Տենդենցը տանում է մարզերից ու մարզպետներից հրաժարվելուն

Տենդենցը տանում է մարզերից ու մարզպետներից հրաժարվելուն

Հայտնի է, որ մեր կառավարությունն ընթանում է համայնքների խոշորացման ճանապարհով։ Նախնական ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Տավուշում եւ Լոռիում, փնջային տարբերակով ստեղծվեցին երեք խոշոր համայնքներ։ Հետո խոշորացված համայնքների թիվն ավելացավ։ Սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին ի թիվս այլ համայնքների խոշորացված համայնքներում եւս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանից երեկ հետաքրքրվեցինք՝ այս մոդելն արդարացրե՞ց ընտրություններում, եւ, առհասարակ, գո՞հ են խոշորացումից։



«Ուրեմն՝ դա երեք օր առաջ են տեղի ունեցել ընտրությունները, արդյունքների մասին, որպեսզի Դուք ինֆորմացիա ունենաք եւ ճշգրիտ գնահատական ստանաք, կապվեք տվյալ համայնքների քաղաքապետարան եւ հարցրեք՝ խոշորացման արդյունքով դուք ինչպիսի՞ ծրագրեր եք սկսել իրականացնել։ Իրենք կասեն՝ ավտոբուսների գնում, աղբահանության ծրագիր, ամբողջական լուսավորման ծրագիր եւ այլն»,-ասաց նա։ Իսկ ընտրությունների անցկացման առումով ի՞նչ արդյունքներ են ստացել, ի՞նչ վերլուծություն են արել՝ խոշորացման կոնտեքստում։



«Ես կարծում եմ, որ շատ ավելի լավ ընտրություններ էին, քան առանձին այդ փոքր համայնքներում։ Եվ ես կարծում եմ, որ ապագայում այդ խոշորացվող համայնքները պետք է գնան համամասնական ընտրակարգով ընտրություններին»,-նշեց ՏԿԶ նախարարը։ Հնարավո՞ր է՝ ոչ թե փնջային տարբերակով խոշորացվեն, այլ խոշորացվեն այնքան, որ մարզի գաղափարը դուրս գա մեր իրականությունից, մարզպետները՝ եւս, քանզի նման տեսակետ կա, որ մարզպետարաններն ավելորդ կառույց են, Լոքյանը չբացառեց այս մոտեցումը։



«Շտապում եք, բայց դա կոնցեպտի մեջ մտնում է»,-ասաց նա։ Այսինքն՝ տենդենցը դրա՞ն է տանում։ «Խոշորացումն ավարտելուց հետո»,-եղավ պատասխանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ