«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակցուհին առևանգել է իր ամուսնու սիրուհուն

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակցուհին առևանգել է իր ամուսնու սիրուհուն

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցուհի Քիստինե Հովհաննիսյանը խայտառակ քրեական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ ՀՔԾ-ն նրա վերաբերյալ գործ է քննել ու պարզել է, որ Քրիստինեն առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին։ Բանտապահ կինը կասկածել է, որ Քնարիկը թաքուն հանդիպում է իր ամուսնու՝ Նարեկ Օհանյանի հետ և նրանց սիրային կապի արդյունքում ինքը սեռական հիվանդություն է ստացել։ Երիտասարդ կինը որոշել է անձամբ վերականգնել արդարությունը և բուժման գումար պահանջել ամուսնու սիրուհուց։ Բնական կլիներ, եթե նա իր ամուսնուց պահանջեր գումարը։ Բայց, հավանաբար, որոշել է խնայել ամուսնու բյուջեն և գումարը ուզել նրա սիրուհուց։ Ապրիլի 25-ին Քիստինեն ժամանդրել է Քնարիկին, հանդիպել է իր ամուսնու սիրուհու հետ, նրան հրավիրել է իր մեքենան նստել, ապա փակել է դռները և վարել ամայի տարածք:



«Քրիստինե Հովհաննիսյանը մեղադրել է Քնարիկ Աբրահամյանին իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ», - գրված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։



Փաստերն այս քննչական ծառայությունը հիմնավորված է համարել: Հետաքրքիր է, որ սեռավարակների մեջ սակարկություն է գնացել, որի արդյուքնում գումարը իջեցվել է։



«Գումարը սակարկելուց և 30 հազ. ՀՀ դրամ ստանալուց հետո միայն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը Ք. Աբրահամյանին թույլ է տվել իջնել մեքենայից ու հեռանալ»:



Քրիստինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով՝ մարդու առևանգում և շորթում: «Վանաձոր» ՔԿՀ-ից մեզ հայտնեցին, որ Քրիստինե Հովհաննիսյանը ազատված չէ աշխատանքից, սակայն գնտվում է դեկրետային արձակուրդի մեջ։ Գործը գնացել է դատարան։