Ոչ թե ընդդիմացել ենք, այլ սկզբունքայնություն ենք դրսևորել

Ոչ թե ընդդիմացել ենք, այլ սկզբունքայնություն ենք դրսևորել

Աշտարակի ավագանու անդամ, դաշնակցական Կարեն Շահազիզյանն սեպտեմբերի 18-ին կայանալիք ավագանու ընտրություններում նորից առաջադրել է իր թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Աշտարակի ներկայիս ավագանին իր ակտիվ ու աչքի ընկնող գործունեությամբ այս ընթացքում հասցրեց հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Բազմիցս դեմ արտահայտվելով «իշխանական» համարվող նախագծերին ու դրանք տապալելով՝ այս ավագանին հասցրեց «ընդդիմադիր» ավագանու իմիջ ձեռք բերել։ Թեպետ՝ ավագանու անդամները, այդ թվում՝ հիմնական դեմ արտահայտվողներն ու ընդդիմացոները, համաձայն չեն այդ պիտակավորման հետ։ Նրանց խոսքով՝ սա ոչ թե քաղաքական ընդդիմացում է եղել իրենց կողմից, այլ պարզապես դեմ են արտահայտվել այն ամենին, ինչը համարել են, որ չի բխում քաղաքի շահերից։



«Խնդիրն այն է, որ այս չորս տարիներին բավականին կիսատ գործեր են մնացել, որոնք թողել եմ որպես ներկայացուցչական մարմնի անդամ, կարծում եմ՝ այդ աշխատանքը բաց է եղել ժողովրդի նաև մամուլի համար, հանրությունն իրազեկվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։ Ես երբեք կիսատ գործեր չեմ թողնում, կարծում եմ, որ դեռ անելիք ունեմ Աշտարակ քաղաքում՝ քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծման առումով։ Ուստի կարծում եմ, որ պետք է նորից առաջադրվեմ»,-Hraparak.am-ի հետ զրույցում իր առաջադրման վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց պարոն Շահազիզյանը։



-Այդ դեպքում հնարավո՞ր չէր միանգամից համայնքի ղեկավարի թեկնածություն առաջադրեիք, հատկապես որ, կուսակցական եք, քաղաքական աջակցություն կունենայիք։



-Ես ՀՅԴ անդամ եմ, բնականաբար յուրաքանչյուր որոշում քննարկվում է իմ կուսակցության մեջ։ Լինելով ներկայացուցչական մարմնի անդամ՝ բավականին գործ եմ կատարել, սկզբունքայնություն եմ դրսևորել իմ ընկերների հետ միասին այն խնդիրների շուրջ, որոնց ճիշտ լուծումը էական նշանակություն է ունեցել իմ քաղաքի համար։



-Հայտնի է, որ Աշտարակի ավագանին հաճախ ընդդիմացել է և՛ քաղաքապետի որոշումներին և, այսպես ասած, այն իշխանական նախագծերին, որոնք ներկայացվել են ավագանու դատին։



-Ես կուզեի այսօր հետադարձ հայացք չնետել այդ հարցերին, դա ընդամենը յուրաքանչյուրիս մտածելակերպի արդյունքն է եղել, որ քաղաքում այն, ինչ պատկանում է ժողովրդին, որևէ շեղում չլինի դրանից։ Ասել, թե ընդդիմացել ենք մեր համայնքի իշխանավորներին, այդքան էլ այդպես չէ, այլ պարզապես սկզբունքայնություն ենք դրսևորել և մեր դիրքորոշումն ենք հայտնել կոնկրետ հարցերի շուրջ, և կարծում եմ՝ դրանից շահել է մեր քաղաքը։



-Ավագանու գործող կազմից, հատկապես այդ ընդդիմացող դեմքերից քանի՞սն են, որ նորից առաջադրվել են, և եթե նրանցից ոչ բոլորը նորից ընտրվեն, ինչպե՞ս եք կարողանալու պահպանել հին արժեքներն ու զարգացնել ավագանու ինստիտուտը քաղաքում։



-Մեր համախոհ ընկերներից շատերն են դրել իրենց թեկնածությունները, բայց ես չեմ նայում այս հարցին ընդդիմադիրի կամ ոչ ընդդիմադիրի դիրքերից։ Ես կարծում եմ, որ Աշտարակի ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածու պետք է կոնկրետ հարցերում կողմնորոշվի ոչ թե պատեհապաշտ ինչ-որ խնդիրներ, անձնական շահեր ունենալով, այլ պետք է իր ներուժը ծառայեցնի միայն քաղաքին։ Եթե կլինի որևէ խնդիր քաղաքի հետ կապված, կլինեմ ես, թե մեր ընկերներից որևէ մեկը, պետք է բարձրաձայնել այդ մասին, ու ես ասել եմ, որ պետք է հրապարակավ բարձրաձայնել բոլոր այն մարդկանց անունները, որոնք որ ճիշտ գծի վրա չեն քաղաքի զարգացման ու բարգավաճման ճանապարհին։



-Եթե նորընտիր քաղաքապետի կողմից նկատվի այնպիսի մոտեցում, որը միտված կլինի ոչ թե զարգացնելու ավագանու ինստիտուտը, այլ հպատակեցելու ավելի շատ, ինչպե՞ս եք աշխատելու նրա հետ, եթե ընտրվեք։



-Ես կարծում եմ՝ ներկայացուցչկական մարմինը հենց դրա համար է, որ հակակշիռ ստեղծի քաղաքապետին։ Չպիտի լինի հարթ ու հստակ ամեն ինչ, ավագանին կոլեգիալ մարմին է, և քննարկումների արդյունքում պետք է որոշվեն ինչ լուծում տան խնդրին։



-Դուք վերջերս նշանակվեցիք Աշտարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։ Ինչպե՞ս եք համատեղելու այս աշխատանքը ավագանու անդամության հետ։



-Ես համադրելու եմ իմ աշխատանքը հօգուտ մեր ժողովրդի, և կարծում եմ՝ ավագանու անդամը պետք է մոտ կանգնած լինի ժողովրդին։ Իսկ իմ աշխատանքի արդյունքում թե՛ իմ համայնքի բնակիչների, թե՛ հարակից համայնքների բնակիչների խնդիրներին ավելի իրազեկված եմ այսօր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ