«Բարեւ Երեւանը» դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը

«Բարեւ Երեւանը»  դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը

«Բարեւ Երեւանի» տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու եւ սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Համացանցում առկա բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերեւից» էր տրված:



Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը եւ առայժմ պահանջում Երեւան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաեւ՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):



Կոչ ենք անում ավագանու մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս պահանջին»: