Միգուցե հատուկ տրամադրվածություն կա Անդրիասի նկատմամբ

Միգուցե հատուկ տրամադրվածություն կա Անդրիասի նկատմամբ

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` Անդրիաս Ղուկասյանի կինը, պատմում է, որ 33 օր է, ինչ ամուսինը հացադուլի մեջ է, երեկ բժիշկներ են այցելել նրան, ընդհանուր փոփոխություններ կան, սրտի աշխատանքի հետ են կապված այդ փոփոխությունները, ընդհանուր թուլություն, նաև գլխապտույտ ունի, ճնշումն է իջած, բայց, ինչպես կինը հավաստիացրեց, ներքին տրամադրությամբ և ոգով ուժեղ է:



-Ի՞նչ է ասում ինքը, ե՞րբ է պատրաստվում դադարեցնել հացադուլը:



Երկու օր առաջ դեռ ոչինչ չէր պատասխանել:



-Դուք ինչ-որ խոսք կամ կոչ հասցրե՞լ եք նրան փաստաբանների միջոցով:



Ոչ, ես իրավունք չունեմ որևէ ձև ազդեցություն ունենալ, որովհետև դա իր քաղաքական դիրքորոշումն է, որի մասին ինքը դեռ օգոստոսի 1-ին հայտարարեց, դա իր ձևն է պայքարի, և ես միշտ իրեն սատարում եմ իրեն իր պայքարի մեջ:



-Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր տրամադրությունները ինչպիսի՞նն է:



Ինձ թվում է՝ լավ, որովհետև ինքը մեծ հույսեր է կապում: Ես ինչքան գիտեմ երեկվա հայտարարությունից, որ բավականին մեծ հույսեր է կապում, ժողովուրդը ավելի ակտիվացել է, և ենթադրում է, որ կկարողանա հաղթահարել քաղաքական դժվարությունները:



-Երեկվա տարածած հաղորդագրության մեջ բոլորին կոչ էր անում այսօրվա նախատեսված հավաքին ներկա լինել: Դուք այնտե՞ղ եք լինելու, և ի՞նչ եք կարծում` հանրահավաքների միջոցով խնդիրներ լուծվելու են:



Իհարկե, անպայման ներկա եմ լինելու… Իր կոչի մեջ Անդրիասը բավականին հստակ ձևակերպել է իր մոտեցումը և գտնում է, որ հավաքները մի կողմից, քաղաքական ուժերը` մյուս կողմից, պետք է բոլորը միախմբվեն, որպեսզի հաղթահարեն եղած իրավիճակը և սկսեն նախագահական ընտրությունների գործընթացը:



-Պարոն Ղուկասյանը ինչ-որ խոսք կամ կոչ արե՞լ է, որը չի հրապարակվել:



Ոչ, այդպիսի կոչ չի եղել: Նա 3 հիմնական պայման է դրել, որ անհապաղ պետք է նախագահական ընտրություններ լինեն, երկրորդը, որ անհրաժեշտ է ձևավորել վստահության կառավարություն, երրորդը և ամենակարևորը՝ առաջարկել է Շառլ Ազնավուրի միջնորդությունը, որ ինքն այդ ընթացքում գլխավորի ժամանակավոր կառավարությունը, որը կարծում եմ՝ շատ հետաքրքիր և կարևոր առաջարկ է, որովհետև մարդ, որը շատ մեծ հեղինակություն ունի մի կողմից, մյուս կողմից էլ որևէ քաղաքական գործունեության մեջ ներգրավված չէ, այլ միայն իր բարի կամքով և հայ ժողովրդին սատարելով՝ իր նկատմամբ վստահությունը թե Հայաստանում, թե դրսում շատ մեծ է: Նա կարող է լինել այդ մարդը, պետք է լինի մի մարդ, ով ընդունելի լինի բոլորին, նույնիսկ իր հակառակորդներին, դա շատ հետաքրքիր մոտեցում է:



-Օրեր առաջ լուրեր տարածվեց, որ Անդրիաս Ղուկասյանին հաջորդ օրը ազատ են արձակելու. այդ ի՞նչ լուր էր, Ձեզ նման շշուկներ հասե՞լ էին:



Երևի սխալ է եղել, ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից:



-Տիկին Թարխանյան, նույն կարգավիճակում էին Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, բայց նրանց գրավի դիմաց ազատ արձակեցին: Մարդկանց մեծ մասն էլ Անդրիաս Ղուկասյանին ազատ չարձակելու դատարանի որոշումը կապեց հենց դատարանի դահլիճում արած նրա հայտարարությանը, որ շարունակելու է ընդդիմադիր գործունեությունը: Դուք դա ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք անազատության մեջ պահելը պայմանավորված էր իր պատասխանո՞վ, թե՞ այլ գործոն կա:



Դժվարանում եմ հիմա ասել, միգուցե հատուկ տրամադրվածություն կա Անդրիասի նկատմամբ, միգուցե դատավորը ավելի խիստ էր դատում, բայց ես գիտեմ, որ թե Արմենը և թե Դավիթը նույն սկզբունքներով են մտել դատարան, որ շարունակելու են իրենց քաղաքական գործունեությունը և ապացուցել են հենց դատարանից դուրս գալով, այնպես որ դա չէր կարող դառնալ հիմնավոր ինչ-որ հարց, որ իրեն չեն ազատել: Ինձ թվում է՝ պարզապես դա կամ հատուկ վերաբերմունք է կամ էլ դատավորի միգուցե որոշումն էր:



-Եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, կոչ, հորդոր, որը կցանկանայիք հրապարակել, կարող եք ասել:



Կխնդրեի, որ սեպտեմբերի 8-ին, երբ տեղի կունենա դատը Արաբկիրի առաջին ատյանի դատարանում, մարդիկ գան և սատարեն Անդրիասին, որովհետև յուրաքանչյուրի ներկայությունը դատարանի դիմաց շատ մեծ օգնություն է Անդրիասին:



ՀԳ. Հարցազրույցը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը: