Պուտինի «նվերը»

Պուտինի «նվերը»

Շաբաթասկզբին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է ձեռք բերել բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ: Այդ առթիվ ենթադրել էինք, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը համատեղ ձեռնարկի մասին է, եւ Թուրքիան կարող է լինել Ադրբեջանի գործընկերը:



Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ինչպես տեղեկացնում է Azeri Defence ռազմական ամսագիրը, Բաքվում Adex 2016 ռազմարդյունաբերական ցուցահանդես-վաճառքի շրջանակներում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության «Շարգ» միավորումը եւ ռուսաստանյան մի կազմակերպություն նոր սերնդի հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել: (http://haqqin.az/news/81180)
Խոսքը «օդ-օդ» եւ «օդ-երկիր» հրթիռների մասին է: Ի՞նչ ժամկետներում կստեղծվի համատեղ արտադրությունը, ձեռնարկությունը տեղակայված կլինի Ռուսաստանի, թե Ադրբեջանի տարածքում, այդ մասին ոչինչ չի ասվում: Նույն ցուցահանդես-վաճառքի շրջանակներում Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են նաեւ Բաքվում ռուսական արտադրության ուղղաթիռների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կենտրոն ստեղծելու մասին, որը «կարող է ունենա տարածաշրջանային նշանակություն»:



Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Ռուսաստանը նորագույն ուղղաթիռներ եւ մոդիֆիկացված Տ-72 տանկ է ցուցադրել Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսում, եւ բացառված չէ, որ կողմերը պայմանավորվեն նաեւ Ադրբեջանին դրանք մատակարարելու հարցի շուրջ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ