Դատավորի համար կաշա՞ռք են ուզել

Դատավորի համար կաշա՞ռք են ուզել

Վերջերս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի անունը շոշափվել է մի կեղտոտ պատմության մեջ, որի մասին իրավապահ մարմինները լռել են։ Լոռու մարզից տեղեկացված աղբյուրը մեզ հայտնեց, որ քաղաքացիներից մեկը, որի գործը Վարդուհի Հովնանյանի վարույթում է, հաղորդում է տվել իրավապահ մարմիններին առ այն, որ իրենից կաշառք է պահանջվել՝ վեճն իր օգտին լուծելու համար։ Քաղաքացին նույնիսկ տեսանկարահանել է այդ պահը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը մեզ ընդամենը հայտնեց, որ Լոռու մարզի դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի վերաբերյալ ՀՔԾ-ում գործ չի քննվում՝ այլ հարցերի չպատասխանելով։



Մենք ստիպված էինք դիմել մեր աղբյուրներին, որոնք հաստատեցին լուրը։ Վարդուհի Հովնանյանի «հաճախորդներից» մեկն իրոք դիմել է ՀՔԾ՝ նշելով, որ իր հարեւանն առաջարկել է գումար տալ դատավորին, սակայն ինքը հրաժարվել է։ Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, սակայն մեղադրանքն առաջադրվել է ոչ թե դատավորին, այլ քաղաքացու հարեւանին։ Մեր տեղեկություններով, սա ծավալուն գործ է՝ խաբեության բազմաթիվ դրվագներով։ Լոռու մարզի դատավոր Վարդուհի Հովնանյանը լայն հանրությանը հայտնի է նրանով, որ հօգուտ Լեռնապատի գյուղապետի էր լուծել այս գյուղի բնակիչների եւ գյուղապետի միջեւ բազմաթիվ դատական վեճերը։ Վանո Եղիազարյանը դատավոր Հովնանյանի գործընկերն է։ Նրանք երկուսն էլ դասավանդում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, եւ գյուղացիներն իրենց հերթին դատավորին մեղադրում էին կողմնակալ լինելու մեջ։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ