Արագածոտնի նախկին մարզպետը պատուհաս է դարձել մարզի համար

Արագածոտնի նախկին մարզպետը պատուհաս է դարձել մարզի համար

Արագածոտնի մարզում լուրջ դժգոհություն կա նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանից։ Նա որտեղ հնարավոր է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր մարդկանց է առաջադրել ու դրա համար ակտիվ պայքար է մղում, որ հենց իր մարդիկ անցնեն։ Դժգոհություններն այնքան շատ են, որ ասում են՝ ուղղակի պատուհաս է դարձել մարզի, այդ թվում՝ մարզային տարբեր պաշտոնյաների ու սեփական կուսակցության անդամների գլխին։ Սեպտեմբերի 18-ին մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Ապարանում, համայնքի ղեկավարի ընտրություններ են։



ՀՀԿ-ն, Ապարանի շրջանային խորհրդի որոշմամբ, առաջադրել է գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի թեկնածությունը։ Բայց ՀՀԿ մարզային խորհուրդը՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ, որոշել է Գոռ Աբրահամյանի փոխարեն սատարել Էդգար Փարվանյանին։ Եվ սա այն դեպքում, երբ Աբրահամյանը ՀՀԿ մարզային խորհրդի նախագահի, այսինքն՝ Ս․ Սահակյանի տեղակալն է, իսկ Փարվանյանն անկուսակցական գործարար է, մարզում գազալցակայան եւ կաթի մշակման արտադրամաս ունի։ Վերջինս Սահակյանի «մարդն է» եւ ինքնառաջադրվել է հենց Սահակյանի ցանկությամբ՝ որպես մրցակից Գոռ Աբրահամյանին։ Այսինքն՝ ՀՀԿ-ական նախկին մարզպետն այնքան ինքնավար ու արտոնյալ է մարզում եւ կուսակցության ներսում, որ կարողանում է իրեն թույլ տալ սեփական կուսակցության առաջադրած թեկնածուի դեմ մարդ առաջադրել եւ պառակտել ՀՀԿ-ի թիմը։ Ի դեպ, ի սկզբանե ընտրություններին մտադիր էին մասնակցել չորս թեկնածու, սակայն երկուսից մեկն ինքնաբացարկ հայտնեց, մյուսի գրանցումն էլ ԿԸՀ-ն մերժեց։ 



Ասում են՝ նախկին մարզպետը, որը չի համակերպվում մարզը կորցնելու փաաստի հետ, մտադիր է ռեյտինգային ցուցակով 2017-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Եվ նրա այս ակտիվությունը՝ իր մարդկանց տարբեր համայնքներում թեկնածուներ ներդնելով ու նրանց համար «վիզ դնելով», երկու խնդիր է ուզում լուծել։ Նախ դրանով ցույց է տալիս հարազատ կուսակցությանը, որ ինքը պայքարում է հանուն կուսակցության, որ մարզը համալրի սեփական ձայն բերողներով, եւ դրանով իսկ փորձելով բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը մարզում։



Մյուսը, որն ավելի իրատեսական է․ սեփական մանդատը հաջորդ ընտրություններում ապահովելն է, որ իր մարդկանց միջոցով կարողանա տարբեր համայնքներում իր համար ձայներ հավաքել։ Մինչդեռ, ասում են, Սարգիս Սահակյանն իր գործունեությամբ արդեն այնքան է վարկաբեկել հարազատ ՀՀԿ-ն, որ լուրջ դժգոհություն է առաջացել արդեն կուսակցության ներսում։ Թեպետ՝ փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ին հենց նմանատիպ կուսակցականներ են հարկավոր, որ, թեկուզ անազնիվ, անօրինական մեթոդներով, ապահովեն կուսակցության ձայները տվյալ տարածքում։ Նկատենք, որ Սահակյանը լարված հարաբերություններ ունի մարզի շատ ՀՀԿ-ականների, նախկին ու ներկա տարբեր պաշտոնյաների հետ։ Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանն ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ Սարգիս Սահակյանի եւ ուզում է դիմել կուսղեկավարությանը՝ Սահակյանին մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նպատակով։



Աբրահամյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը․ «Դա սխալ ինֆորմացիա է, նման բան գոյություն չունի, ես իմ կուսակցությանը հավատարիմ, նվիրված անդամ եմ, էդպես էլ մնում եմ։ Եթե իմ կուսակցությունը որոշի նման բան անել, դա կքննարկենք, ես նման նախաձեռնությամբ ոչ հանդես եմ եկել, ոչ էլ մտադրություն եմ ունեցել։ Էդ կլյավուզաները ովքեր անում են, իրենց ասեք, որ հերիք է, բավական է, թողեք մենք մեր ընտրապայքարով զբաղվենք, ազնիվ, նորմալ, արդար ընտրություն անցկացնենք։ Բավական է իմ դեմ ինչ-որ բաներ տարածեն։ Արդեն հանձնարարականներ են տալիս ոստիկանությանը, տարբեր կազմակերպությունների վերեւներից, դրանք լրիվ ուղղված են իմ դեմ»։



Մեր դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ լարված են իր եւ նախկին մարզպետի հարաբերությունները, դրա համար էլ վերջինս սեփական մարդուն է առաջադրել իր դեմ, Աբրահամյանն ասաց, որ չի ուզում այդ թեմայով խոսել։ Հետո ավելացրեց․ «Երբ որ ինքն էլ մարզպետ չէր, մենք բաժանվել ենք շատ նորմալ հարաբերություններով, թե հետո ինքն ինչպես է մեկնաբանում, դա ինձ չի հետաքրքրում»։ Հետո ավելի բացեց չակերտները։ Երբ նկատեցինք, որ Էդգար Փարվանյանը հենց Սահակյանի ցանկությամբ է ինքնառաջադրվել, որ հատուկ պայքարի իր դեմ, պարոն Աբրահամյանն ասաց․ «Եթե ասում են, ուրեմն ճիշտ են ասում»։ Իսկ կուսակցության ղեկավարությունը տեղյա՞կ է, որ նույն վայրում ՀՀԿ շրջանային խորհուրդը կուսակցության անունից մի թեկնածու է առաջադրում, իսկ մարզային խորհուրդը մեկ ուրիշին է սատարում՝ երկպառակություն ստեղծելով թիմում։
«Դե․․․ թողեք ընտրություններն անցնեն, էլի, ի՞նչ երկպառակություն, ժողովուրդն է, չէ՞, վերջիվերջո որոշում, եղբայր ջան։ Ապարանցիները մաքուր, զուլալ, արդարամիտ, արժանապատիվ մարդիկ են, իրենք էլ թող որոշեն։ Ոչ ոք չի կարող խանգարել, ովքեր կփորձեն, լրիվ կտապալվեն, ապարանցու դեմ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,-ասաց Ապարանի գործող քաղաքապետը։



Խոսեցինք նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀԿ-ն, ում է սատարում այս քաղաքում։ Բաղդասարյանն ասաց. «Ապարանում միասնական որոշում չկա, էնտեղ հանրապետականներն են իրար դեմ։ Երկու թեկնածու կա, երկուսն էլ ՀՀԿ-ական են։ ՀՀԿ մարզային խորհուրդը սատարում է Էդգար Փարվանյանին, իրենց շրջանային խորհուրդն էլ պաշտպանում է գործող քաղաքապետին։ ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետին, բայց երկուսն էլ ՀՀԿ-ական են»։
Մեր դիտարկմանը, թե նորմա՞լ է, որ ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարը այլ թեկնածուի է սատարում, իսկ կուսակցությւոնը այլ մարդու է առաջադրում պարոն Բաղդասարյանն ասաց. «Դա մեր ներքին թիմային խնդիրներն են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ