«Ժողովուրդ». Ակամա զբոսաշրջիկ՝ սեփական երկրում

«Ժողովուրդ». Ակամա զբոսաշրջիկ՝ սեփական երկրում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանն այլեւս այնպիսի երկիր է, որտեղ սեփական քաղաքացին իր երկրում դիտարկվում է որպես զբոսաշրջիկ: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է, քան մեր երկիր եկած օտարերկրացիներինը: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Սա այն դեպքում, երբ, կրկին ըստ պաշտոնական տվյալների, նույն այդ վեց ամիսներին Հայաստան եկած օտարեկրացիների թիվը կազմել է 499 հազար 980 մարդ: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասը եւս պաշտոնական վիճակագրության տեսանկյունից Հայաստանում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում: Մեթոդաբանության տեսանկյունից այս երեւույթն, իհարկե, ունի իր բացատրությունը, սակայն առավել կարեւոր է այն փաստը, որ բուն պատճառն անընդհատ շարունակվող արտագաղթն է, քանի որ ՀՀ քաղաքացու համար Հայաստանն այլեւս մշտական բնակության երկիր չէ»: