Նախագահականից բացատրում են «նախագահ» բառը մեծատառով գրելու «լոգիկան»

Նախագահականից բացատրում են «նախագահ» բառը մեծատառով գրելու «լոգիկան»

Բրիտանացի գիտնականները գլուխները պատովն են տվել, թե կկարողանան մեր գերատեսչությունների նման «տրամաբանական» հետազոտություններ անել ու հանգել այնպիսի դիալեկտիկ եզրակացությունների, որ ուզում է սիլլոգիզմի բոլոր հնարքները կիրառես, ուզում է ինդուկտիվ մեթոդի դիմես, ուզում է՝ դեդուկտիվ, մեկ է՝ տրամաբանությունը չես հասկանա։ Դրան հասնելու համար միայն մի ճանապարհ կա՝ կա՛մ պետք է հանրապետական դառնաս, կա՛մ գոնե պետական պաշտոնյա։



Մի քանի օր առաջ նյութ էինք հրապարակել այն մասին, թե ինչու է ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդագրություններում «նախագահ» բառը մեծատառով գրում։ Ի դեպ, միայն նախագահականը չէ, պետական գրեթե բոլոր գերատեսչություններն էլ նման հատուկ վերաբերմունք են ցուցաբերում՝ նրա պաշտոնը գրելով մեծատառով։ Խոսել էինք Լեզվի պետական տեսչության աշխատակցի հետ, որը հաստատել էր, որ «նախագահ» բառը, համաձայն լեզվական կանոնի, պետք է գրվի փոքրատառով, բայց չէր ասել, թե ինչու չեն հորդորում, գրություն ուղարկում նախագահական, որ ուղղեն սխալը։ Միակ բացատրությունն այն էր, որ նախորդ Սահմանադրության մեջ հանրապետության նախագահին վերաբերող հոդվածում «նախագահ» բառը մեծատառով էր գրված, երեւի դրա համար էլ, սովորույթի ուժով, նախագահականում մեծատառով են գրում։



Բայց, այ, նոր Սահմանադրության մեջ «նախագահն» արդեն դարձել է փոքրատառ։ Երեւի այն տրամաբանությամբ, որ խորհրդարանական կառավարման անցնենք, էլ նախագահին բանի տեղ դնողն ո՞վ է, որ մի հատ էլ պաշտոնը մեծատառով գրեն, այն ժամանակ պետության գլուխը, ըստ էության, վարչապետն է լինելու։ Եվ, որպեսզի վերջնական հստակություն մտնի այս հարցում, մենք գրավոր հարցեր ուղարկեցինք Լեզվի տեսչություն եւ ՀՀ նախագահի աշխատակազմ։



Երկու օր անց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի անունով, բայց պետի տեղակալի ստորագրությամբ, նամակ ստացանք։ Նամակում նշված էր, թե իբր «Նախագահ» (նախագահը՝ մեծատառով) բառի ուղղագրության վերաբերյալ մեր հարցադրմանն իրենք սպառիչ պատասխանել են։ Հիմա «հարկ են համարել պարզաբանել, որ տեսչությունը սխալներ սրբագրող մարմին չէ»։ Սա մեր այն հարցի պատասխանն էր, թե Լեզվի տեսչությունն ի զորո՞ւ է, արդյոք, սրբագրել նախագահականի սխալները։ Մեր մյուս հարցերը նրանց համար «լեզվական հարցեր ակնհայտորեն չէին շոշափում»։ Թեեւ մենք ընդամենը հարցրել էինք, թե սխալը հայտնաբերելուց հետո (մեր միջոցով, ի դեպ) պատրաստվո՞ւմ են, արդյոք, հորդորակ ուղարկել նախագահական՝ ուղղելու թույլ տրված սխալը։



Եվ կարո՞ղ է Սերժ Սարգսյանի անձը կամ պաշտոնը կաշկանդել նրանց այդ հարցում։ Եվ, որպեսզի չստացվի, թե ՀՀ նախագահի դեմ են գնում, որոշել էին իրենց հերթին մեզ քննադատել, գրելով, որ նամակում սխալ ենք թույլ տվել՝ իրենց տեսչության անունը գրվում է ոչ թե Լեզվի տեսչություն (մեծատառով), այլ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն։



Կրկին զանգահարեցինք Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչություն։ Պետի տեղակալ Մարինե Հովյանը մեր թերթի քաղաքականությունը սկանդալային անվանեց։ Իսկ զանգահարել էինք՝ ստանալու այն հարցի պատասխանը, որը գրավոր պատասխանում շրջանցվել էր՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, այս հարցով հորդորակ ուղարկել նախագահական։ «Ոչ, չենք պատրաստվում։ Դա մեր գործառույթների մեջ չի մտնում»,-կտրուկ պատասխանեց տիկին Հովյանը։ Իսկ որո՞նք են իրենց գործառույթները։ «Մեր գործառույթները ես Ձեզ չեմ պատասխանելու հիմա հեռախոսով եւ չեմ ակնկալում, որ մեր խոսակցությունը պետք է տպագրվի ձեր թերթում»,-ասաց նա, հետո սկսեց ձայնը շատ «բարեկիրթ» բարձրացնել ու դասեր տալ, գնահատականներ հնչեցնել. «Ես Ձեզ բացատրում եմ, Դուք չեք հասկանում, եւ ես արդեն հասկացա, որ որդեգրել եք սկանդալային թերթի քաղաքականություն»։



-Սկանդալային թերթի քաղաքականությունը ո՞րն է, կարո՞ղ եք ասել։



-Ոչ, չեմ կարող ասել։



-Քանի որ չեք կարող ասել, ես Ձեր ասածն ընդունում եմ որպես մերկապարանոց հայտարարություն։ Իմ հարցն այլ է...



-Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում։



Ասաց ու անջատեց հեռախոսը։ Անշուշտ, նորմալ է, որ լեզվի տեսչության նման անօգուտ եւ մարդկությանը ոչինչ չտվող կառույցում քաղաքակրթությունից ու բարեկրթությունից հեռու, սեփական գործառույթներից անտեղյակ, ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում։ Հակառակ պարագայում մեզանում «Լեզվի մասին» օրենքն ամեն օր չէր ոտնահարվի, փողոցներում համատարած օտարալեզու ու անգրագետ ցուցանակներ չէին լինի, եթերը փողոցի ժարգոնով համեմված չէր լինի, «նախագահ» բառն էլ փոքրատառով կգրեին։



Հաջորդ օրն ստացանք նաեւ նախագահի աշխատակազմի պատասխանը․
«Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ և պաշտոնական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետության Նախագահ» բառակապակցության «Նախագահ» բառի մեծատառով գրության ձևի համար հիմք է ծառայել 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության և ներկայումս դեռևս մասամբ գործող 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության մեջ առկա մեծատառով ձևը: Ինչպես տեղյակ եք, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության առանձին դրույթներ ուժի մեջ են մտնում տարբեր ժամկետներում: Ըստ այդմ, Սահմանադրության 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության Նախագահի կարգավիճակին և գործառույթներին, ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթները: ՀՀ Նախագահի աշխատակազմը պաշտոնական հաղորդագրությունները պատրաստելիս հիմք է ընդունում մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը»:



Մեզ մի պահ թվաց՝ Օտյանի վեպն ենք ընթերցում։ Այսինքն, Հայաստանում քերականության, ուղղագրության սկզբունքները ոչ թե լեզվական կանոններով են որոշվում, այլ Սահմանադրությամբ, որտեղ ժամանակին անգրագետ մեկը մի բան է գրել, սրբագրիչն էլ չի նկատել, մյուսներն էլ վախեցել են նկատել, քանի որ մտածել են, թե դա նախագահի դերի, պաշտոնի նսեմացում կարող է դիտվել։ Իսկ նախագահը մեզանում սրբություն է, որին միայն մեծատառով, հոտնկայս եւ ձեռքը սրտին դրած կարելի է դիմել։
Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում նոր Սահմանադրության՝ նախագահին վերաբերող դրույթները դեռ ուժի մեջ չեն մտել։ Այսինքն, եթե ուժի մեջ մտնի, սկսելու եք փոքրատա՞ռ գրել։ Հետաքրքիր է՝ բանասեր Սերժ Սարգսյա՞նն ինչպես է ընդունում այս պարզունակ քծնանքը եւ այն, որ իր պաշտոնն ուղղագրական սխալով են գրում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ