Անթույլատրելի է երկրի կյանքին զինված միջամտությունը

Անթույլատրելի է երկրի կյանքին զինված միջամտությունը

Կիրակի օրվա զինված գրոհը ցույց տվեց, որ մարդիկ հույսները կտրել են ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից։



Հիշեցնենք, որ կիրակի, լուսադեմին մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, մի խումբ, երբեմն իրար հակասող պահանջներ են առաջ քաշել՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակել։



Հատկանշական է, որ այս դեպքերին որոշ ընդդիմադիրների արձագանքը չի զիջում իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումներին։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեր զրույցում ասաց, որ ցանկացած պարագայում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ վտանգավոր իրավիճակը դեռ պահպանվում է, անթույլատրելի է երկրի կյանքին զինված միջամտությունը. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ Հայաստանում ոչ 20-25 տարի առաջ, ոչ առաջիկա 15 տարում հնարավոր չէ փողոցից որեւէ մեկը գա իշխանության, դրա նախապայմաններն ու նախադրյալները մեր երկրում գոյություն չունեն»։ Ասում է՝ իշխանություն փոխելու լեգիտիմ ճանապարհն ընտրություններն են, սակայն պատգամավորին հիշեցրինք, որ հենց ընդդիմադիրների գնահատականներով՝ վերջին բոլոր ընտրությունները կեղծվել են։ «Այո, դրա համար պետք է պայքարել, որ Հայաստանում նորմալ ընտրություն լինի, դա ուրիշ պրոցես է»,- պնդեց ԲՀԿ-ական պատգամավորը։ Մելքումյանի խոսքով՝ ցանկացած հեղաշրջում անողի հետեւից գալու է հաջորդը։ «Հիմա պատկերացրեք՝ 10 օր հետո էլ հաջորդ խումբը զինված եկավ, ուզում է իշխանության գա, ի՞նչ կլինի մեր երկիր վիճակը, դրա համար եմ ասում՝ միակ ճանապարհն ընտրություններն են»,- ընդգծեց պատգամավորը: Նա չի կիսում տեսակետը, թե մարդիկ հիասթափվել են նաեւ ընդդիմությունից ու այսօր սեփական գաղափարներով են ելքեր փնտրում. «Ես չգիտեմ, թե Դուք որ ընդդիմության մասին եք ասում, բայց ցանկացած քաղաքական ուժ իր ծրագրերը, գաղափարները պետք է այնպես առաջ տանի, որ ունենա աջակցություն։ Բայց կրկնում եմ՝ իշխանություն փոխելու լեգիտիմ ճանապարհն ընտրություններն են, առանց ընտրության զինված կամ չզինված գալ, գրոհել՝ ես չգիտեմ...»։ Մելքումյանը մեկ բան է հիմա կարեւորում՝ համախմբված խաղաղ ավարտի հասնել. «Նոր արյունահեղությունները մեզ սազական բան չեն, հոկտեմբերի 27-երը, մարտի 1-երը մեզ սազական բան չեն՝ անկախ նրանից, թե մարդիկ ոնց էին մտածում։ Միանշանակ՝ երկրում արդարության պակաս կա, սոցիալ-տնտեսական խնդիր կա, բայց էս ձեւով անընդունելի է խնդիր լուծել»։



Նորաստեղծ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանի գնահատմամբ, երկրում տարիների ընթացքում կուտակված անթիվ խնդիրներն են մարդկանց մոտ առաջ բերել հուսահատություն ու լուծումների անհնարինություն, ինչն էլ հանգեցրեց այդ քայլին։ Ընդդիմության պատասխանատվության մասով նա չի ցանկանում «իմպերատիվ» գնահատական տալ. «Անշուշտ, երբ որ քաղաքացին տեսնում է, որ այս կամ այն քաղաքական ուժը, գործիչն ինչ-որ բաների մեջ է՝ իր համար ոչ հստակ, ինքն սկսում է կասկածել։ Դա կարող է քաղաքական հենարան չունենալու զգացողություն առաջացնել, բայց, այնուամենայնիվ, այլ լուծում, քան ոչ զինված ճանապարհով է, մենք չունենք, լուծումները պետք է գնան ոչ զինված ուղղությամբ»։ Պատասխանատվության բեռն ամբողջությամբ նա դնում է իշխանության ուսերին. «Չպետք է հասցնել երկիրն այն մակարդակի, որ բոլորն անհուսության մատնվեն, պիտի հույս լինի՝ փոփոխության, հարցեր լուծելու»։ «Համախմբումն» առաջարկում է բոլոր խմբակցություններից կազմված պատգամավորների խումբ ձեւավորել, որը կմիջնորդի կողմերի միջեւ բանակցությունները. «Որովհետեւ շատ անհասկանալի իրավիճակ է, հայտնի չէ՝ բանակցություններ գնում են, թե ոչ, ասում են, թե գնում են, բայց եթե գնում է՝ ինչի՞ շուրջ են բանակցում»։



ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, Հայաստանում ստեղծված վիճակը յուրաքանչյուրին կարող է մղել նման քայլերի. «Ժողովուրդը նման իրավիճակում կարեւորում է այնպիսի ոչ օրինական գործողություններ, որոնք ածանցյալ են իշխանությունների անտարբերությանը, ոչ պետականամետ մտածողությանը, երկրում ծայրահեղ ծանր վիճակ ստեղծելուն, թալանին, կոռուպցիային, անարդարությանը եւ այլ բացասական երեւույթների։ Ահա, այս իրավիճակը վաղ թե ուշ լինելու էր Հայաստանում, սա զարմանալի չէ։ Հիմա այս խումբը քաջություն է վերցրել իր վրա՝ ցուցաբերելու այդպիսի մոտեցում, ես ոչ գովերգում եմ, ոչ դատապարտում երեւույթը, այլ ուզում եմ օբյեկտիվ հիմքերը ցուցադրել, թե ինչից է դա գալիս։ Եթե մի երեւույթն անխուսափելի է, ապա դրա նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է ադեկվատ լինի՝ մենք պետք է մտածենք ինչքան դատապարտենք»։ Դիտարկմանը, որ ընդդիմադիրների գնահատականները միանշանակ չեն այն դեպքում, երբ նրանք էլ իրենց «մեղքի բաժինն» ունեն, ՀԱԿ անդամն արձագանքեց, որ ընդդիմությունն օգտագործել է պայքարի հնարավոր բոլոր օրինական միջոցները, մնում էին անօրինական միջոցները։ «Բայց այսպիսի ծանր պայմաններում նման քայլ անելը չեմ կարծում, թե ադեկվատ քայլ է, ժամանակային առումով այն ընդունելի չէ, մենք կանգնած ենք ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ խնդիրների առջեւ, բայց քայլը կատարվել է, մարդիկ գտել են, որ իրենք այս ճանապարհը պետք է օգտագործեն, սթափության կոչ անելու փորձ է դա, իշխանություններին խելքի բերելու, նրանց ուշադրությունը բեւեռելու այն անօրինականությունների վրա, որը շարունակաբար տեւում է։ Մեր երկիրը բռնատիրական երկիր է, իսկ այս երեւույթներն անխուսափելի են։ Կարծում եմ՝ իշխանություններն օր առաջ պետք է կատարեն նրանց պահանջը»։



«Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կարծիքով էլ ամենավտանգավորն այն է, որ հասարակության մոտ իրավիճակի առթիվ կան տարբեր ընկալումներ, մինչդեռ դրանք պիտի լինեին շատ միանշանակ: «Բնակչության զգալի մասի մոտ կյանքի որակի անտանելիությունն ստիպում է ցանկացած առիթ օգտագործել սեփական ցասումն ու զայրույթն արտահայտելու համար: Եթե իրավիճակը մեր երկրում լիներ նորմալ, ապա բոլոր իրավիճակներն ու երեւույթները կունենային համապատասխան գնահատականներ:



Ցավոք, չլուծված պրոբլեմը ծնում է նոր պրոբլեմ, իսկ երկարատեւ, զանգվածային ու անելանելիության զգացում առաջացնող խնդիրներն առաջացնում են արդեն լուրջ ու այլ մակարդակի խնդիրներ: Երկրում իրավիճակը լարված է, եւ եթե դա չի դրսեւորվում անընդհատ, ապա չի նշանակում, որ այդպես չէ, եւ իշխանությունների խնդիրն է հասկանալ, որ հասարակության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար կարող են դրսեւորել այդ լարվածությունը: Նույնիսկ՝ հակաօրինական ձեւերով: Արդարություն տվեք մարդկանց, ապրելու հնարավորություն ու հույս, եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց»: Իսկ ընդդիմության պատասխանատվության մասին հարցին հարցով է պատասխանում. «Ո՞ր ընդդիմության, որին անընդհատ կոչ ենք անում միավորվելո՞ւ: Յուրաքանչյուրին առանձին-առանձին առաջարկում ենք մեր աջակցությունը եւ առաջարկել ենք բազմաթիվ առիթներով ու համոզվել, որ նրանց բոլորի նպատակը հենց չմիավորվելն է: Հենց դրա համար են նրանք ստեղծվում, գործում, լուսաբանվում ու ֆինանսավորվում: Եթե այդպիսի ընդդիմության մասին է խոսքը, ապա, այո, Դուք ճիշտ եք»։ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ երեկ ասուլիսի ընթացքում վստահորեն պնդում էր, որ Հայաստանի հասարակությունը չի կիսում հարցերի լուծման ծայրահեղական մոտեցումը: «Հասարակության շրջանում կա դժգոհություն, բայց, կարծում եմ՝ արձագանքից պարզ է, որ հասարակությունը չի կիսում հարցերն այդ ճանապարհով լուծելու մոտեցումը»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ