Մեր կուսակցությունները մորգի համար են, կան ու չկան․ Արտավազդ Բայաթյան

Մեր կուսակցությունները մորգի համար են, կան ու չկան․ Արտավազդ Բայաթյան

Մի մարդու, որին ամբողջ կյանքում ճանաչել ես, մարդ, ով անկեղծ է, ունի իր մոտեցումները, անկաշառ է և մեծ ցավ է ապրում այն վիճակի համար, որը տիրում է Հայաաստանում։ Ստացվեց այնպես, որ երկու ոստիկան գտնվեցին, ովքեր գրեցին, թե Եղիշեն կոչ էր անում սարիթացիներին։ Բայց դա ծիծաղելի է, քանի որ նա Սարի թաղ չի հասել, մինչեւ այսօր հիվանդանոցում է, դուք պատկերացնում եք այն մարդու վիճակը, ում կողքին ոչինչ չկա, ինչ գործեր կկարեն գլխին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը։ Նրա խոսքերով՝ հասարակությունը, Եղիշեի ընկերները ձայն բարձրացրին, որ չի կարելի նման բան անել, մարդը գտնվում է հիվանդանոցում, ում համար այնտեղ հայտնվելը բավականին մեծ ծախս է, եթե մարդուն կարող են հասցնել այդ վիճակին, ինչո՞ւ չեն կարող հատուցել։



Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 30-ին: Նա առողջական խնդիրներ ուներ, եւ ձերբակալումից հետո նրան տեղափոխել են Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվել էր, որ երաժիշտի մոտ առկա խնդիրը լուրջ է եւ նա ունի ստացիոնար բուժման կարիք։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել, քրեական հետապնդումն էլ` դադարեցրել: Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: Վերջին մի քանի օրերին նրան ազատ արձակելու կոչով են հանդես եկել շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ դերասանուհի Նազենի Հովհաննսիյանը, Ալլա Լեւոնյանը, Նադեժդա Սարգսյանը եւ այլք:



«Անընդհատ բացատրում են, թե ինչքան համալսարաններ ունենք, սովորողներ, բա այսքան անկիրթներ որտեղի՞ց, ասում են՝ մենք քրիստոնյա ազգ ենք, աղոթք ենք անում, բա այսքան սադիստ որտեղից։ Մարդիկ խոսում են միմյանց հետ հայերենով, բայց ոչ ոք որ մեկին չի հասկանում․ բաբելոնյան աշտարակն է։ Պետությունը հերոսներ է ունենում, ժողովուրդը նրանց հերոսացրեց, բայց ասում են հերոսները Եռաբլուրում են։ Եթե տան մեջ անընդհատ ցնցումներ են, այդ տունը քանդվելու է` անկախ նրանից, թե տանիքը, հատակը, պատերը ով է տնօրինում, մեր կուսակցությունները մորգի համար են, կան ու չկան, ոչ միայն կուսակցությունները, այլ նաև մեդիա դաշտը կոռումպացված է։ Մենք ունենք մի պետությւոն, որտեղ կա հարուստ խավ և կա ծայրահեղ աղքատ, ունենք օլիգարխիկ վիճակ և ամեն ինչից զրկված խավ, այդ դեպքում բացի բռնապետությունից ոչինչ չի կարող լինել։ Ոստիկանների գործողությունները, որ մարդկանց բռնում էին, ոնց որ որս լիներ, նրանց ո՞վ է բերել։ Մենք անպաշտպան ենք և գաղութացված ենք»: