Տաքսիստները դատի են տվել կառավարությանը, gg եւ yandex տաքսիներին

Տաքսիստները դատի են տվել կառավարությանը, gg եւ yandex տաքսիներին

Երեկ տրանսպորտի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում տաքսիների ոլորտի կանոնակարգման խնդիրների շուրջ։ Քննարկմանը մասնակցել են անհատ տաքսու վարորդներ, տաքսի ծառայությունների տերեր եւ ոլորտի շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Պահանջներից մեկը եղել է անհատ տաքսիստների լիզենզավորման կարգը հանելը, քանզի այդ լիզենզիան ոչ մեկին ոչինչ չի տալիս, ով ուզի, կարող է գնալ, ամսական 12 հազար դրամ մուծել ու համարվել լիցենզավորված. ընդամենը մի թուղթ են տալիս՝ փակցնելու ապակուն, եւ վերջ։ Տրանսպորտի վարչությունն էլ ի վիճակի չէ հազարավոր տաքսիներին ստուգել ու լիցենզիա չունեցողներին տուգանել։ Ուստի նրանք առաջարկում են գնալ ՃՈ-ի քննչական բաժանմունքներում գրանցվել, բայց արդեն ՃՈ-ն պետք է գրանցի այն վարորդներին, որոնք թմրամոլ չեն, քրեական անցյալ չունեն, դատապարտված չեն, առողջական խնդիրներ չունեն եւ այլն։ Դա արդեն ոչ թե լիզենզավորում կլինի, այլ ուղղակի գրանցման կտրոն կտրամադրեն անհատ տաքսիստներին։ Պահանջում են նաեւ, որ ոլորտն ամբողջությամբ վերահսկի ճանապարհային ոստիկանությունը։ Իսկ եթե տաքսի ծառայությունները ցանկանում են լիցենզավորում անցնել՝ խիստ պահանջներով, թող նրանք էլ առանձին լիցենզավորվեն, բայց որոշակի արտոնություններ ունենան երթեւեկության մեջ, օրինակ՝ կանգառներին մոտ կայանում եւ այլն։



Բայց այստեղ անհավասար պայմաններ են գործում ամսական 12 հազար դրամ վճարող անհատ տաքսու վարորդների եւ ամեն վարորդի համար 30 հազար դրամ վճարող տաքսի ծառայությունների համար։ Իսկ ամենաանհավասար պայմաններում on line տաքսի ծառայություններն են գործում, օրինակ՝ gg taxi-ն եւ Yandex-ը։ Քննարկման մասնակիցների հիմնական բողոք-պահանջը նրանց դեմ էր, որ նրանք տաքսի ծառայություն են մատուցում, բայց գումար չեն մուծում։ Ի դեպ, զարմանալիորեն Yandex taxi-ի տիրոջը չեն կարողացել հայտնաբերել, որ հրավիրեն քննարկմանը։ Միայն gg-ի տերն է ներկա եղել քննարկմանը, ով էլ ասել է, թե իրենք ընդամենը առանց տաքսու նշանների տաքսիստներին պատվեր տվող են, այսինքն՝ միջնորդ կազմակերպություն, ով on line պատվերներ է ընդունում։ Բայց նկատենք, որ նրանք կոչվում են gg taxi: Տաքսի ծառայությունների տերերն էլ ասում են՝ էլ ինչո՞ւ են նրանք լիցենզիա ձեռք բերում։ Իրենք էլ կդառնան պատվեր տվող՝ ազատվելով լրացուցիչ հարկերից։ Քննարկմանը մասնակից «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ մեզ ասաց, որ դիմել են դատախազություն՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ gg ու yandex տաքսիների։



ՀՀ տրանսպորտի նախարարությունում կազմակերպված քննարկումը վարել է Լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը։ Նախարարությունն ինչպե՞ս է վերաբերվում այս պահանջներին։ Պարոն Հովհաննիսյանն ասաց. «Տրանսպորտի նախարարությունը գիտակցում է, որ ոլորտում փոփոխություններ են պետք, նաեւ գիտակցում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Համաշխարհային բանկից գումարներ հայթայթելու պատճառով ամբողջ ոլորտը քաոսի է ենթարկել եւ իրականացրել է բիզնես-ցեղասպանություն, ինչի համար նոր վարչապետին շուտով մենք գրություն կգրենք, որ որպես նախորդ կառավարության իրավահաջորդ՝ նոր կառավարությունը պարտավոր է ընդունել այս բիզնես- ցեղասպանությունը տաքսու ոլորտում, ներողություն խնդրել տաքսի սերվիսներից եւ հատուցել, ինչի համար տաքսի սերվիսները դիմել են դատախազություն, հարկային մարմիններ։ Նրանք պահանջել են քննություն սկսել gg եւ yandex տաքսիների գործունեության վերաբերյալ։ Մենք էլ դիմել ենք դատախազություն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ