Նույն արճճից են, ձուլվում, իմացիր…

Նույն արճճից են, ձուլվում, իմացիր…

Բանաստեղծն ասում էր՝ գնդակն ու տառը ձուլվում են արճճից, երբ խառն է դարը, խոսքը պետք է զենքի պես զգույշ գործածել: Հեղինակությունների պսակազերծման մեր օրերում, գուցե, անախրոնիզմ է՝ հիշել անցյալ դարի հեղինակին: Մանավանդ որ հիմա, եթե ցիտում են, ապա միայն՝ օտարներին: «Քաղաքակրթվածության» ատրիբուտ է:



Բայց Գեւորգ Էմինի տողերն ինչու՞ հիշեցի: Սարգիս Հացպանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ եթե ցանկություն ունենա, «Սասնա ծռերից» ավելի մեծ խումբ կստեղծի եւ …Կարդացի երկրորդ, երրոդ անգամ: Ոչ, չեմ շփոթել, ասում է՝ «խնդիր չկա», ինքն էլ կարող է…



Ցանկացած երկրում Հացպանյանին իսկույն կձերբակալեին: Առ այս պահը նման տեղեկատվություն չկա: Բայց պատկան մարմինները, կարծում եմ, ճիշտ են կողմնորոշվել: Հացպանյանի հայտարարությունը մի նպատակ ունի՝ սադրել, որ իրեն բերման ենթարկեն: Ինչու՞: Որպեսզի իրավիճակն ավելի սրվի, մթնոլորտը շիկանա: Նոր կրքեր բորբոքվեն:



«Ինչքան՝ վատ, այնքան՝ լավ»,- ահա խնդիրը, որ ոմանք ձեւակերպում են իբրեւ «հանրային պահանջ»: Որովհետեւ կա իջեցված պատվեր՝ ամեն ինչ անել, տպավորություն ստեղծել, թե «Սասնա ծռերը» մերժված չեն, հանրային «լայն աջակցություն են վայելում»: Եւ կատարվածը ոչ թե անօրինական, այլ «բնական մի բան է»:



Ում ի՞նչ, որ սահմանադրությունն արգելում է բռնի իշխանափոխությունը, որ պետական հաստատության վրա զինված գրոհը ոչ օրենքով է արդարացվում, ոչ՝ զուտ մարդկայնորեն: Ձեւավորվել է մարդկանց որոշակի շրջանակ, որ ամենավերջին հիմարությունը «կարողանում է հիմնավորել»: Վերջ: Այլ տեսակետ գոյության իրավունք չունի: Եւ դա՝ երկրում «օրինականություն հաստատելու» կարգախոսով…



Ահա ողբերգությունը: Եւ դրա համար, անկեղծ ասած, մեղավոր ենք բոլորս: Որովհետեւ տարիներ ի վեր կուլտիվացրել ենք «հայրենիքի համար արյուն թափածի» կերպարը: Հասցրել ֆետիշի: Եւ հիմա դարձել ենք ֆետիշի պատանդը: Մեկ քայլ աջ կամ ձախ՝ պատժվում է «գնդակահարությամբ»:



Եւ այս վիճակում «միասնության» կոչեր են հնչում: Ո՞ւմ եւ ինչի՞ շուրջ: «Միայն զենքով կա հային փրկություն» անախրոնիզմի՞, այն կուլտիվացնողների՞: Աստծու սիրուն, այս իրոք արդեն մի բուռ դարձող ժողովրդին մի մատնեք դաժան փորձության: Վաղը, եթե Աստված մի արասցե, վրա հասնի աղետը, բոլորդ պիղատոսաբար հրաժարվելու եք անմեղ եւ ընդունայն արյան պատասխանատվությունից: «Մենք այդպես չէինք պատկերացնում»,- բութ անմեղսունակությամբ ասելու եք: Կամ լռելու եք, որովհետեւ դրանից հետո ո՞վ է հաշիվ պահանջելու: Մարդ չի գտնվելու: (Տես՝ Ավետիք Իսահակյանին 1917-ին Թումանյանի գրած նամակը):



Մամուլում օրերս ծաղրուծանակի էին ենթարկվել նրանք, որ 1991-ի ողբերգական ամռանը քաղաքական քաջություն եւ հեռատեսություն էին ունեցել, Ադրբեջանի հետ հարաբերություններում «առճակատումից՝ երկխոսություն» էին հռչակել, գնացել- Բաքվում Մութալիբովի հետ բանակցել եւ «Կոլցո» օպերացիայի հետագա ծավալումը կանխել էին: Չգիտեմ՝ որքանո՞վ է այդ լրատվամիջոցը տեղյակ իրադարձություններին: Միայն պիտի ասեմ, որ դա տեղի է ունեցել Մոսկվայում պետական հեղաշրջումից ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ: Իսկ Բաքվում առայսօր Մութալիբովին չեն ներում, որ իրեն տրված ժամանակը «ռացիոնալ» չի օգտագործել, Արցախի հայաթափումն ավարտին չի հասցրել:



Ապրիլյան պատերազմից հետո ես մի դիտարկում էի արել՝ «Կոլցո»-ի 25-ամյակն է… Իրավիճակն, անշուշտ, անհամեմատելի է: Մենք այսօր ունենք անկախ պետություն, կանոնավոր բանակ: Առկա են միջազգային ազդեցության լծակներ: Բայց այդքանով հանդերձ՝ ոչ ոք ֆորս-մաժորը բացառելու վստահություն չպետք է ունենա: Երբեք մի ասա՝ երբեք, քաղաքականության ոսկե կանոններից, թերեւս, առաջինը դա պիտի սերտվի:
Եւ այս վճռորոշ փուլում ներքին «ապստամբությու՞ն»: Հանուն ինչի՞, ընդդեմ ու՞մ: Եւ նման գերլարված մթնոլորտում եւս մի «խումբ ստեղծելու» հրապարակային քարոզչությու՞ն: Եւ եթե հանկարծ բոլորն սկսեն բոլորի դեմ «խումբ» ստեղծել, հետեւանքն ի՞նչ կլինի:



1920թ. մայիսին Բաքվում որջավորված հայ բոլշեւիկները սադրեցին մայիսյան ապստամբությունը: Հասարակությունը տրոհվեց՝ ինչպես ճշմարտացիորեն պատմվում է «Սարոյան եղբայրներ»-ում: Բանակը՝ նույնպես: Եւ երբ սեպտեմբերի 26-ին Քյազիմ Կարաբեքիրն ընդամենը ոչ ավելի, քան 20 000 զորքով հարձակվեց, հայկական ուժերը գրեթե առանց դիմադրության հանձնեցին Կարսը…



Ապրիլյան պատերազմի որոտները դեռ չէին լռել, tert.am-ին տված հարցազրույցում երեւույթը գնահատել էի այնպես, որ 18-20 տարեկանների մեր բանակը կանխեց Ալեքսանդրապոլ-2-ը: Իսկ ի՞նչ է անում «ապստամբությունը»: Ալեքսանդրապոլ-2-ը կրկնելու նախադրյալնե՞ր է ստեղծում: Դժվա՞ր է այս լույսի պեզ պարզ ճշմարտությունը տեսնել: Եւ այդուհետեւ՝ բառը զենքի պես զգույշ գործածել…