Մի ոստիկանը բավականին ծանր վիճակում է. Միքայել Մանուկյան

Մի ոստիկանը բավականին ծանր վիճակում է. Միքայել Մանուկյան

«Մի ոստիկանը բավականին ծանր վիճակում է, վերակենդանացման բաժանմունքում դեռևս, ուներ հրազենային վնասվածք որովայնի հատվածում, երեկ կատարվել է վիրահատություն հաստ աղիքի վրա, առավոտյան անջատել ենք արհեստական շնչառական սարքից և ունենք որոշ դրական տեղաշարժեր».- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա տեղեկացմամբ՝ միայն մեկ ոստիկան հրազենային վնասվածք ունի:



«ՊՊԾ տարածքից այո, երկու հիվանդ են երեկ երեկոյան տեղափոխել, մի հիվանդը՝ Լամբարյանը, վիրահատվել է, ոտքի բեկորային վնասումներ ուներ, վիրահատությունը հարթ է անցել, նույնպես արհեստական շնչառության սարքից անջատվել է, որոշ դրական դինամիկա է նկատվում: Մյուսին տեղափոխել են կալանավորների հիվանդանոց, վիճակը բավարար էր».-ասաց Միքայել Մանուկյանը:



Մելքումյան Արթուրը երեկ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ուներ երկու ազդրի մանր բեկորային վնասվածքներ:



Վերջինս նշեց նաև, որ այս պահին իրենց մոտ է գնվում 9 հիվանդ՝ 2 քաղաքացի, 6 ոստիկան և «Սասնա ծռեր» խմբավորման մեկ անդամ. «Մյուս ոստիկաններն ունեն վնասումներ, բայց դա բեկորային վնասումներ է սրունքներին, արմունկներին, որոնք մշակվել են, սալջարդեր են, հիմա այդ ոստիկանները գտնվում են հիվանդասենյակում: 2 քաղաքացի ունենք տվյալ պահին, մի քաղաքացու մոտ կա ուղեղի ցնցում, առավոտյան տեսել եմ, վիճակը լավ է, չի բացառվում, որ այսօր դուրս գրվի: Մի քաղաքացին ծնոտի կոտրվածք ունի, երեկ վիրահատել ենք, էլի վիճակը բավարար ենք գնահատում, այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ»:



Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գնդում վիճակը լարված է եղել: Խմբավորման երկու անդամներ հրազենային վնասվածքներ են ստացել, որից հետո տեղափոխվել են հիվանդանոց: