Ազատ արձակելը ինձ համար և սպասելի, և անսպասելի որոշում էր. Վահագն Ղումաշյան

Ազատ արձակելը ինձ համար և սպասելի, և անսպասելի որոշում էր. Վահագն Ղումաշյան

«Հիմնադիր խորհրդարանի» օպերատոր և անդամ Վահագն Ղումաշյանին քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ են արձակել:



Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:



Վահագնը Hraparak.am-հետ զրույցում ասաց, որ առողջական վիճակը լավ է, ամեն ինչ նորմալ է. «Ինձ համար ազատումը անկեղծ ասած և սպասելի էր, և ոչ: Ես սպասում էի, որովհետև մտածում էի, որ շատ ակնհայտ կեղծ է մեղադրանքը, բայց մյուս կողմից մտածում էի, որ ռեժիմը փորձելու է իմ նման հասարակ համակիրներին ազատազրկելով ընդհանուր վախի մթնոլորտ ստեղծել: Այս անգամ երևի ռեժիմը չդիմացավ»:



-Ի՞նչ եք կարծում, Ձեզ ձեր քաղաքական հայացքների համա՞ր էին ազատազրկել:



Միանշանակ դա այդպես է, ես այնտեղ չեմ եղել ու ինձ բռնել են և մեղադրանք առաջադրել: 44-45 օր մնացի կալանավայրում:



-Ձեզ ինչպե՞ս էին կալանավայրում վերաբերում:



Դե հիմա մարդիկ էին, մեկը ինչ-որ հանցանք է արել, մեկը չի արել, վրեն շառ են արել: Մարդիկ են, նորմալ վերաբերմունք էր:



-Շարունակելո՞ւ եք Ձեր պայքարը:



Միանշանակ շարունակելու եմ:



Լրագրողների հետ զրույցում Վահագնի փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշել էր, որ դեռ հայտնի չէ, թե ինչ հիմքով են ազատ արձակել նրան: