«Ժողովուրդ». Սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են

«Ժողովուրդ». Սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են

«Ժողովուրդը» գրրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին պարզվել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչեւ օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, եւ պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար սպառող ՀԷՑ-ի կողմից խաբվում է, քանի որ նրա սպառած էլէներգիայի վարձավճարը ճիշտ չի հաշվարկվում: Ավելին՝ սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են:
Ինչեւէ: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից փորձեց պարզել, թե արդյոք իրենք առարկում են նշված նախագծի դեմ: Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասաց, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստարկները երկու տեսակի են լինում՝ բացատրության կամ առարկությունների տեսքով: Երբ փորձեցինք այս հանգամանքը ճշտել, Նատալիա Սարջանյանը պատասխանեց. «Մինչեւ նիստ չեմ կարող ասել»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: