Կինոռեժիսորին թույլ չտվեցին ելույթ ունենալ, երթի մասնակիցներից մեկի համար էլ շտապօգնություն կանչեցին (ֆոտոշարք)

Կինոռեժիսորին թույլ չտվեցին ելույթ ունենալ, երթի մասնակիցներից մեկի համար էլ շտապօգնություն կանչեցին (ֆոտոշարք)

«Մենք Սասնա ծուռ ենք», «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Սասնա ծռեր» և այլ վանկարկումներով այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց երթ՝ ի սատարում և աջակցություն «Սասնա ծռեր» խմբի տղաներին։ Երթին մասնակցում էր մոտ 1000 մարդ։ «Սասնա ծուռ եմ ես» գրությամբ վերնաշապիկներ կային մասնակիցներից մեծ մասի հագին, իսկ նմանատիպ դրոշ՝ գրեթե յուրաքանչյուրի ձեռքին։ Երթն էլ առաջնորդում էր «Սասնա ծռեր» մակագրությամբ 3 մետրից ավելի երկարությամբ պաստառը։



Մինչ երթի մեկնարկը



Մինչ կմեկնարկեր երթը, կայացավ հանրահավաքը, հարթակից ելույթ ունեցան «Նոր Հայաստան» խորհրդի անդամներից մեկը, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, դերասան Թամարա Հովհաննիսյանը։ Դավիթ Սանասարյանը բոլորին շնորհավորեց Արցախի անկախության կապակցությամբ։ Նա նշեց, որ Արցախը Հայաստանն է։ Թամարա Հովհաննիսյանը իր ելույթում հավաքվածներին հայտնեց Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դադարեցման մասին, այնուհետև ընթերցեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կոչը երիտասարդներին։ Մինչ կմեկնարկեր երթը, բարձրախոսով սկսեց ելույթ ունենալ կինոռեժիսոր Գայանե Գասպարյանը, նա պահանջում էր, որպեսզի իրեն «միկրոֆոնի» մոտ թողնեն։ Սակայն հավաքվածները «Սասնա ծռեր» վանկարկումներով խլացրին նրա ձայնը, կինոոռեժիսորը ստիպված զիջեց։



Երթ Երևանի գլխավոր փողոցներով



Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից՝ անցնելով Երևանի մի շարք գլխավոր փողոցներով։ Երթի ընթացքում մասնակիցների  մարտական ոգին չէր ընկրկում։ Իսկ թմբուկների ձայնը էլ ավելի տեմպ էր հաղորդում այդ ամենին։ Դիմացից ուղեկցում էր մեքենա, որի միջից բարձր հնչում էին «Սասնա ծռեր»-ին նվիրված երգեր։
Երթն իր բնական հունով էր ընթանում մինչ այն պահը, երբ Նալբանդյան փողոցում մասնակիցներից մի աղջիկ իրեն վատ զգաց։ Այդտեղ կանգ առան մարդիկ, մինչեւ շտապ օգնության հասնելը։ Անցնելով Հանրապետության հրապարակով, Մաշտոցի պողոտայով` ցուցարարները հասան այնտեղ, որտեղից մեկնարկել էր երթը։ Այստեղ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ հաջորդ հավաքը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 9-ին։