, նա վերցրեց պատասխանատվությունը։ Ի դեպ, ՀՀԿ անդամ է 2002 թվականից եւ նշանակվել է վարչապետի կողմից։



- Բայց բնապահպանությունում էլ լուրջ ծրագրեր կան, ինչո՞ւ եկավ այստեղ՝ ավագ դպրոցների ծրագիր անելու։



- Նա կրթական համակարգում է եղել, նախարար Էդուարդ Ղազարյանի ժամանակ։ Փորձառու է շատ։ Աշխատել է նաեւ ԱԳՆ-ում։ Այնուհետեւ՝ կրթության համակարգ ու մինչեւ բնապահպանական ԾԻԳ-ը նա կրթական համակարգի աշխատող էր։ Կարող եք այլ տեսանկյունից նայել, որ բնապահպանական ԾԻԳ-ն իրեն հոգեհարազատ չէր։



- ԾԻԳ-երում վարչապետն իր մարդկա՞նց է դնում՝ այսինքն։



- Չէ, ՀԲ-ի ավագ դպրոցներին վերաբերող ծրագիրն ունի շինարարական կոմպոնենտ, եւ կրթության նախարարությունը չունի այդ գործառույթը։ Պետք է ավարտենք 17 դպրոցների շինարարությունը։ Հովհաննիսյանը փորձ ունի շինարարության, եւս 3-4 շինարար պետք է բերենք։ Իսկ Հասմիկ Ղազարյանը հիմա տեղակալ կնշանակվի, բովանդակային խնդիրների լուծմամբ կզբաղվի։ Նա շինարարության խնդիրներից հեռու է, ոնց որ ես։ Դրա համար էլ ես վարչապետին ներկայացրի, որ ավելի ճիշտ կլինի, որ գա մեկը, որն այս փուլը՝ շինարարական, կավարտի, բայց Հասմիկը կաշխատի որպես տեղակալ, բովանդակային խնդիրները կշարունակի համակարգել, իսկ շինարարությունը պետք է ավարտին հասցնել։



- Դուք ինչ-որ ամբողջական տեսլական ունե՞ք այս տարիներին կրթության հետ կատարվող պրոցեսների։



- Տեսեք, թե ինչ եղավ։ Սկզբում իրականացրինք դասագրքերի ծրագիրը, հետո հանրակրթության ամբողջ կառուցվածքը բարեփոխեցինք, հետո իրականացրինք համակարգչավորումը, եկանք-հասանք ավագ դպրոց։ Ստեղծեցինք ավագ դպրոցն ու Գնահատման եւ թեստավորման կենտրոնը։ Հիմա էլ «կմտնենք» բարձրագույն կրթություն, եւ ամբողջ շղթան կփակվի։



- Բայց որակի առումով անելիքներ ունեք... ՀԲ ծրագրերից կրթության որակը չի բարձրացել։



- Երբ որ կառուցվածքը սարքում ես, որակն ընկնում է։ Հիմա պետք է գա որակական փոփոխությունների հերթը։ ՀԲ վարկային ծրագիրը կոչվում է «Որակ եւ համապատասխանություն»։ «Համապատասխանությունը» կատարել ենք, հիմա մտել ենք շինարարության «բլոկը»։ Շատ դպրոցներում ոչինչ չենք կարողանում անել, որովհետեւ անմխիթար վիճակում են շենքերը։ Սա էլ մյուս խնդիրն է։ Ես Աշոտյանին հասկանում եմ, թե ինչու է մտցրել այս ծրագիրը։ Բայց մենք պարտավոր ենք բարձրագույն կրթության բովանդակային ծրագիր ունենալ եւ առանց ՀԲ աջակցության դա չենք կարող անել. սա իմ համոզմունքն է։ 2018-2021 թվականներին բանակցություններ պետք է լինեն, եւ այդ ժամանակ պետք է փորձենք վերադառնալ բովանդակային հարցերին։



- Ավագ դպրոցներից մեծ դժգոհություն կա։ Կարո՞ղ եք մեկ արմատական փոփոխություն նշել այս մասով։



- Արդեն դա անում ենք։ Օրինակ՝ երեխեքը 12-րդ դասարան կգան, 12-րդ դասարանում դեկտեմբերին կհանձնեն բոլոր քննությունները, կընտրեն իրենց երեք առարկաներն ու այդ երեք առարկաներով կշարունակեն ուսումը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ