Վանաձորյան սերիալ կամ՝ առևտուր բոյկոտի երանգավորմամբ

Վանաձորյան սերիալ կամ՝ առևտուր բոյկոտի երանգավորմամբ

Վանաձորի քաղաքապետարանում թատրոնը հասել է աբսուրդի: Ոչ մի կերպ ֆինալը չի գտնվում: Ավագանու առաջին նիստը բոյկոտելով՝ ընդդիմադիրները փորձում են ժողովրդի առջև ռեաբիլիտացվել՝ քաղաքապետի ընտրության ժամանակ նրա քվեն ՀՀԿ թեկնածուին շնորհելու համար:



ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի տեսություն է հնարել, ըստ որի՝ ՀՀԿ-ն, իբր, «одноразовый» էֆեկտի է գնացել՝ ավագանու 4 անհայտ ընդդիմադիր անդամների իրենով անելով, բայց ընդդիմադիր ավագանին կրկին միաբան է և բոյկոտում է նիստերը:



Գյուղ տեղերում Մարուքյանի պատմածները գուցե քաղաքական հեքիաթ նկատվեն, բայց վանաձորցիների համար պարզից էլ պարզ է, որ ընդդիմությունը առևտրի մեջ է քաղաքապետի հետ և փորձում է արժանի հատուցում ստանալ վերջինիս ընտրության դիմաց:



Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ ՀՀԿ-ն և ընդդիմությունն իրար արժեն: Պարտիզանություն է անում ոչ միայն ընդդիմությունը՝ չմերկացնելով իր «դավաճաններին», այլև քաղաքապետը, ով առայժմ համբերատար սպասում է և լռություն պահպանում իր օգտին քվեարկած ընդդիմադիրների մասին: Այս ամենի արդյունքում տուժում է վանաձորցին, ով, փաստորեն ք...ն է ընկել ընտրությունների ժամանակ իշխանամետ ընդդիմադիրներին հավատալու պատճառով:



- Ա էդ գյոլումը տռաննին են ընդդիմադի՞ր... եկան, խաբեցին՝ բա մենք ըսենց, բա մենք ընենց... վերջըմ էլ վազեցին քաղաքապետի քամակը մտան ու խայտառակ էլան,- խոսում են զայրացած վանաձորցիները, որոնցից շատերը հիշում են երանելի ժամանակները, երբ իրենք էին իրենց «կոտրած ձեռով» քաղաքապետ ընտրում:



Էդիկ Անդրեասյան