Տան հարցն ընտանիքներ է քանդում

Տան հարցն ընտանիքներ է քանդում

Գեւորգ Թադեւոսի Առաքելյանը 76 տարեկան է, երկու անգամ ինֆարկտ տարած, երկրորդ կարգի հաշմանդամ: Աչքն էլ նոր են վիրահատել, որովհետեւ դեմքին, քթի ու աչքի արանքում, ի լրումն նրա բոլոր դժբախտությունների, ճարպագունդ էր առաջացել: Մի քիչ էլ ուշ դիմեր վիրաբույժի, աչքը կորցնելու էր: Եվ, ահա, այս ծերունին, թողած իր բոլոր ցավերը, արդեն 4 տարի է՝ դատավորների դռներն է ընկած: Ուզում է նախկին կնոջն ու դստերը տնից հանել դուրս։ Մի շրջան նույնիսկ ջուրն ու լույսն էր անջատել, գազը, ինչպես կինը՝ Մարիամն է պատմում։



Գնա մարդուցդ տուն ուզի



Հարազատ դուստրը` Ալիսան, հորը պարտադրում է, որ նա վաճառի բնակարանն ու իրեն տուն տա: «2008 թվականին նա ամուսնուց բաժանվել է, եկել է իմ տուն, ես նրան լավության կարգով ներս թողեցի, հիմա էլ ինձնից տուն է ուզում, փոխանակ մարդուց ուզի»,- գանգատվում է արեց մարդը: Կինն էլ՝ Մարիամը, ասում է, որ ամուսինն է իրեն խաբել։ 2008-ին, երբ իրենք բոլորով վթարային բնակարանը հանձնել են ու տեղափոխվել նոր բնակարան, ամուսինն իրեն խաբել է եւ միակ սեփականատերն է դարձել այդ համատեղ երեք սենյականոցի։ Նա եւ իր դուստրը՝ Ալիսան, դիմել են դատարան, որ համասեփականատեր դառնան։ 3 տարի դատվելուց հետո մերժվել են բոլոր ատյաններում։ Բայց Ալիսան շարունակել է հրաշքների հավատալ եւ հոր դեմ նոր հայց է կազմել՝ նոր հանգամանքներով: Այս տարի նա որոշել է վիճարկել հոր սեփականության իրավունքը եւ դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի եւ կադաստրի վարչության, որոնք ժամանակին միայն հորն են սեփականության վկայական հատկացրել՝ մյուսներին օդում կախված թողնելով։



Պարետի հանդիպումն իմ աղջկա հետ՝ նկուղում



«Վարչականն էլ օբյեկտիվ կքններ իմ գործը, եթե չլիներ վերաքննիչի պարետ Գագիկ Վարդանյանը»,- վստահեցնում է Գեւորգ հայրիկը: Նա համոզված է, որ իր դժբախտությունների պատճառը հենց այս պերսոնաժն է, եւ եթե նա չլիներ, ապա իր դուստրը` Ալիսան, եւ նրա մայրը՝ Գեւորգի նախկին կինը, որն ապրում է նույն երեքսենյականոցում, կհաշտվեին Հայաստանի դատարանների օբյեկտիվ վճիռների հետ եւ հաշտ ու խաղաղ կշարունակեին ապրել իր տանը: Բայց հայտնվել է վերաքննիչ դատարանի պարետը` Գագիկ Վարդանյանը, որը, նրա խոսքով, մտերմական կապ է հաստատել իր դստեր` Ալիսայի հետ ու խոստացել, որ կօգնի նրան դատական հարցերում: Գագիկ Վարդանյանը, իհարկե, վստահեցնում էր, որ ոչ մի կապ էլ չունի Ալիսայի հետ, որ ինքը 68 տարեկան մարդ է, իսկ Ալիսան «իր աղջկա թայն է», բայց Գեւորգ Առաքելյանին ոչինչ չի համոզի, որ դա այդպես չէ, քանի որ այն պահից սկսած, երբ վերաքննիչի պարետը մտել է վեճի մեջ, դատավորները շուռ են եկել նրա կողմը՝ թեքելով նաեւ արդարադատության նժարը: Գ․ Առաքելյանը սկսել է նամակներ գրել դատարանների նախագահներին` Արման Մկրտումյանին, Վազգեն Ռշտունուն, անգամ Դատական դեպարտամենտի ղեկավարին է դիմել` Կարեն Փոլադյանին: Վերջինս խոստացել է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակից Գագիկ Վարդանյանին կրկին անգամ հիշեցվել է վարքագծի կանոնները խստիվ պահպանելու անհրաժեշտության մասին»: Կազդի այս միջոցը, թե ոչ, Գեւորգ հայրիկը չգիտի, իսկ նրա նախկին կինը՝ Մարիամը, վստահեցնում է, որ իր աղջիկը ոչ մի կապ չունի սույն պարետի հետ, եւ որ Գեւորգը սովորական «կլյաուզնիկ» է: «Նա խաբեությամբ դարձել է սեփականատեր, հետո երեխաների հետ յոլա չգնաց, ապարանցի հին մարդ է՝ խանդոտ, նախանձ։ Վարսավիրանոցի դուռը որ կողմից է բացվում, ես չեմ իմացել, զուգարան գնալուց իրեն դիմում եմ գրել։ Բայց ես 46 տարի իր կողքին եմ եղել, երեխաներ եմ մեծացրել, 4 թոռնիկ, հիմա ուզում է ինձ դուրս շպրտել տնից»,- գանգատվում է Մարիամ Նահապետյանը։



ՀԳ․ Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը քննել է հին, իրավական ուժը կորցրած փաստաթղթեր՝ Օրջոնիկիձեի 81 թվականի շրջգործկոմի որոշումը, 2007 թվականի վարձակալության պայմանագրեր, եւ որոշել է, որ Առաքելյանի ընտանիքի անդամները եւս իրավունք ունեին բնակարանի վարձակալներ ճանաչվելու: Թեեւ նրանք այն ժամանակ չեն էլ պահանջել նման իրավունքներ եւ այդ մասին հիշել են, փաստորեն, 8 տարի հետո։ Դատավոր Արթուր Ավագյանն անվավեր է ճանաչել ընտանիքի հոր սեփականության վկայականը՝ համասեփականատերեր ճանաչելով նաեւ նրա նախկին կնոջն ու երկու դուստրերին: Տարեց մարդը դիմել է վերաքննիչ ատյան: Այսպես, Հայաստանի բնակիչների համատարած չքավորության պայմաններում քայքայվում են ընտանիքները։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ