Եթե մեր կատարած աշխատանքները տեսանելի չեն, չի նշանակում, որ բան չի արվել

Եթե մեր կատարած աշխատանքները տեսանելի չեն, չի նշանակում, որ բան չի արվել

Տաթեւի վերակառուցման նպատակով 2008 թվականից գործողության մեջ է դրվել «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի հիմնական նպատակը Տաթեւի վանական համալիրի վերականգնումն է` վանքի պատմամշակութային եւ հոգեւոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաեւ հարակից համայնքների զարգացումն ապահովելը: Ծրագիրը մտահղացողները «Տաթեւի դարպասներ», «Մեծ Տաթեւ» նախագծերը, Տաթեւի վանքի վերականգնումը, ինչպես նաեւ «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը դիտում են տարածաշրջանի համալիր զարգացման հիմք եւ նպատակ ունեն այն վերածել միջազգային կարգի զբոսաշրջային ուղղության: Այս հայրենանվեր գործը, սակայն, առայժմ ամբողջ ծավալով կյանքի չի կոչվել, բայցեւայնպես, այդ ուղղությամբ որոշ «անտեսանելի» աշխատանքներ կատարվել են: Եվ եթե ամեն անգամ Տաթեւի վանական համալիր այցելելիս եւ նախկինում ստացած տպավորությունները հենց նոր ստացածի հետ համեմատելիս ձեզ թվում է, թե որեւէ բան չի փոխվել, ապա դուք խաբկանքի մեջ եք: Օրինակ՝ ապառաժ հսկա քարը, որն անցյալում ընկած էր վանքերից մեկի մուտքի մոտ ու խանգարում էր այցելուների ելումուտին, նորից իր տեղում է, կամ որ մեկ այլ շինության խոտածածկ տանիքն այս անգամ է՛լ ավելի է կքել մոլախոտերի հաստ դեզի տակ եւ քիչ է մնում փուլ գա ծանրությունից, դա դեռ չի նշանակում, որ Տաթեւի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում:



«Այժմ նախագծանախահաշվարկային աշխատանքներ են ընթանում, որոնք գրեթե ավարտին են մոտենում: Տաթեւի վերակառուցումը ենթադրում է մեծ ծավալի, նաեւ չերեւացող աշխատանք: Մինչեւ վանքի ռեստավրացիոն աշխատանքների շինարարական փուլն սկսելը պետք է նախագծային փուլն ավարտել, որը ներառում է բազմատեսակ աշխատանքներ, ինչը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Եվ եթե մեր կատարած աշխատանքները տեսանելի չեն, դա դեռ չի նշանակում, որ բան չի արվել: Ֆիզիկապես շինարարական աշխատանքներն սկսվել են մի քանի ամիս առաջ: Օրինակ՝ դրենաժային համակարգի ներդրում, որը գետնի տակ է՝ ինժեներական կառույց է, երեւացող չէ: Սակայն շատ լուրջ խնդիր է լուծում, մասնավորապես՝ խորքային ջրերը, որոնք այս ընթացքում հոսում էին վանքի տակ ու խարխլում դրա հիմքերը, հիմա արդեն լուծում են ստացել: Չերեւացող աշխատանքների շարքում են այն հետազոտական աշխատանքները, որոնցում ներգրավված են տարբեր մասնագետներ՝ հնագետներ, պատմաբաններ, երկրաբաններ եւ այլն»,-ասում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի ղեկավար Հայկ Թութունջյանը:



Կատարված՝ տեսանելի աշխատանքների շարքում Թութունջյանը նշում է վանական համալիրի հյուսիսային մուտքի բացումը, մոտ օրերս էլ, ըստ նրա, կսկսվի նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցու ռեստավրացիան:



Իսկ որքա՞ն գումար է հարկավոր «Տաթեւի վերածնունդն» ամբողջ ծավալով իրագործելու համար՝ այն նախագծի շրջանակներում, որը մշակվել է: «Գումարի չափը, որը կհնչեցնեմ, մոտավոր է՝ 6 միլիոն: Այն ժամանակ, երբ ծրագիրը նոր էր մեկնարկել, ու ռեստավրացիայի հետ կապված մոտավոր հաշվարկներ էին արվում (դա եղել է 2010 թվականին), համալիրի բարեկարգումը գնահատվել է հենց այդքան: Սակայն դա, կրկնում եմ, մոտավոր թիվ է, քանի որ երբ ճարտարապետն ավարտում է նախագծային փուլը, ու արդեն պարզ է դառնում, թե ինչ աշխատանքներ պիտի տարվեն, նոր այդ ժամանակ նախահաշիվ է կազմվում, եւ ճշգրտումներ են արվում: Այդ գումարը որոշ օբյեկտների համար կարող է ավելի պակաս լինել, քան նախապես հաշվարկվել է, կարող է նաեւ ավելին լինել»,-ասաց մեր զրուցակիցը: Նշենք նաեւ, որ ծրագիրն իրականացվում է տարբեր երկրներից նվիրատուների ցուցաբերած աջակցության միջոցով, որոնց թիվը շուրջ 150 է: 



Ծրագրի հիմնադիրներն են՝ հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Ծրագիրն ունի նաեւ գործընկերներ, ընկերներ ու մի շարք դոնորներ, որոնցից են մեծահարուստներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Զելիմխան Մուցոեւը, Վիլյամ Ուինթերսը եւ այլք:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ