Պավլիկ Մանուկյանի վիճակը ծանր է, իսկ որդու մոտ դրական փոփոխություն կա (տեսանյութ)

Պավլիկ Մանուկյանի վիճակը ծանր է, իսկ որդու մոտ դրական փոփոխություն կա (տեսանյութ)

«Էրեբունի» հիվանդանոցը այժմ վեր է ածվել հույժ կարեւոր ստրատեգիական օբյեկտի, այն հսկում են տասնյակ զինված եւ դիմակավորված ոստիկաններ։ Հավաքված լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ վերեւ, նրանք սպասում են, որ բժիշկը իջնի եւ տեղեկություններ հաղորդի։



Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը գրոհ է կազմակերպել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» նկատմամբ, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին, ինչպես նաեւ մեկ ոստիկան։ Ոստիկանությունը հաղորդել էր, թե զինյալներից Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են, մինչդեռ ՀԽ-ն հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանց առեւանգել են։ 



Քիչ առաջ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ բան չի փոխվել, հիվանդանոց տեղափոխված երկու զինյալները գտնվում են կայուն ծանր վիճակում, վիրահատություններ են իրականացվել, վերակենդանացման բաժանմունքում է։ Իրավապահ մարմնի աշխատակցի վիճակը ավելի թեթև է, բոլորի բուժօգնությունները շարունակվում են։ Հարցին, թե տեղեկություն կա՝ անջատում են Մանուկյաների արհեստական շնչառության ապարատը, փոխնախարարը ասաց, որ բժիշկների աշխատանքին մի խառնվեք, հիվանդանոցը ձեզ տեղեկություն կտա, տուժածները գտնվում են վերահսկողության տակ։



Այնուհետեւ լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ «Էրեբունի» հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը։ Նա նշեց, որ երկու տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արա Մանուկյանի մոտ կա դրական փոփոխություն, նա շնչում է ինքնուրույն, առանց արհեստական շնչառության ապարատի։ Մոտ մեկ ժամ առաջ անջատել են արհեստական շնչառության ապարատը, բայց միեւնույն է՝ վիճակը ծանր է գնահատվում։ «Կատարվել են վիրահատություններ, ցավազրկումներ, Պավլիկ Մանուկյանի վիճակը նույնպես գնահատվում է ծանր, շարունակում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ շնչել, գիտակցությունը կամաց-կամաց պարզվում է։ Առավոտյան կար կոնտակտ նրա հետ, բայց ելնելով վնասվածքների ծավալից՝ արհեստական շնչառության սարքի օգնությունը կերկարաձգենք, երբ ամեն ինչ լավ լինի, այդ ժամանակ կանջատեն ապարատը»,-ասաց Հարություն Մանգոյանը։ Արդյոք Մանուկյանի կյանքին վտանգ է սպառնում, բժիշկն ասաց, որ Վերակենդանացման բաժանմունքում բոլոր գտնվողների կյանքին վտանգ է սպառնում։ 



Նա տեղեկացրեց, որ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն է, միջին ծանրության, սրունքի շրջանում է ստացել վնասվածք, ենթադրվում է՝ հրազենային վնասվածք։ Պավլիկ Մանուկյանը եւ որդին ազդրի հրազենային վնասվածք են ստացել։



Ինչ վերաբերում է երեկ գիշերը փոխհրաձգության հետեւանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին, Հարություն Մանգոյանն ասաց, որ նրանց վիճակը միջին ծանրության է եղել, այդ պատճառով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»։ 



Հիշեցնենք, որ նախորդ գիշեր էլ փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանն էին վիրավորվել, նրանց վիրահատել էին, անմիջապես մեղադրանք առաջադրել, կալանավորել եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։