Խաղողագործության հիմնադրամի ստեղծումը պետբյուջեի հերթական վատնում է

Խաղողագործության հիմնադրամի ստեղծումը պետբյուջեի հերթական վատնում է

2016 թ. հունիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը գյուղնախարարությանը կից մի նոր մարմին ստեղծեց՝ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, շատ լուրջ մի առաքելություն դնելով այս մարմնի վրա՝ նպաստել խաղողագործության զարգացմանը։ Հիմնադրամի կանոնադրական գործառույթները ճոխ են ներկայացված՝ էլ գինու արտադրության որակի բարելավում, էլ երկրի գինեգործության վարկանիշի եւ մրցունակության բարձրացում, էլ հայկական գինու մշակույթի զարգացում, էլ գինու արտահանման խթանում։ Նույնիսկ Հայաստանում գինու սպառման մշակույթի ձեւավորման խթանում են նախատեսել, ինչպես նաեւ «Հայկական գինիներ» ապրանքանիշի ձեւավորում եւ առաջմղում: Կարծես հայկական գինիները որեւէ համարում չունեն, եւ այս «բրենդը» նոր-նոր պետք է ձեւավորվի։



Իրականում հիմնադրամը մեկ գործ պետք է կատարեր՝ անել ամեն ինչ, որ հայկական գինիները լավ վաճառվեն դրսի շուկաներում։ Հանուն այս սուրբ գործի ՀՀ կառավարությունը վերաբաշխում կատարեց 2016 թվականի սուղ բյուջեում եւ որոշեց գյուղնախարարությանն 9 ամսում 103 մլն. 500 հազար դրամ հատկացնել իր պահուստային ֆոնդի հաշվին։ Տնօրեն նշանակվեց Մերի Ղեւոնդյանը, որին կառավարությունից ճոխ աշխատավարձ էին խոստացել՝ ամիսը մոտ 1 մլն. 200 հազար դրամ՝ հայկական գինիները «բրթելու» համար։ Ասում են, թե նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, լսելով այս խոստման մասին, ցնցումների մեջ էր ընկել, ապա ամեն ինչ արել, որ գոնե մասնակիորեն կրճատվի այս թիվը, որովհետեւ նախարարին հասկանալի չի եղել, թե ինչու պետք է ինքն այդ կնոջը, որը դեռ ոչ մի գինի էլ չի վաճառել, ամեն ամիս այդքան փող տա։



Ի վերջո, բանակցությունների արդյունքում Մերի Ղեւոնդյանին նշանակել են ամսական 750 հազար դրամ աշխատավարձ։ Մենք հարցուփորձ արեցինք գյուղնախարարության եւ խաղողագործության ոլորտների մասնագետներին՝ արդյոք իրենց հայտնի՞ է, թե ինչ գործ է անում այս հիմնադրամը։ Ի վերջո, ՀՀ միջին աշխատավարձի չափը հաշվի առնելով, 750 հազարը փոքր թիվ չէ։ Բայց նրանք ոչինչ չգիտեին այս կառույցի մասին։ Խաղողագործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մեր հարցին պատասխանեց. «Որ իմանաք, ինձ էլ կասեք»։ Մենք փորձեցինք զրուցել Մերի Ղեւոնդյանի հետ, սակայն նա անհաղորդ մնաց եւ մեր հարցերին չպատասխանեց։ Խոսեցինք նրա տեղակալ Վահե Ջիլավյանի հետ, որը խոստացավ մեկ օրում պատասխանել հարցերին, եթե դրանք գրավոր ուղարկենք, սակայն 3 օր է՝ պարոն Ջիլավյանից ոչ ձայն է լսվում, ոչ ծպտուն։ Իսկ մեզ մնում է արձանագրել, որ «Խաղողագործության հիմնադրամ» ասվածը բյուջեի գումարների հերթական վատնումն է, հերթական հնարամիտ ձեւը, ինչ-որ անհայտ անձանց ՀՀ հարկատուների գրպանից սնելու փորձ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ