«Սասնա ծռեր»-ի տղաները որտե՞ղ են գտնվում և ի՞նչ կարգավիճակով

«Սասնա ծռեր»-ի  տղաները որտե՞ղ են գտնվում և ի՞նչ կարգավիճակով

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Երեւանի ՊՊԾ գունդը:15-օրյա պայքարի ավարտը եղավ հուլիսի 31-ին: Այդ օրերի ընթացքում բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան. էլ ցույցեր, հանրահավաքներ, էլ բռնություններ, դրա հետևանքով տասնյակ վիրավորներ: Այժմ խումբը մասնատված է, գտնվում են տարբեր վայրերում: Զինյալ ապստամբներինն առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):



Որտե՞ղ են խմբի տղաները և ի՞նչ կարգավիճակում



«Սասնա Ծռեր»-ի գործով զբաղվող ստեղծված փաստաբանական խմբից մեզ փոխանցեցին, որ խմբավորման բոլոր անդամները կալանավորված են, 6-ը գտնվում են ՀՀ ԱՆ դատապարտյալների հիվանդանոցում, մնացածը՝ քրեակատարողական հիմնարկներում, բացառությամբ Էդուարդ Գրիգորյանի, ով տարածված լուրերի համաձայն` վիրավոր է եղել, տեղափոխվել է հիվանդանոց, սակայն անհետացել է, նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Իսկ «Սասնա ծռերի» անդամներից Գևորգ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:



Սեդրակ Նազարյանին դեռևս ոչ մի մեղադրանք չի առաջադրվել. Նա շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնում: Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին ևս մեկ մեղադրանք է ավելացվել՝ 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):



«Հաց բերող» անվանը արժանացած Արթուր Սարգսյանի նկատմամբ սկզբից առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ խմբավորման անդամներին, սակայն հետո մեղադրանքը վերաորակվել է: Նա այժմ մեղադրվում է խմբավորմանը օժանդակելու մեջ:



Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին։