Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը. մաս երկրորդ

Օսմանյան կայսրության ֆանտոմային ցավերը. մաս երկրորդ

Հուլիսյան ապստամբությունը կամ հեղաշրջման փորձը, նայած ով, ինչպես այն կանվանի, մի յուրահատկություն ուներ` այն չափազանց տարօրինակ էր, քանի որ առաջին անգամ դիպավ ժողովրդին: Բանն այն է, որ պետական ապարատի այն համակարգը, որը ստեղծել է Քեմալ Աթաթյուրքը, բանակը նաեւ այն ռեգուլյատորն է, որը, որպես դետ, զբաղվում է պետության պահպանությամբ եւ պետության աշխարհիկ բնույթի պահպանությամբ հատկապես: Եվ սա դեռ անցյալ դարի ձեւավորած ավանդույթն է, որ գալիս է թուրքական պետության հիմքերից, սակայն այդպիսին լինելով հանդերձ նաեւ հզոր կրթական կառույց է, սոցիալիզացիայի եւ սոցիալական սանդուղքի հզոր համակարգ միլիոնավոր երիտասարդ թուրքերի համար: Թուրքիան ունի ութսուն միլիոն բնակչություն: Տարածքային առումով այն հավասար է Ռուսաստանի հարավային երկու դաշնային շրջանին, որի հանրագումարային բնակչությունը քսանհինգ միլիոն է ընդամենը: Հետեւաբար, կարելի է հասկանալ բնակչության խտությամբ եւ քանակով պայմանավորված մնացած խնդիրները, որոնք Թուրքիայի համար կարելի է համարել ավանդական: Բնական ռեսուրսների համեմատաբար քիչ քանակությունը եւ տնտեսական հեռանկարների հիմնական բացակայությունը, արեւելյան եւ հյուսիսարեւելյան աղքատ շրջանների առկայությունը եւ բնակչության հիմնական մասի կենսամակարդակի ցածր մակարդակը նպաստում են, որպեսզի միլիոնավոր երիտասարդներ իրենց ապագան կապեն բանակի եւ զինվորականության հետ: Ասել, թե երկիրը չի զարգանում, սխալ կլինի: Սակայն, այնուհանդերձ, գերբնակեցվածությունը եւ ավանդական խնդիրները, նաեւ հասարակության մի ստվար մասի թերուս լինելը ավելացնում են երկրում առկա խնդիրները, որքան էլ, որ թերուս ամբոխը հեշտ կառավարելի է: Թեեւ մյուս կողմից հենց բանակը սկսում է քեմալականացնել նոր սերնդին, եւ նրանք սկսում են արդեն տեսնել աշխարհը, մարդկանց, իրենց եւ իրենց երկրի տեղն ու դերը այս աշխարհում արդեն քեմալականացված հայացքով: Բանակն, այսպիսով, այն միջավայրն է, որը ոչ մի այլընտրանք չի տալիս աշխարհայացքի ձեւավորման համար զինվորականության ուղին ընտրած երիտասարդի համար: Այն նաեւ հանդիսանում է վերահսկող, որով իր ամենատես աչքով հետեւում է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքականությունը երկիրը չտանի դեպի մուսուլմանություն` եվրոպական աշխարհիկ ռելսերից շեղելով:



Պատմությունը, գոնե, թուրքական հանրապետության գրեթե հարյուրամյա գոյության ընթացքում եկավ եւ ապացուցեց, որ բանակի այս հզոր դերակատարությունը արդարացված էր: Այն խլացրեց ավանդական խնդիրները բախման բերելու բոլոր հնարավորությունները, երկրի արեւելյան շրջանների վատ վիճակը, իհարկե` քրդական հարցը չհաշված: Հարյուրամյա այս դրությունը, սակայն, կարծես թե, մտավ փակուղի հուլիսյան ապստամբության կամ չհաջողված պետական հեղաշրջման փորձով, եւ թերեւս ականատեսը եղանք հուլիսյան այդ տագնապալի օրերին Աթաթյուրքի համակարգի առաջացրած փակուղուն:



sovsekretno.ru
Անտոն Կրիվենյուկ



Թարգմանությունը` Արման Գրիգորյանի