Արծվիկ Մինասյանը խոստանում է չստեղծել ավելորդ լարվածություն մեր թերթում

Արծվիկ Մինասյանը խոստանում է չստեղծել ավելորդ լարվածություն մեր թերթում

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը։ Ներկա է նոր վարչապետ Կարեն Կարապետյանն ու հին կառավարության կազմը։ Նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։



Արդյոք կմնա՞ ինքը նախարար, կաշխատի՞ նոր կառավարությունում, թե՞ կգնա, և հնարավո՞ր է՝ դաշնակցության պորտֆելների քանակը պահպանվի, բայց պորտֆելներն ու նախարարները փոխվեն։ Պարոն Մինասյանն ասաց, որ կսպասենք, կտեսնենք, այս պահին որևէ այլ բան չի կարող ասել։ Նա նաև բացառեց, որ ինքը կդառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ինչի վերաբերյալ խոսակցությունններ էին շրջանառվում։



Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարին՝ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել Հովիկ Աբրահամյանի հետ աշխատելու ընթացքում։ Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ նոր վարչապետը ավելի մեծ ազատություն և լիազորություններ ընձեռի իրեն, և ինքը, եթե մնա և աշխատի նոր կառավարությունում, վերջապես հրապարակի մենաշնորհային դիրք ունեցող անձանց և ընկերությունների ցուցակը անուն առ անուն։



Արծվիկ Մինասյանը մեր հարցին պատասխանեց հատուկ վերաբերմունքով, որից դժվար է որոշել՝ հեգնա՞նք էր դա, թե՞ հարգանք։ «Հարգարժան Վահե Մակարյան, ինչ հնարավորություն որ տրվի, հրապարակային դա կլինի, և ձեր թերթում ավելորդ լարվածություն չի ստեղծվի։ Ես Ձեզ հավաստիացնում եմ դրա մասին, կգա ժամանակը, կտեսնենք»։



Նորից կրկնեցինք մեր հարցը՝ մենաշնորհային դիրք ունեցող անձանց կամ ընկերությունների անունները հնարավո՞ր է՝ հրապարակվեն։



«Ամեն ինչ հնարավոր է, բայց ես ուզում եմ հասկանալ, թե ձեզ այդքան մտահոգու՞մ է այն, ինչ բոլորը գիտեն, որ լսեք ի՞մ կողմից։ Ես որևէ խնդիր եմ տեսնում, որովհետև սկզբունքային հարցը ոչ թե անուն հրապարակելն է, անուն, որը բոլորին հայտնի է` սկսած շաքարավազի ներմուծումից, ավարտված այլ ապրանքատեսակների մասով։ Շատ ավելի կարևոր են գործողությունները, որ պետք է ձեռնարկես»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ