ԴԱՀԿ պետի պաշտոնում չեն շտապում նշանակում անել

ԴԱՀԿ պետի պաշտոնում չեն շտապում նշանակում անել

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այս տարվա ապրիլի 18-ին: Նրա հրաժարականից հետո՝ ապրիլի 29-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արմեն Հարությունյանը:



ԴԱՀԿ պետ նշանակվելու համար հարկավոր է նախագահի հրամանագիրը, որը սակայն չկա, եւ այդ կառույցը մոտ 5 ամիս է` ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը: ԴԱՀԿ-ի հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ ըստ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ԺՊ-ն կարգավիճակում կարող է պաշտոնավարել առավելագույնը մեկ տարի:



Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հրաժարականի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասված էր. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։



Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել: Գործի ընթացքի և այլ մանրամասների համար երկու օր անընդմեջ փորձում էինք կապ հաստատել ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին պատասխանելու սովորություն չունի: ՀՔԾ-ում առհասարակ հեռախոսազանգերին չեն պատասխանում, ուստի հնարավոր չեղավ ճշտել Միհրան Պողոսյանի դեմ հարուցված գործի ճակատագիրը ոչ նախաքննական մարմնից, ոչ էլ նախկին պաշտոնյայից: Վերջինս եւս հեռախոսազանգերին չպատասխանեց: